Ռուզաննա Բրուտյան. Նոստալգիա - Mediamax.am

588 դիտում

Ռուզաննա Բրուտյան. Նոստալգիա


Լուսանկարը`


...Հայե՛ր, հայե՛ր, հայե՛ր, հայե՛ր, հայե՛ր ջան...

 

Աղաչում եմ ինձ էլ տարեք Հայաստա՛ն...

 

Տատս քթի տակ այս երգն էր դնդնդում կար անելիս: Սիրում էր երգը, հայ երգը, հայի մասին պատմող երգը՝ կլիներ  ուրախության թե տխրության, կարևոր չէր: Հայ էր մինչև ուղն ու ծուծը (երևի վանեցի նախնիներից էր ժառանգել կամ էլ օտարության մեջ ապրելիս սուր էր զգացել դրա կարևորությունը, իսկ գուցե, մշեցի պապս էր վրան ազդել):

 

Պապս միշտ ասում էր. «Թուրքի հողում տուն չեն շինի»: Սիրտը մխում էր, որովհետև տուն էր կառուցել օտար ափերում: Նա էլ էր զգացել տասնհինգի դառնությունը. որբ էր մնացել ու պայքարում էր զավակներին հայ պահել, պահանջում էր հայերեն խոսել, ու ինքն էլ  էդպես կարոտը սրտում ավանդեց հոգին: Տատիս պես սիրում էր ժողովրդական երգը: Ռադիոընդունիչի  մոտ նստած գտնում էր «Երևանի ձայն»-ը ռադիոալիքը և լսում անվերջ: 

 

…Ապրես, քույրի՛կ…

 

Անպայման արտասվում էր «Գիքոր»-ը լսելիս,ամեն անգամ աչքերը լցվում էին դառնության արցունքներո. որբ էր, խղճում էր:

 

Տա՛տ, իսկ դու դու՛ քեզ գտա՛ր հայրենիքում. Էստեղ էլ պետք եղար, երբեք բեռ չդարձար թոռներիդ ու ծոռներիդ, դաստիարակեցիր, խնամեցիր ու գուրգուրեցիր: Իսկը տատ…        Ձմռանը  ինչքան էլ տանը տաք լիներ, միևնույն է, ջերմանում էինք քո բարի խրատներից ու երգերից: Իսկ որքան էի սիրում քո զրույցները հին օրերի մասին,«էրգրի» մասին, ու, երբ ազգի «ավագներով» հավաքվում էիք իրար գլուխ, նման զրույցների պակաս չէր լինում: 

 

Տա՛տ, իսկ ոնց էիր պատմում քո մանկությունից, ձեր խաղերից ու սովորություններից, դպրոցից ու վարժապետներից: Ինչպես էիր կարողանում այդքանը մտապահել: Անգիր հիշում էիր գրողներին՝ իրենց ստեղծագործություններով, մինչևիսկ գերմաներենն էր քեզ հասու (ես էլ միշտ մտածում էի ադրբեջանում ծնված տատս գերմաներեն որտեղից գիտի ու զարմանում): Իսկ քո հանրահաշվի ուսուցչի մասին այնքան էիր պատմել, որ երբ կրկին ուզում էիր նրա մասին խոսել, թոռներով ընդհատում էինք խոսքդ, ու մենք շարունակում: Նույնիսկ հիշում եմ, Թումանյանի ստեղծագործությունները անցնելիս, դեռ դասը չհանձնարարած՝ «հինգ»  էի ստացել, որովհետև տանը քեզանից այնքան էի լսել «Հին օրհնություն»-ը, որ գիտեի անգիր:

 

Տա՛տ, ի՛մ լավ, ի՛մ բարի, ի՛մ քնքուշ, որքա՜ն ես տարել իմ քմահաճույքները, որքա՜ն ես զիջել անխոս ու որքան  անգամ ասածներդ չեմ արել, որովհետև ինձ միայն իմ խաղն էր հետաքրքրում, իսկ դու թեկուզ  նեղվում էիր ներքուստ, բայց ոչինչ չէիր ասում: Տա՛տ, որքա՜ն մեծ էր քո սիրտը, որ ամենը տարար, տարար մինչև վերջ, տարար քեզ հետ, անգամ  անցյալը հիշեցնող նկարները:                                                                                                                

 

Միայն հուշեր են մնացել ձեզանից, ինձ համար սուրբ մասունք դարձած հուշեր…ու կարոտ, կարոտ, կարոտ…անվերջ կարոտ…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին