«ԿԸ՜Ռ». բազմաշերտ վիպակ` երեւանցու, հայի եւ մարդ արարածի հույզերի մասին - Mediamax.am

exclusive
2669 դիտում

«ԿԸ՜Ռ». բազմաշերտ վիպակ` երեւանցու, հայի եւ մարդ արարածի հույզերի մասին


Լուսանկարը` Նարեկ Վան Աշուղաթոյանի արխիվից

Նարեկ Վան Աշուղաթոյանը
Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Նարեկ Վան Աշուղաթոյանի արխիվից

Լուսանկարը` Նարեկ Վան Աշուղաթոյանի արխիվից

Լուսանկարը` Նարեկ Վան Աշուղաթոյանի արխիվից

Անի Եղիազարյանն ու Նարեկ Վան Աշուղաթոյանը
Անի Եղիազարյանն ու Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Նարեկ Վան Աշուղաթոյանի արխիվից


«Հէնց այս շոգ խաչմերուկում էլ ինքնասպան կը լինեմ»։

Ագռավի անսպասելի ցանկությամբ է սկսվում Նարեկ Վան Աշուղաթոյանի առաջին գիրքը՝ «ԿԸ՜Ռ» վիպակը։

Մասնագիտությամբ աստվածաբան ու իրավաբան Նարեկն ասում է, որ 2020 թվականի պատերազմից հետո տագնապները, հարցերը, ներքին երկխոսություններն ակտիվացել էին։ Ինչ-որ պահի սկսեց մտքերը գրառել։ Հետո դրանք դարձան տետրակներ։

«Այդ պահին մտքերս, հույզերս մարդկանց հաղորդելու համար գրականությունն ամենադյուրին ճանապարհն էր։ Ես հատուկ խնդիր չէի դրել, որ պիտի գրեմ, շատ բնական ստացվեց։ Հետո գրքի ապագա խմբագրի՝ Անի Եղիազարյանի հետ կիսվեցի, ինքն ինձ ոգեւորեց՝ շարունակիր գրել, բեր ավարտուն տեսքի, ո՛չ գրական ոճի, ո՛չ լեզվի մասին մի մտածիր, ինչ կա, փորձիր անկեղծ հանձնել»,-պատմում է Նարեկը։

Անի Եղիազարյանն ու Նարեկ Վան Աշուղաթոյանը Անի Եղիազարյանն ու Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Նարեկ Վան Աշուղաթոյանի արխիվից


Վիպակի հերոսը Նոյի տապանից հեռացած ու չվերադարձած ծեր Ագռավն է։ Կյանքից հոգնած՝ նա ապարդյուն մահ է փնտրում, ու ի վերջո որոշում, որ իր անմահությունը Նոյի անեծքն է։

«Երկար տարիներ չէի հասկանում՝ ոնց կարող է անմահութիւնն անէծք համարուել։ Անգամ չարախնդում էի, որ անիծողս հաստատ մի բան շփոթել է։ Սակայն երբ տարիքս առայ, սկսեցի աւելի խորը գիտակցել, որ անմահութիւնն իմաստաւոր է այն դէպքում, երբ նորից մահկանացու դառնալու հնարաւորութիւն ունես»։

«Այս գիրքը ծնվել է Երեւանում, իմ տեքստերը, նոթերը ես այս միջավայրում եմ գրել։ Երբ իմ գրական հերոսներին էի ընտրում, նայում էի շուրջս, ու պատահական աչքս զարնեց ագռավների մի խմբի, որը լավ կռկռում էր, հետո իջավ, փողոցը «փակեց»։ Միանգամից որոշեցի, որ հենց ագռավը պիտի լինի հերոսը։ Փորձեցի հիշել՝ ագռավի շուրջը հայտնի, կարծրացած ինչ պատումներ կան։ Բնականաբար, Նոյի ագռավին չէի կարող շրջանցել»,-պատմում է Նարեկը։

Գրքում Ագռավը, ի վերջո, գտնում է իր առաքելությունը։ Երբ Շենքի պարոնն ագռավներին հավաքում ու պահանջում է միառժամանակ լքել քաղաքը, քանի որ օտարերկրյա շատ կարեւոր հյուրեր են գալու, իսկ «ագռաւները կարող են պատահական կամ դիտաւորեալ ծռտել հիւրերի ուղղութեամբ», այլապես սպառնում է քանդել նրանց բները, ագռավները որոշում են պայքարել՝ ղեկավար ընտրելով Ագռավին։ Սկսվում է լուրջ հակամարտություն, մինչեւ… «Մի օր առաւօտ ծէգին տեղի ունեցաւ ամենաանսպասելին (կամ ինչ-որ տեղ լաւ էլ սպասելին)։ Սկսուեց պատերազմ։ Հարեւան աստղապաշտ բեղաւորները լայնամսաշտաբ յարձակում սկսեցին Մեծ սարի փեշերին ապրող մարդկանց վրայ… Քաղաքը տագնապեց… Մարդկանց լաւագոյն սերուցքն առանց երկար-բարակ մտածելու մեկնեց ռազմաճակատ մարտիրոսուելու»։

Լուսանկարը` Նարեկ Վան Աշուղաթոյանի արխիվից


Պատերազմին միանում են նաեւ ագռավները, որովհետեւ նրանք քաղաքը դարձրել էին իրենց հայրենիք։ «Մեզ համար քաղաքը ո՛չ սկսւում է Շէնքի մարդկանցով, ո՛չ աւարտւում զուրաճանք սպառողներով»։

Օդային տագնապի պահին, թեւ թեւի տալով, ագռավները երկնքում խիտ ցանց են հյուսում։ Փակելով քաղաքի տեսանելիությունը՝ նրանք փրկում են իրենց հայրենիք։

«Իմ հիմնական ասելիքն այն է, որ ամեն մարդ անձնական եւ համայնքային մակարդակում պետք է սահմանի իր անելիքները, գոնե ինքն իր մեջ քննարկի իր առաքելության հարցը։ Այդպես հասարակությունը շատ ավելի ինքնակազմակերպված եւ ուժեղ է լինում ցանկացած հարցում, իշխանությունը, օտար ուժերը, արտաքին հանգամանքները երկրորդանում են։

Մինչ Շէնքում մարդիկ նստած մտածում կամ չէին մտածում՝ ինչ անել, ագռավները փորձում էին ինքնակազմակերպվել, որովհետեւ իրենք իրենց մեջ ձեւակերպել էին այդ առաքելության հարցերը, գոնե իրենց ներսում հռչակել էին, որ էն քաղաքը, որտեղ իրենք տնավորվել են, իրենց հայրենիքն է։ Եվ դա միայն հայրենիք հռչակել չէ, այլ շատ կոնկրետ բան է, որ անհարմարավետություն, զոհողություն է պահանջում։ Դրա արդյունքում էր, որ նրանք փորձում էին ինքնակազմակերպվել»։

Գիրքը վերջին շրջանի հայաստանյան իրականության խտացումն է։ Հերոսները մեր միջավայրում են ապրում ու գործում։ Ու նաեւ այդ պատճառով է, որ ընթերցողը պարբերաբար ծանոթ դեպքերի ու կերպարների է հանդիպում։ Չնայած սրան՝ հեղինակն ասում է, որ չի ցանկանում հերոսները կոնկրետ անձանց հետ ասոցացվեն․ դրանք հավաքական կերպարներ են՝ անկախության շրջանի՝ մեզ բնորոշ գծերով։

Լուսանկարը` Նարեկ Վան Աշուղաթոյանի արխիվից


«Քանի որ հարցերն ինձ մոտ բազմաշերտ էին եւ հուզումները՝տարբեր ակունքներից եկող, նաեւ գրքի մեջ է այդ բազմաշերտությունը երեւում։ Մի քանի մակարդակ կա։ Առաջինը՝ ամենաստորինը, երեւանցու հույզերը, տագնապներն են, որը խնդիր ունի քաղաքում տիրող մթնոլորտի, քաղաքի էսթետիկայի հետ։  Խոսում եմ պատուհանների ներդաշնակությունից մինչեւ արձանների, հուշարձանների նկատմամբ վերաբերմունքից։ Սա մի բան է, որը հասանելի է երեւանցուն. Փարիզում ապրող մարդուն էդ տեքստերը հասկանալի չեն։

Երբ քիչ ավելի լայն եմ նայում շուրջս, կան հայ մարդու հույզեր. սա երկրորդ պայմանական շերտն է։ Եվ երրորդը՝ համամարդկային է՝ մարդ արարածի հույզերն են. մարդ-Աստված հարաբերություններում, եթե այդ հարաբերությունները կան, ո՞վ է ինքը, ի՞նչ ունի անելու, իր աշխարհ գալը ուտել, խմել, հաճույք վայելել, մեռնելո՞վ է պայմանավորված, թե՞ ուրիշ մի բան էլ կա»։
Նարեկ Վան Աշուղաթոյանը Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Նարեկ Վան Աշուղաթոյանի արխիվից


Գրքի նկարազարդումներն ու շապիկի նկարը Նարեկ Վան Աշուղաթոյանինն են, ձեւավորումը՝ Մարիամ Մալխասյանինը։ «ԿԸ՜Ռ»-ը հրատարակել է «թիվ 405» ընկերությունը։ Վիպակը գրված է հայկազյան ուղղագրությամբ։ Հեղինակն ասում է՝ հայկազյան ուղղագրությունից հրաժարվելը բոլշեւիկների ծրագիրն էր՝ անցյալի ժառանգության վրա գիծ քաշելու, խզում մտցնելու։ Չիմացության պատճառով ընթերցողն այսօր խուսափում է հայկազյան ուղղագրությամբ տեքստեր կարդալուց։ Այդ պատճառով Նարեկը գրքում ընթերցելու մի քանի կանոն է ներառել։ Չնայած գիտի՝ լեզվի հանգամանքը կարող է սահմանափակել գրքի ընթերցողների շրջանակը, բայց, ասում է, սկզբունքի հարց է։

Գրելու պրոցեսը Նարեկին դուր է եկել։ Հիմա կարճ պատմվածքների ուղղությամբ է աշխատում։ Սյուժեները շատ տարբեր են, բայց բոլորի հիմքում էլ հեղինակի այսօրվա հույզերն ու միջավայրն է։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Նարեկ Վան Աշուղաթոյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին