«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նոր սերունդը պատրաստվում է սեպտեմբերին - Mediamax.am

exclusive
15607 դիտում

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նոր սերունդը պատրաստվում է սեպտեմբերին


Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»


Արցախ իր բազմաթիվ այցելությունները հիշելիս՝ Ռիտան չի մոռանում իրեն հանդիպած երեխաներին։

 

«Ինչքան ներուժ ունեին, սովորելու, ինչ-որ բան բացահայտելու ցանկություն։ Բայց կային համայնքներ, որ դպրոց չունեին, նույնիսկ կային երեխաներ, որ դպրոց չէին գնում, կամ ցավով ասում էին, որ անգլերեն, ռուսերեն չգիտեն, որովհետեւ այդ առարկաները դասավանդող ուսուցիչներ չունեն»,- հիշում է Ռիտա Բաբայանը։ 

 

Որպես ուսուցիչ Արցախ վերադառնալու գաղափարը երկար ժամանակ մտքից դուրս չէր գալիս։ Համավարակի օրերին ազատ ժամանակը շատ էր, սկսեց ուսումնասիրել նոր ծրագրեր ու գտավ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, որն Արցախում աշխատելու հնարավորություն է տալիս։

 

Ռիտան բանասեր է, ռուսերենի մասնագետ։ Երկար ժամանակ նախադպրոցական ուսումնական հաստատություններում է աշխատել։ Այս պահին էլ դասավանդում է։ Հետաքրքիր ու լավ վարձատրվող աշխատանքից հրաժարվելու մտադրությունը մտերիմներին զարմացրել է։ Բայց Ռիտան չի կասկածում՝ սիրտն իրեն ճիշտ ուղղով է տանում։

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի բոլոր փուլերն անցել ու հասել է վերջինին՝ Ամառային ակադեմիային։ Ինտենսիվ վերապատրաստման յոթշաբաթյա ծրագրի ընթացքում ընտրված մասնակիցները տեսական ու գործնական գիտելիքներ, հմտություններ են ստանում, որ սեպտեմբերին պատրաստ մտնեն դպրոց՝ որպես ուսուցիչ ու առաջնորդ։

 

Ամառային ակադեմիան, սովորաբար, Հայաստանի որեւէ մարզում էր անցկացվում։ Այս տարի, ինչպես ընտրական բոլոր փուլերը, այնպես էլ ակադեմիան, առցանց է։ Ծրագիրը մեկնարկել է հունիսի 22-ին եւ կավարտվի օգոստոսի 7-ին։

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

«Դիմել եմ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին՝ ոչինչ չակնկալելով ինձ համար, բայց հիմա հասկանում եմ, որ թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային առումով մեծ ձեռքբերումներ կունենամ ու աճ կապահովեմ հենց ինձ համար։ Շատ նոր բաներ ենք սովորում մեթոդիկայի, դասավանդման ձեւերի հետ կապված, նոր հմտություններ ենք զարգացնում մեր մեջ»,-ասում է Ռիտան։

 

Հույս ունի, որ մինչեւ սեպտեմբեր համաճարակային վիճակը կբարելավվի, կմեկնի Արցախ ու երեխաների հետ ոչ թե առցանց, այլ կենդանի շփումներ կունենա։

 

Բնականոն ընթացքին վերադառնալու հույսը չկորցնելով, բայց նաեւ նոր իրավիճակին պատրաստ լինելու համար՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը փոխել է իր ամբողջ ծրագիրը։

 

«Այս տարի կիրառում ենք փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության մոդելը։ «Դասավանդի՛ր, Հայաստանը» ադապտացրել է Apple-ի Challenge-based learning տեսությունը՝ «challenge»-ը փոխարինելով «change»-ով։ Մեր համայնքներն անսահմանափակ հնարավորություններ ունեն, պարզապես պետք է դրանք ճիշտ օգտագործելու եղանակներ գտնել։ Մենք ցանկանում ենք այդ փոփոխություններին հասնել կրթության միջոցով։

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Մասնակիցներին սովորեցնում ենք դասավանդումը կազմակերպել հեռավար։ Այս ընթացքում նրանք 3 շաբաթ երեխաների հետ աշխատելու են հեռավար՝ ծանոթանալով բոլոր նրբություններին։ Ակադեմիայի վերջին շաբաթը հարմարեցման փուլն է։ Այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որ ստացել են դասերն օնլայն անցկացնելու համար, պետք է վերլուծեն եւ պրոեկտեն օֆլայն աշխատանքի վրա։ Մենք պատրաստվում ենք դասավանդման երկու տարբերակին էլ։

 

Սրա շուրջ է կառուցվելու մեր ամբողջ ծրագիրը։ Սա նորարական մոտեցում է, որը կիրառում ենք առաջին անգամ։ Հեռահար նպատակ ունենք հաջողելու պարագայում այս մոտեցմամբ կիսվել նաեւ մեր գործընկեր դպրոցների հետ»,-ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի տարածաշրջանային տնօրեն Նառա Մագթաղյանը։

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Այս տարի ծրագրին 1 200 հոգի է դիմել։ Մի քանի փուլեր անցնելով՝ Ամառային ակադեմիա է հասել 70 մասնակից՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, Արցախից, Լիբանանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սիրիայից։

 

Նրանցից շատերը մանկավարժական կրթություն չունեն։ Ըստ մասնագիտության՝ ընտրում են առարկան, որը կարող են դասավանդել, իսկ վերապատրաստման միջոցով ծանոթանում են դասավանդման մեթոդներին,  ստանում անհրաժեշտ հմտություններ։ Ծրագրի ամբողջ՝ 2 տարվա ընթացքում, ուսուցիչների հետ աշխատում են առաջնորդության զարգացման ղեկավարները։

 

Սա արդեն երկրորդ տարին է ինչ ծրագրին միացել են նաեւ այս պահին դպրոցում աշխատող ուսուցիչները։ Ընտրվել է 7 ուսուցիչ։ Նրանք շարունակելու են աշխատել իրենց համայնքներում, բայց՝ նոր մեթոդներով։

 

«Քանի որ ամեն տարի ուսուցիչների մի սերնդին ճանապարհում եւ մյուսին ընդունում ենք, մեզ համար կարեւոր է ճիշտ հերթափոխ ունենալ։ Կարիքի գնահատում ենք անում եւ տեսնում, թե որ համայնքում՝ ինչ առարկայի ուսուցիչ է անհրաժեշտ։ Մեծ է բնագիտական առարկաների եւ օտար լեզուների ուսուցիչների պահանջը։ Փորձել ենք ներգրավվել այն բոլոր մասնագետներին, որոնց կարիքը կա՝ օտար լեզուների, պատմության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ֆիզկուլտուրայի, տարրական դասարանների ուսուցիչների։ Ցավոք, չունենք ֆիզիկայի ուսուցիչներ»,-նշում է Նառա Մագթաղյանը։

 

Ակադեմիայի մասնակիցներն աշխատում են փոքր՝ առարկայական խմբերով։ Թեեւ ամբողջ ընթացքում մենթորներն աջակցում են նրանց, բայց ծրագրի պատասխանատուները կարեւորում են մասնակցի՝ նյութն ինքնուրույն ուսումնասիրելու, վերլուծելու կարողությունը։

 

Առաջին շաբաթը պակաս ծանրաբեռնված էր։ Ավելի շատ ազատ ժամանակ էին հատկացրել ծանոթության, շփումների համար։

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

«Մասնակիցները շատ ոգեւորված են, որ ունեն երեխաներին կրթելու եւ համայնքում ազդեցություն ունենալ  հնարավորություն։ Շատերը նշում են, որ մոտիվացված են, առցանց նոր գործիքներ են ուսումնասիրում, որ ավելի խորքային են հասկանում մեր մոտեցումները, իրենց առաքելությունը եւ թիմային աշխատանքում ավելի վստահ են դարձել։

 

Մեր նպատակն է, որ նրանք լինեն ինքնուրույն սովորող, նախաձեռնող, պրպտող, որովհետեւ առցանց կրթությունը պահանջելու է զարգացնել այդ հմտությունները։ Իրենք ինքնուրույն դիտում են մեր տեսագրությունները, կատարում առաջադրանքները, վերլուծում։ Եթե ուզում ես լավ առաջնորդ դառնալ, պետք է ինքնաճանաչողությունդ շատ բարձր լինի, կարողանաս վերլուծել կատարածդ աշխատանքը, տեսնել դրականն ու բարելավման ուղղությունները։ Սա կարեւոր է, որպեսզի իրենց հետագա գործունեության ընթացքում կարողանան շատ ավելի խորքային վերլուծություններ անել»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդության զարգացման ղեկավար Իրինա Մանուկյանը։

 

Երկու շաբաթ անց, երբ ապագա ուսուցիչները կունենան անհրաժեշտ տեսական գիտելիք, կսկսվի գործնական՝ երեխաների հետ աշխատելու փուլը։

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Նախորդ տարիներին ամառային դպրոց էին կազմակերպում այն համայնքի աշակերտների համար, որտեղ անցկացվում էր Ակադեմիան։ Քանի որ այս տարի առցանց է լինելու նաեւ «Աշակերտների առաջնորդության ճամբար»-ը, դրան մասնակցելու է 24 համայնքի 300 աշակերտ։ Դասերին անհրաժեշտ տեխնիկական միջոցները նրանց տրամադրելու է ծրագիրը։

 

Ապրիլից «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նախաձեռնել է «Վերջ թվային մեկուսացմանը» դրամահավաք։ Այս արշավի նպատակն է տեխնիկական միջոցներով ու ինտերնետ կապով ապահովել Հայաստանի եւ Արցախի աշակերտներին, որպեսզի հեռավար ուսուցման պարագայում նրանք դուրս չմնան  կրթական գործընթացից։ Դրամահավաքը շարունակվում է։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին