exclusive
9022 դիտում

Երեւանի «մարզվող» արձանները


Հարութ Այնտապյանը
Հարութ Այնտապյանը

Դարպասապահ Ալեքսանդր Թամանյան, բռնցքամարտիկ Հայկ Նահապետ, թենիսիստ Սասունցի Դավիթ... Երեւանի արձաններին «խաղացնելու» միտքը պատմաբան-դիզայներ Հարութ Այնտապյանինն է:

Մի անգամ Վարդան Մամիկոնյանի արձանին նայելիս պատկերացրել է, որ զորավարը գնդակ է նետում բասկետբոլի զամբյուղը: Երեւակայությանը դիզայներական լուծում է տվել: Այսպես ծնվել է 10 նկարից կազմված «Երբ խաղում են արձանները» շարքը:

«Մասնագիտությամբ պատմաբան եմ, նաեւ շատ եմ սիրում սպորտ: Որոշեցի իրարից շատ տարբեր երկու ուղղությունները միացնել: Մտածեցիˋ ինչ կլինի, եթե մեր հերոսների արձաններին սպորտային էլեմենտներ ավելացնենք: Սկզբում ընտրում էի արձանը, հետո մտածում, թե որ սպորտաձեւն է հարմար, photoshop-ով միացնում ու ստանում էի արդյունքը»,- պատմում է Հարութը:

Հարութ Այնտապյանը Հարութ Այնտապյանը


Որոշել էր գաղափարը կիսել Ֆեյսբուքի ընկերների հետ, բայց շարքը տարածվեց համացանցում, հայտնվեց նաեւ անծանոթների էջերում: Հարութը չի կարծում, թե նշանավոր հայերին մարզիկ դարձնելու գաղափարը դժգոհությունների առիթ կտա:

«Մտածում էի արձաններին նոր շունչ տալ, սպորտային գույներ ավելացնել, մարդկանց մոտ ժպիտ առաջացնել: Կլինեն մարդիկ, որ կասեն՝ վայ, ինչ են անում մեր արձանները, բայց շատերը հավանել են: Ոգեւորիչ է, որ անծանոթները Ֆեյսբուքում կիսում, տարածում են նկարներս, դրական մեկնաբանություններ են թողնում, հարցնում են, թե ով է հեղինակը»: 

Հարութը պատմաբան է, սակայն մասնագիտությամբ չի աշխատել: Դպրոցական տարիքից տարված էր նկարներ «սարքելով»: Հետո բացահայտեց դիզայների մասնագիտությունն ու ինքնակրթության օգնությամբ այժմ զբաղվում է սիրելի աշխատանքով:


«Երբ խաղում են արձանները» շարքը երիտասարդ գրաֆիկ-դիզայների՝ լայն տարածում ստացած առաջին նախագիծն է: Ասում է՝ դրական արձագանքները ոգեւորել են, ու գուցե մի օր որոշի ավելացնել «խաղացող արձանների» թիվը:

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am