Կին մասնագետները Synergy-ում ու նրանց հաջողության թեւերը - Mediamax.am

exclusive
7442 դիտում

Կին մասնագետները Synergy-ում ու նրանց հաջողության թեւերը


Աննա Ստեփանյանը եւ Հասմիկ Մարտիրոսյանը
Աննա Ստեփանյանը եւ Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Ստեփանյանը
Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Ստեփանյանը
Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Մարտիրոսյանը
Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Ստեփանյանը
Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Մարտիրոսյանը
Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Մարտիրոսյանը
Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կանայք, ովքեր հավատում են իրենց ուժին եւ հնարավորություններին, կարողանում են փոխել եւ ավելի լավը դարձնել իրենց շրջապատող աշխարհը: Այդպիսի կանայք են համախմբված նաեւ Synergy International Systems ընկերության հայաստանյան գրասենյակում, որտեղ նրանք զարգանալու, աճելու, ղեկավար պաշտոններ ստանձնելու հնարավորություն են ստանում եւ հաջողությամբ կատարում իրենց առաքելությունը: 

 

Synergy International Systems, Inc.-ը 2019թ.-ի դեկտեմբերին պաշտոնապես ընդունել է Միացյալ ազգերի կազմակերպության Կանանց հզորացման սկզբունքները (Women’s Empowerment Principles (WEPs))՝ հավաստելով, որ կյանքի է կոչելու այդ սկզբունքների զարգացման գործողությունների պլան: Այդպիսով՝ Synergy-ն միացել է աշխարհի շուրջ 2000 ընկերություններին, որոնք վճռական գործողություններ են ձեռնարկում կանանց հզորացման սկզբունքների հետագա առաջխաղացման համար: Որպես ընկերություն, որտեղ տեխնոլոգիական դերերի 49% -ը եւ ղեկավար դերերի 39% -ը զբաղեցնում են կանայք, Synergy-ն ճանաչել է կին մասնագետների կարեւորությունը բիզնեսի աճը եւ կայունությունն ապահովելու գործում:

 

Մեդիամաքսի այս պատմությունը Synergy-ի հայաստանյան գրասենյակում աշխատող կանանց մասին է, ովքեր տարիներ շարունակ առաջնորդողի դերում «փայլում են» տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: 

 

Հաջողության հասնելու բաղադրատոմսը

 

Synergy-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննա Ստեփանյանն ընկերությունում իր առաջին հաջողություններն ունենալուց եւ ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո՝ հետադարձ հայացքով է հասկացել, թե որտեղ է գտնվում: Ասում է՝ ինչ-որ քայլ չի արել պաշտոն ստանալու համար: 

 

«Իմ գործողությունների, աշխատանքին նվիրվածության, մոտեցումների արդյունքում եմ հաջողության հասել: Կենտրոնացած առաջ գնալիս՝ քեզ համար կարիերան երկրորդային է թվում, եւ հետո ես գիտակցում, թե ինչի ես հասել: Ես հիմա էլ դեռ սովորում եմ, անընդհատ ինքս իմ վրա աշխատում եմ»: 

Աննա Ստեփանյանը Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Ստեփանյանը մի քանի որակներ է առանձնացնում, որոնք, ըստ նրա, կարեւոր են բարձր պաշտոններ զբաղեցնող կանանց համար.

 

«Պետք է էմոցիոնալ բանականություն ունենալ, նաեւ հնարավորինս կարողանալ կառավարել էմոցիաները, հատկապես, երբ ղեկավար պաշտոն ես զբաղեցնում: Շատերի ուշադրության կենտրոնում ես, եւ բոլորը հետեւում են քո որոշումներին ու քայլերին: Կարեւոր է նաեւ արդարամտությունը, հատկապես, երբ մարդիկ քեզ հավատում են ու գիտեն, որ դու արդար որոշում կկայացնես: Այս որակը ես իմ մեջ անընդհատ փորձում եմ կատարելագործել: Կառանձնացնեմ նաեւ սրտացավությունը թե՛ մարդկանց, թե՛ աշխատանքի, թե' արդյունքների նկատմամբ»: 

 

Ընտանիքը եւ անձնական կյանքի իրավունքը

 

Աննա Ստեփանյանն ասում է, որ Synergy-ում աշխատակցի սեռը երբեւէ դեր չի խաղացել որոշումներ կայացնելու առումով, ի սկզբանե առաջնորդվել են՝ հիմնվելով աշխատողի արժանիքների, որակավորման, կատարողականի եւ նվիրվածության վրա: 

 

«Հետո արդեն գիտակցել ենք, որ ընկերությունում կանայք բավական լուրջ ու կարեւոր դերակատարում ունեն: Բայց դա, ի սկզբանե, չի եղել որպես թիրախավորված ռազմավարություն կամ մոտեցում: Հետագայում մենք փորձեցինք այդ իրավիճակը համակարգել, փաստաթղթավորել, որովհետեւ կարծում եմ՝ դա կարեւոր ձեռքբերում է, ու եթե շատ երկրներում եւ ընկերություններում քարոզվում է որպես որդեգրած ռազմավարություն, մեզ մոտ դա ինքնաբուխ է ստացվում: Հետագայում տարբեր մոտեցումներով եւ դասակարգումներով փորձեցինք մշակել եւ հասկանալ, թե որտեղ ենք գտնվում եւ էլ ինչ կարող ենք անել, որպեսզի ավելի պատշաճ կերպով հանդես գանք՝ որպես սեռական խտրականություն չդնող եւ կանանց խրախուսող ընկերություն»:

Աննա Ստեփանյանը Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Synergy-ին, ինչպես ասում է Աննա Ստեփանյանը, «parent friendly» կամ «family friendly» ընկերություն է, եւ բացի օրենսդրական պահանջներից, ընկերության կողմից հավելյալ առավելություններ են տալիս, օրինակ՝ ֆիզարձակուրդում գտնվող աշխատակիցներին՝ ինչ-որ ժամանակ տնից աշխատելու, երեխաների քանակով հավելյալ ազատ օրեր ունենալու եւ այլն: 

 

Շարունակական կրթության եւ աճի հնարավորությունները

 

Synergy-ում բոլոր աշխատակիցների համար շարունակական կրթությանը եւ մասնագիտական որակների բարելավմանն ուղղված պարբերական նախաձեռնություններ են կյանքի կոչվում, իսկ կոնկրետ կանաց եւ աղջիկների համար ունենում են հետաքրքիր դասախոսությունների շարքեր, որոնք կարող են վերաբերել ոչ թե գործնական, այլ ավելի անձնական թեմաների՝  բարեկեցություն, աշխատանք եւ կյանք համամասնություն, առողջություն, ծնողական հմտություններ եւ այլն: 

 

«Սրանք օժանդակ նախաձեռնություններ են, որոնցով փորձում ենք ընդգծել իրենց կարեւորությունը ոչ միայն աշխատանքում, այլեւ անձնական կյանքում»,- ասում է Աննա Ստեփանյանը:

 

Կանայք  եւ լիդերի դերը

 

Synergy-ում կանայք կարող են հայտնվել լիդերի դերում առողջ համագործակցության շնորհիվ: Գործի վրա կենտրոնանալով, մյուս գործընկերների հետ նույն արժեքային համակարգը, ընկերության որդեգրած մոտեցումները կիսելով՝ աճում են ու զարգանում: 

Աննա Ստեփանյանը Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հիմա ՏՏ ոլորտի ընկերություններում կանանց դերը գնալով աճում է: Մենք մեր օրինակով ենք առաջնորդվում, ունենք հաջողության պատմություններ, հաջող կին ղեկավարներ, ովքեր մեր կարեւոր հաճախորդների հետ լուրջ նախագծեր են բանակցում, գործարքներ կնքում: Այսինքն՝ ունենք էմպիրիկ օրինակներ, հետեւաբար, մեր դիրքորոշումներն ավելի համոզիչ են դարձնում հենց այդ օրինակները: Տարիներ ի վեր ձեռք բերվող վստահությունը շատ հեշտ կարողանում է կոտրել կարծրատիպերը, որ ՏՏ ոլորտը կանանց համար չէ եւ կանայք չեն կարող ՏՏ ոլորտի լիդերներ լինել»,- ասում է Աննա Ստեփանյանը:  

 

Սկսնակ ծրագրավորողն ու ապագա ղեկավարը

 

Synergy-ում հաջողության հասած կնոջ մեկ այլ «քայլող օրինակ» է Հասմիկ Մարտիրոսյանը, ով իր կարիերան ընկերությունում սկսել է որպես սկսնակ ծրագրավորող: 

 

Մասնագիտության ընտրությունը Հասմիկ Մարտիրոսյանի մոտ ստացվել է շատ սահուն, քանի որ ընտանիքում մաթեմատիկոսներ էին եւ ինքն էլ որոշել է գնալ նրանց ճանապարհով՝ ընդունվելով ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետ: Ուսմանը զուգահեռ աշխատելն էլ նույնքան բնական է ստացվել: Synergy-ում Հասմիկը 19 տարեկանից է՝ ընկերության կազմակերպած ծրագրավորման դասընթացների առաջին ամառային դպրոցի (2005թ.) մասնակից է, եւ ինչպես բոլոր հաջողությամբ դրսեւորված մասնակիցների դեպքում, նրան նույնպես ընկերությունն առաջարկել է միասին շարունակել մասնագիտական ուղին: 

 

«Օգտվելով այդ առաջարկից մասնագիտական գործունեությանս ամենակարեւոր քայլն արեցի ու հայտնվեցի ընկերությունում, որտեղ ինձ ապագայում հնարավորություն ընձեռվեց ներդնել իմ գիտելիքները, հմտությունները, աճել, զարգանալ եւ ինքս էլ իմ ներդրումը բերել ընկերության զարգացման մեջ: Սկսեցի որպես սկսնակ ծրագրավորող, Synergy-ն ինձ թեեւեր տվեց: Հաճախ մեր ամառային դպրոցի խոսնակներն այժմ բերում են իմ օրինակը, որը ցույց է տալիս, որ Synergy-ին անսպառ հնարավորությունների վայր է, կարելի է սկսել որպես ամառային դպրոցի շրջանավարտ, սկսնակ ծրագրավորող եւ շատ հետաքրքիր մասնագիտական ուղի կերտել ընկերությունում»,- ասում է Հասմիկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ իրեն շատ օգնել է նաեւ Synergy-ի թիմը:

Հասմիկ Մարտիրոսյանը Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Որոշ ժամանակ նախագծերի ղեկավարմամբ զբաղվելուց հետո՝ այժմ արդեն շուրջ չորս տարի, նա ընկերության արտադրության տնօրենի պաշտոնն (Chief Operating Officer) է զբաղեցնում, եւ ներգրավված է Synergy-ում իրականացվող տասնյակ նախագծերում, վերահսկում է դրանց հաջող ընթացքը: 

 

«Մեր 250-հոգանոց մեծ ընտանիքում փորձում եմ ստեղծել բոլոր այն մասնագիտական պայմանները, որոնք անհրաժեշտ են նախագծերի սահուն ընթացքի եւ առողջ մթնոլորտում գործընկերների ստեղծագործ աշխատանքի համար: Կապող օղակ եմ մեր տարբեր բաժանմունքների միջեւ, աշխատում եմ բոլորի հետ եւ բազմաֆունկցիոնալ դեր եմ կատարում: Ոլորտն ինձ շատ հետաքրքիր է: Շատ կարեւոր է, որ ձեր ընտրած աշխատանքը համընկնի ձեր հետաքրքրությունների եւ ցանկությունների հետ: Եթե ճիշտ տեղում հայտնվեք, անմիջապես կհասկանաք, եւ այդ պարագայում աշխատանքը ոչ թե պարտականություն կլինի, այլ կդառնա ձեր կյանքի սիրելի հատվածը»,- ասում է Հասմիկ Մարտիրոսյանը:

 

Զարգանալու պայմանները

 

Հասմիկ Մարտիրոսյանը նշում է, որ Synergy-ին բոլոր աշխատակիցներին հնարավորություններ է ընձեռում՝ հենվելով մասնագիտական եւ մարդկային որակների վրա, միեւնույն ժամանակ՝ փորձում են սեռային հավասարակշռությունը ճիշտ ձեւով ապահովել տարբեր թիմերում: 

Հասմիկ Մարտիրոսյանը Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բոլոր աշխատակիցներն ունեն հետագայում ավելի լայն պարտականություններ ստանձնելու հնարավորությունը՝ անկախ սեռից, տարիքից, ընտանեկան կարգավիճակից եւ այլն: Synergy-ին մարդակենտրոն ընկերություն է, եւ յուրաքանչյուր անձի համար խրախուսում ենք աշխատանքի եւ անձնական կյանքի բալանսի ապահովումը: Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ Synergy-ում աշխատելու երկար տարիների ընթացքում իմ կյանքում մեծ փոփոխություններ են եղել՝ ամուսնացել եմ, երկու երեխայի մայր եմ, ու իմ աշխատանքը երբեւէ չի խանգարել ընտանիքիս, երեխաներիս լիարժեք ժամանակ եւ ուշադրություն հատկացնելուն: Անգամ ֆիզարձակուրդից վերադառնալը շատ հեշտ ու թեթեւ է եղել. որոշ ժամանակ, մինչ ամբողջությամբ վերադառնալս, տնից եմ աշխատել, երբ երեխաներս դեռ շատ փոքր էին: Իհարկե, ունեմ ծանրաբեռնված աշխատանք եւ ընտանիքս, նույնպես, խրախուսում, աջակցում է ինձ»: 

 

ՏՏ ոլորտի կանացի դեմքը

 

Այն ժամանակ, երբ Հասմիկ Մարտիրոսյանը սկսում էր կարիերան ՏՏ ոլորտում, գենդերային հավասարակշռությունը խախտված էր, քանակապես ավելի գերակշռող էին տղամարդիկ, այդ թվում եւ՝ որոշում կայացնող դերերում: 

 

«Ժամանակի ընթացքում կանայք ապացուցեցին, որ իրենք եւս ընդունակ եւ կոմպետենտ են բարձր պաշտոններում աշխատանքի համար: Բոլոր կանանց վստահեցնում եմ, որ այժմ ՏՏ ոլորտում կանանց առաջխաղացումը մեծապես կախված է իրենց ջանքերից, գիտելիքներից, որակներից: Մարդը պետք է պրոֆեսիոնալ լինի այն ոլորտում, որում աշխատում է, բայց մասնագիտական հմտություններից ու գիտելիքներից զատ, ըստ իս, կարեւոր է ողջամիտ եւ արդար մտածելակերպը, կողմնակալությունը մշտապես կարող է խոչընդոտներ առաջացնել ճիշտ որոշումներ կայացնելու ճանապարհին: Պետք է կարողանալ ճիշտ ձեւով շփվել մարդկանց հետ, հասկանալ նրանց առօրյա դժվարությունները, ունակ եւ բաց լինել խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու համար»,- ասում է Հասմիկ Մարտիրոսյանը:

Հասմիկ Մարտիրոսյանը Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա հաջողության ճանապարհին կարեւորում է թիմային աշխատանքը. «Հարկավոր է լավ թիմ ունենալ, որտեղ հավաքված են ձեր հայացքներն ու  տեսլականը կիսող մարդիկ, կարեւոր է, որ թիմի յուրաքանչյուր անդամին ճիշտ դեր, լիազորություններ ու հնարավորություններ տրվի իր նեղ մասնագիտական հարթություններում որոշումների կայացման համար: Եթե փորձեք բոլոր որոշումների կայացման ամբողջ պատասխանատվությունը վերցնել միայն ձեզ վրա եւ թիմի մյուս անդամներին ընկալեք որպես ուղղակի ձեր որոշումներն իրականացնողներ, այդ դեպքում՝ շատ հեռուն չեք գնա: Ցանկացած որոշում եւ փոփոխություն, լինի՝ պարտականությունների վերաբաշխում, կառուցվածքային փոփոխություն կամ այլ բան, որ վերաբերում է «չեյնջ մենեջմենթին», պետք է արվի խորը մտածված եւ ճիշտ քայլերով լինի, այլապես սխալ որոշումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ»: 

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին