5/10/15. Աղմկահարույց սպանությունը, Կարեն Կարապետյանը՝ «փոփոխությունների սիմվոլ» - Mediamax.am

exclusive
7997 դիտում

5/10/15. Աղմկահարույց սպանությունը, Կարեն Կարապետյանը՝ «փոփոխությունների սիմվոլ»


Աբդուլա Գյուլը Երեւանում 2008թ. սեպտեմբերի 6-ին
Աբդուլա Գյուլը Երեւանում 2008թ. սեպտեմբերի 6-ին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հովիկ Աբրահամյանը 2016թ. սեպտեմբերի 8-ին
Հովիկ Աբրահամյանը 2016թ. սեպտեմբերի 8-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը 2017թ. ՀՀԿ նախընտրական հավաքի -ժամանակ
Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը 2017թ. ՀՀԿ նախընտրական հավաքի -ժամանակ

Լուսանկարը` ՀՀԿ

Ռոջեր Ռոբինսոնը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Ռոջեր Ռոբինսոնը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Կարեն Կարապետյանը եւ իր ՌԴ պաշտոնակից Սերգեյ Նարիշկինը
Կարեն Կարապետյանը եւ իր ՌԴ պաշտոնակից Սերգեյ Նարիշկինը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
 
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-12

Հովասափյանի սպանությունը

Սեպտեմբերի 6-ին Երեւանում սպանվել էր Հայաստանի պետական հարկային ծառայության օպերատիվ քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Շահեն Հովասափյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր


Առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում Շահեն Հովասափյանը դուրս էր եկել Երեւանի փոքր կենտրոնում գտնվող իր բնակարանից, նստել իր ծառայողական մեքենան, որից հետո պայթյուն էր հնչել, որի արդյունքում պաշտոնյան տեղում մահացել էր:

«Հայաստանի տնտեսությունը շարունակում է մեզ զարմացնել»
 
Սեպտեմբերի 6-ին Համաշխարհային Բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնն հայտարարել էր, որ «Հայաստանի տնտեսությունը շարունակում է մեզ զարմացնել»:
Ռոջեր Ռոբինսոնը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռոջեր Ռոբինսոնը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Նա նշել էր, որ «նույնիսկ պրոֆեսիոնալ տնտեսագետները հաճելիորեն զարմացած են Հայաստանի տնտեսական ցուցանիշներով»։ Նրա խոսքերով, տարվա սկզբին դժվար էր կանխատեսել, որ հուլիսին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 11.7 տոկոս:  

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ իրավապահ մարմիններից պահանջել էին գտնել եւ պատժել «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի հանդեպ բռնարարքն իրագործողներին ու պատվիրատուներին:

«Սեպտեմբերի 6-ի առավոտյան հարձակման եւ ծեծի է ենթարկվել մեր գործընկերը,  «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Վերջին ամիսներին սպառնալիքներն ու բռնությունները լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ հաճախացել են, սակայն մեղավորներն առ այսօր կամ չեն հայտնաբերվել կամ չեն պատժվել: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մամուլի եւ խոսքի ազատության դեմ ոտնձգությունների համար անպատիժ մնալը ծնում է նոր հանցագործություններ. քաղաքակիրթ երկխոսության անընդունակ մարդիկ ընտրում են լրագրողներին եւ լրատվամիջոցներին ահաբեկելու ճանապարհը»,- ասվում էր հայտարարության մեջ:

Պարգեւներ Գաֆեսճյանին եւ Էռնեկյանին

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագրեր էր ստորագրել սփյուռքի երկու նշանավոր ներկայացուցիչներին` Ջերալդ Գաֆեսճյանին եւ Էդուարդո Էռնեկյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին։

Շքանշանները շնորհվել էին «Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար» եւ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-12

«Ընդհանուր համատեքստում»
 
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել էր, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքայի միջեւ հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկվի որպես առանձին գործընթաց, այն պահանջում է քննարկում տարածաշրջանային հիման վրա»:

«Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթի հետ հարցազրույցում Աբդուլա Գյուլն ասել էր, որ
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը ներկայումս Հարավային Կովկասում բարենպաստ կլիմա ստեղծելու գլխավոր խոչընդոտն է» եւ «Թուրքայի կարծիքն այս հարցի վերաբերյալ համընկնում է Ռուսաստանի Դաշնության տեսակետի հետ»:

«Մենք պատրաստ ենք բազմակողմանի աջակցություն ցուցաբերել խնդրի լուծմանը, որին իր անձնական մասնակցությունն է ցուցաբերում Ռուսաստանի նախագահը, ինչպես նաեւ անել հնարավոր ամենը հակամարտության հետագա կարգավորման համար», - նշել էր Թուրքիայի ղեկավարը:
Աբդուլա Գյուլը Երեւանում 2008թ. սեպտեմբերի 6-ին Աբդուլա Գյուլը Երեւանում 2008թ. սեպտեմբերի 6-ին

Լուսանկարը` REUTERS


Աբդուլա Գյուլն ընդգծել էր, որ այս ուղու վրա ձեռք բերված առաջընթացը, անկասկած, դրական կազդի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա:

«Այսպիսին է Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Մենք անկեղծ հույս ունենք բարեհաջող ավարտել կարգավորման գործընթացը: Կայուն խաղաղության կայացման գործընթացը Հարավային Կովկասում եւ համագործակցության եւ բարեկեցության հաստատումը տարածաշրջանի պետություններում եւ դրանցից դուրս, հարաբերությունների կարգավորումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքայի միջեւ չի կարելի դիտարկել որպես առանձին գործընթաց, այն պահանջում է տարածաշրջանային քննարկում», - հայտարարել էր  Աբդուլա Գյուլը:

Կարեն Կարապետյանի հրաժարականը
 
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել էր Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը («Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Մեդիամաքս):
Կարեն Կարապետյանը եւ իր ՌԴ պաշտոնակից Սերգեյ Նարիշկինը Կարեն Կարապետյանը եւ իր ՌԴ պաշտոնակից Սերգեյ Նարիշկինը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-12

Հովիկ Աբրահամյանի հրաժարականը

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր  իր հրաժարականի մասին:

«Անկեղծ, իրատեսական մոտեցումները իրենց արդյունքներն ունեցան, սակայն հասարակությունը մնաց դեռեւս բեւեռացված: Հասարակության եւ կառավարության միասնական ջանքեր են անհրաժեշտ։ Նոր սկիզբ է պետք, պետք է շանս տալ նոր կառավարությանը»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:

Նա նշել էր նաեւ, որ իր «ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում ինքը պայքարել է քաղաքական անջրպետների դեմ` աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար»:
Հովիկ Աբրահամյանը 2016թ. սեպտեմբերի 8-ին Հովիկ Աբրահամյանը 2016թ. սեպտեմբերի 8-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Մեզ անհրաժեշտ են հասարակության եւ կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Երբեւէ չեմ խոսել եւ չեմ խոսելու իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին առկա իրավիճակի մասին: Դա իմ աշխատաոճը չէ: Սակայն բաց ճակատով խոսելու եմ կառավարության մեր համատեղ աշխատանքով ձեռք բերած արդյունքների մասին»,- ասել էր վարչապետը:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել էր, որ «որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից՝ ինքը շարունակելու է հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու իր առաքելությունը»:

Կարեն Կարապետյանը՝ «փոփոխությունների սիմվոլ»

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր վարչապետի պաշտոնում Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի առաջադրման մասին:
Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը 2017թ. ՀՀԿ նախընտրական հավաքի -ժամանակ Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը 2017թ. ՀՀԿ նախընտրական հավաքի -ժամանակ

Լուսանկարը` ՀՀԿ


«Մենք բոլորս շատ լավ գիտենք Կարեն Կարապետյանի ունակություններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն եւ այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Ես պարոն Կարապետյանի հետ երկար զրուցել եմ։ Ես ստացել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տանելու պատրաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստահություն եւ որ ամենակարեւորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են եւ իրականանալի են», - ասել էր Հայաստանի նախագահը:

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին