Ալլա Էվինյան. Իմ պապիկը, իմ տատիկը - Mediamax.am

1113 դիտում

Ալլա Էվինյան. Իմ պապիկը, իմ տատիկը


Լուսանկարը`


Մենք բոլորս էլ կարոտում ենք նրանց՝ ովքեր արդեն երկնքում են, և ճակատագիրը անում է իր չար գործը՝ բաժանելով մեզ հարազատ մարդկանցից: Իմ պապիկը այդպես էլ չհասցրեց տեսնել իր թոռներին: Ես շատ պատմություններ եմ լսել նրա մասին, բոլորն էլ ասում են, որ նա շատ բարի, արդարամիտ և աշխատասեր մարդ է եղել: Փոքրուց շատ դժվարությունների առաջ է կանգնել: Վաղ տարիքում կորցրել է ծնողներին, ստանձնելով մեծ եղբոր դժվարին պարտականությունը: Բայց պապս անցավ կյանքի դժվարին ուղով: Ամուսնացավ և ընտանիք կազմեց: Կարծես թե ամեն ինչ լավ էր ընթանում, բայց պապս քառասունիննը տարեկանում մահացավ վթարից: Պապիս մահից երեք օր անց ծնվեց իր մեծ թոռը: Տատիս հոգսը մեծացավ: Փոքր հորաքույրս դեռ անչափահաս էր:

 

Իմ սիրելի տատն էլ դեռ փոքրուց հեշտ կյանք չի ունեցել: Ութ տարեկանում կորցրել է հորը, մեծացել է դժվարությամբ, այն էլ ով կպատկերացներ, որ ամուսնությունից հետո էլ ամեն ինչ լավ չէր լինելու…

 

Այս դեպքերից հետո ծնվում եմ ես: Այ սա իսկական ցնծություն էր պապիս օջախում: Ծնվել էր առաջին ԷՎԻՆՅԱՆ ազգանունը կրող թոռը: Հայրս ցանկանում էր անունս դնել տատիս անունը, բայց տատս դեմ եղավ և իր հավանությունը տվեց Ալլա անվանը: Ու այդպես էլ անունս դրեցին Ալլա…

 

Ես իմ մանկության քաղցր օրերը անց եմ կացրել տատիս տանը: Հիշողությունների գիրկն եմ վազում... Հիշում եմ, ինչպես էի ուրախացել, երբ առաջին անգամ դպրոց գնալուս առավոտյան արթնացա և տեսա, որ տատս ինձ համար անակնկալ է պատրաստել:

 

Մինչ օրս երբ արդեն ես ստեղծել եմ իմ սեփական ընտանիքը, դեռ մտնելով տատիս տուն արթնանում են այն հուշերը, որոնք ես թողել եմ այդ տան մի փոքր անկյունում, և այդ անկյունը իմ երջանկության անկյունն է…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին