Շարունակելով ճանապարհը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ - Mediamax.am

exclusive
11642 դիտում

Շարունակելով ճանապարհը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ


Հուսիկ Մարտիրոսյանը
Հուսիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարգարիտա Խամոյանը (մեջտեղում)
Մարգարիտա Խամոյանը (մեջտեղում)

Լուսանկարը` անձնական արխիվից

Գարիկ Վանյանը
Գարիկ Վանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Հուսիկ Մարտիրոսյանը
Հուսիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 1-ը Գարիկի համար կարեւոր օր էր, երբ աշակերտ էր, երբ ուսանող էր, նաեւ, երբ ուսուցիչ էր։ Հույս ունի՝ այս սեպտեմբերի 1-ն էլ Արցախի որեւէ դպրոցում կդիմավորի. ուսուցիչներից մեկին կուղեկցի իր նոր աշխատավայր։

 

Գարիկ Վանյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով 2 տարի առաջ է տեղափոխվել Արցախ՝ Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղ։ Բանակից վերադառնալուց հետո կենսաբան-մանկավարժը որոշեց օգտագործել մասնագիտությամբ աշխատելու ու միաժամանակ Արցախին ծանոթանալու հնարավորությունը։

 

2017-ին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը 4 Ուսուցիչ-առաջնորդով մտավ Արցախ։ Հաջորդ տարի արդեն 14 ուսուցիչ գործուղվեց Արցախի գյուղեր։ Գարիկը նրանցից մեկն էր։

 

«Ծրագիրն առաջին հերթին ինձ տվեց մանկավարժական փորձ ու նաեւ՝ միջավայրի փոփոխություն։ Հարմարավետությունը կարեւորող մարդ եմ, Արցախն ինձ օգնեց դուրս գալ հարմարավետության գոտուց, որը տանում է լճացման։ Իսկ դրանից դուրս սկսվում են աճի ու ինքնաճանաչողության փուլերը։ Մենակ ես ապրում, փոխվում է համայնքդ, փոխվում են մարդիկ, ամեն ինչ է փոխվում։ Դա մեծ սթրես է, որը ստիպում է մտածել՝ ուր էիր մինչեւ այդ պահը, ուր ես գնում։ Այդ առումով այս երկու տարիներն ինձ համար մտածելու, որոնելու, ծանրութեթեւ անելու շրջան էր»։

 

Նախորդ ամիս Գարիկն ավարտեց ծրագիրը, բայց Արցախից չի գնալու։ Օգնելու է Արցախ տեղափոխված նոր ուսուցիչներին՝ արդյունավետ անցնելու դասավանդման երկու տարիները։ Վստահ է, որ ամեն մեկը պիտի զբաղվի նրանով, ինչն ամենալավն է անում։ Առաջիկա տարիների ծրագրերը Գարիկն Արցախի ու կրթության ոլորտի հետ է կապում։

Գարիկ Վանյանը Գարիկ Վանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

«Երբ ես էի ծրագրի մասնակից, ինձ հետ աշխատում էր իմ Առաջնորդության զարգացման ղեկավարը, որն օգնում էր զարգացնել մանկավարժի հմտությունները, երեխաների հետ շփման մեթոդները, գնահատել համայնքի կարիքները։ Հիմա արդեն ես եմ աշխատելու ուսուցիչների հետ. կայցելեմ համայնքներ՝ դասալսումների, կօգնեմ, որ դասարանում առավելագույնս դրսեւորեն իրենց, կիրառեն գիտելիքները, տիրապետեն նոր տեխնոլոգիաներին, լինեն ճկուն մասնագետ»։

 

Մինչ Առաջնորդության զարգացման ղեկավարի պարտականություններին անցնելը,  Գարիկը զբաղված է Ամառային ակադեմիայի աշխատանքներով։ Ինտենսիվ վերապատրաստման յոթշաբաթյա ծրագիրն ապագա ուսուցիչների համար է, ովքեր դիմել են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին ու հասել ընտրության վերջին փուլ։ Ակադեմիան այս տարի օնլայն է։ Մասնակիցներն աշակերտների հետ աշխատելու անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքներն արդեն ստացել ու հասել են գործնական փուլին։ Հուլիսի 13-ից սկսել են օնլայն դասերը, որոնց մասնակցում են 24 համայնքի 300 աշակերտ։

«Ես աշխատում են անգլերենի ուսուցիչների հետ։ Օնլայն դասալսումներ եմ անում, հետո մասնակիցների հետ վերլուծում ենք դասը։ Ուսուցիչները տեսաձայնագրություններ են ուղարկում, թե ինչպես են պատրաստվում անցկացնել հաջորդ օրվա դասը, միասին քննարկում ենք։ Տեխնոլոգիական դժվարություններ կան, բայց շատ ուրախանում եմ, որ մեր Ուսուցիչ-առաջնորդները փորձում են համբերատար, քայլ առ քայլ սովորեցնել երեխաներին»,- Ակադեմիայի աշխատանքներն է ներկայացնում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ղեկավար Մարգարիտա Խամոյանը։

Մարգարիտա Խամոյանը (մեջտեղում) Մարգարիտա Խամոյանը (մեջտեղում)

Լուսանկարը` անձնական արխիվից

Մարգարիտան ինքը տարիներ առաջ անցել է այս ճանապարհը։ 2015-ին, երբ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սկսեց հավաքագրել երիտասարդ մասնագետների՝ նրանց Հայաստանի տարբեր համայնքներ գործուղելու նպատակով, Մարգարիտան, որպես անգլերենի ուսուցչուհի, տեղափոխվեց Տավուշի մարզ՝ սահմանամերձ Չորաթան գյուղ։

 

«Դրանք այն տարիներն էին, երբ կրակում էին, ճանապարհները փակ էին, Երեւան գալ չէի կարողանում։ Հետո սկսվեցին ապրիլյան դեպքերը։ Կազմակերպությունից զանգում, հարցնում էին՝ ուզո՞ւմ ես վերադառնալ։ Ասում էի՝ եթե էս մարդիկ էստեղ են, ես իրենց ո՞նց թողնեմ, վերադառնամ։ Շատ հետաքրքիր էր էրեխեքի ներքին բախումներին հետեւելը։ Մի մասն ասում էր՝ գյուղում անելիք չկա, կյանքը Երեւանում է, մյուսները՝ հակառակը՝ սա է մերը, մենք պիտի զարգացնենք։  

 

Համայնքի մի մասնիկն էի դարձել, ինչ միջոցառում լիներ՝ բանակի քեֆ, ծնունդ, ամեն ինչին մասնակցում էի։ Այդ 2 տարին ինքնաբացահայտման շատ կարեւոր փուլ էր. ինքնուրույնություն ես ձեռք բերում, ինքնադրսեւորվում ես, ներուժդ ես բացահայտում, բացահայտում ես Հայաստանը»։

 

Ծրագրի ավարտից հետո Մարգարիտան հին աշխատանքին՝ թարգմանություններին չվերադարձավ։ Մի տարի աշխատեց մասնավոր դպրոցում, հետո որոշեց միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»՝ որպես Առաջնորդության զարգացման ղեկավար։

 

Ծրագրի շրջանավարտներից շատերն են շարունակում իրենց ճանապարհը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ։ 

 

Հուսիկ Մարտիրոսյանին 3 տարի առաջ էինք հանդիպել, երբ դասավանդում էր Լոռու մարզի Յաղդան գյուղում։ Ասում էր՝ ծրագիրն իրեն հնարավորություն տվեց զբաղվել  սիրելի գործով։ Այսօր Հուսիկը թվարկում է իր ձեռքբերումները։

 

«Մասնագիտական ու անձնային մեծ աճ եմ ունեցել ծրագրի ընթացքում։ Այդ ճանապարհն անցնելուց հետո ուրիշ կերպ ու ավելի սիրուն ես սկսում մտածել, երեխաների մեջ ուրիշ բաներ ես փնտրում, դառնում ես իրենց նման մտածող մեկը։ Մենք միասին դժվարություններ ենք հաղթահարել, համատեղ աշխատանք ենք արել, որը շատ է մտերմացնում, ու արդեն այդ ոլորտից, երեխաների հետ աշխատանքից դուրս ինձ չեմ պատկերացնում։ Հիմա ինձ շատ ավելի երեխայակենտրոն, երեխայասեր մարդ եմ համարում»։

Հուսիկ Մարտիրոսյանը Հուսիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ու քանի որ արդեն որոշել էր, որ մնալու է կրթության ոլորտում, մտածեց իրեն փորձել մեկ այլ դերում։ 2019-ից մենթորություն է անում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդներին։

 

«Հիմնականում կրթության ոլորտում մեծ փորձ չունեցող մարդիկ են, պետք է օգնել, որ շատ հարթ ու առավելագույնս արդյունավետ անցնեն այս ճանապարհը։ Ես ինձ նաեւ էստեղ տեսա։ Ուսուցիչների հետ աշխատանքում էլ նոր ասելիք ու շատ բան ունեմ փոխանցելու։ Եթե մի բան ինձ մոտ ստացվում է, ես ուզում եմ անպայման տարածել, բազմապատկել արդյունքը»։

 

Ասում է՝ երկու դիտանկյունից է նայում. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտ ու Առաջնորդության զարգացման ղեկավար համադրությունն ավելի հետաքրքիր ու արդյունավետ է դարձնում աշխատանքը։ 

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին