Հոկեյ Հայաստանո՞ւմ... Պարահոկե՞յ Հայաստանում ու այն էլ՝ աղջիկների մասնակցությա՞մբ... Երբ մարդիկ առաջին անգամ լսում են պարահոկեյի կամ սլեջ հոկեյի մասին, արձագանքը, սովորաբար, այսպիսին է լինում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Պարահոկեյում ու հոկեյում կանոնները նույնն են՝ մի տարբերությամբ. մարզիկները ստորին վերջույթների հաշմանդամություն ունեն եւ սահադաշտում չմուշկների փոխարեն սահնակներով են տեղաշարժվում: Պարալիմպիկ այս մարզաձեւով Հայաստանում զբաղվում են 2018 թվականից: Այս պահին թիմում տարբեր տարիքի ու սեռի 9 մարզիկ է:
Լուսանկարը` Մեդիամաքս
«2017-ին՝ միջազգային պարալիմպիկ կոմիտեի հերթական ժողովներից մեկին մասնակցում էր նաեւ պարահոկեյի միջազգային ֆեդերացիայի մենեջերը: Ես նրան խնդրեցի, որ օգնի մենք էլ պարահոկեյի թիմ ունենանք: Բավականին չարչարվեցինք, մեծ ծրագիր գրեցինք: Արդյունքում մոտ 25 հազար եվրո ստացանք, որով կարողացանք գնել հոկեյի շատ թանկարժեք գույքը եւ թիմ հավաքեցինք:
Այս պահին էլ մեր թիմն ունի մարզիկների կարիք: Հայտարարություն ենք տալիս, հրավիրում ենք, «Զինվորի տուն» ենք գնացել, ներկայացրել սպորտաձեւը: Այդ պահին հետաքրքրվում են, բայց հետո արգելակման պես մի բան է լինում: Մարզիկներից բացի նաեւ ֆինանսավորման կարիք ունենք, որովհետեւ թիմային մարզաձեւերը բավական ծախսատար են»,- խնդիրներն է ներկայացնում Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ասում է՝ պարահոկեյի աշխարհը մեծ չէ, մոտ 30 թիմ կա: C ենթախմբում, որն ամենաթույլն է, Հայաստանի հետ հանդես են գալիս Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի նորաստեղծ թիմերը:
Հայ մարզիկները վերջին ամիսներին ոգեւորված պարապում էին, որ դեկտեմբերին Թայլանդ մեկնեն՝ մասնակցելու պարահոկեյի C դիվիզիոնի աշխարհի առաջնությանը։ Բայց ֆինանսավորվում գտնել չկարողացան ու բաց թողեցին իրենց խմբակիցների հետ մրցելու հնարավորությունը։
Հայաստանի պարահոկեյի հավաքականը շարունակում է մարզումները Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում ու ցանկացողներին հրավիրում միանալ իրենց։
Վադիմ Բուսկովը՝ պարահոկեյում առաջին քայլերն անող պրոֆեսիոնալ հոկեյիստը
Ռուսաստանի եւ արտասահմանյան մի շարք ակումբերում հանդես եկած Վադիմ Բուսկովն արդեն 3 ամիս է՝ մարզում է Հայաստանի պարահոկեյի հավաքականը։
Պրոֆեսիոնալ հոկեիստը պարահոկեյում առաջին քայլերն է անում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Համագործակցել եմ Ռուսաստանի պարահոկեյի ֆեդերացիայի հետ, համատեղ ծրագրեր ենք իրականացրել, բայց որպես գլխավոր մարզիչ՝ սա իմ առաջին փորձն է:
Ադապտացիայի փուլն անցել եմ. առաջին 4-5 մարզումները բավարար էին, որ թիմին ծանոթանամ, նոր գիտելիքներ ձեռք բերեմ, մեթոդական նյութեր ուսումնասիրեմ։ Հիմա զգում եմ, որ «գծերի» վրա եմ ընկել, ավելի հստակ եմ պատկերացում՝ ինչ ուղղությամբ ենք շարժվում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Սա շատ տարբեր, բայց հետաքրքիր փորձառություն է։ Անհամբեր սպասում եմ մարզումներին, որովհետեւ դրանք հնարավորություն են տալիս նաեւ ինքս ինձ փորձել, խաղին կողքից նայել, տեսնել բաներ, որ նախկինում չեմ նկատել»:
Վադիմ Բուսկովն ասում է, որ տեսական գիտելիքները, հաճախ, սահադաշտում չեն «աշխատում»։ Միշտ պետք է պատրաստ լինել փոխել ռազմավարությունը, նոր մեթոդներ ընտրել։ Դժվարություններին նաեւ լեզվական խնդիրն է գումարվել. բոլորը չէ, որ լավ հասկանում են ռուսախոս մարզչին։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Դա ինձ ծանոթ իրավիճակ է: Երբ առաջին անգամ մեկնեցի Կանադա՝ խաղալու, ոչինչ չէի հասկանում։ Դրա շնորհիվ հիմա պատկերացնում եմ, թե ինչպես կարելի է ձեռքերով ինչ-որ բաներ բացատրել:
Բայց պարահոկեյն ինքը բոլորովին այլ մոտեցում է պահանջում։ Այս սպորտաձեւում, ի տարբերություն հոկեյի, մարմնով առաջ գնալու շարժումը գրեթե չկա, եւ դա իր հետքն է թողնում թե՛ տակտիկայի, թե՛ տեխնիկայի վրա։ Կարիք է լինում պարապմունքների ձեւը փոխել, որոշել առաջնահերթությունները՝ ինչից հրաժարվել եւ ինչի վրա կառուցել խաղը»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մարզման ընթացքում Վադիմ Բուսկովը չմուշկները հանում ու փորձում է սահնակով առաջ գնալ։ Սահադաշտում տրամադրությունը միանգամից փոխվում է. մարզչի անհաջող փորձերին թիմակիցները բարձր ծիծաղով են արձագանքում։
«Ահավոր վատ եմ զգում սահնակին նստած, ոչինչ չի ստացում»,-ասում է Վադիմը։
Սառույցի վրա՝ ինչպես ձուկը՝ ջրում
Սկսնակների համար պարահոկեյում առաջին փորձությունը մարզահագուստի ծանրությանը դիմանալն է։
Դարպասապահ Կարեն Գյուլամիրյանի հագուստն ամենածանրն է՝ մոտ 15 կիլոգրամ։ Ասում է՝ սկզբում էր դժվար, հիմա սովորել է, ծանրությունն էլ չի զգում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարենը հավաքականի առաջին մարզիկներից է ու պարահոկեյի նոր ձեւավորված ֆեդերացիայի նախագահն է։
«Մարզիկների կարիք շատ ունենք։ Հիմնական պատճառը, որ չեն գալիս, ֆինանսականն է։ Լավ, ուժեղ տղաներ ունենք, բայց հեռու են ապրում, գնալ-գալը դժվար է։ Օրինակ՝44-օրյա պատերազմի մասնակից մի լավ տղա կա, որը Հոկտեմբերյանում է ապրում, շաբաթը երկու օր չի կարող գալ Երեւան, գնալ։ Եթե ֆինանսավորում լինի, ճանապարհածախսի խնդիրը հոգանք, կկարողանանք մարդկանց ներգրավվել»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարենը հաշմանդամություն ձեռք է բերել զինվորական ծառայության ժամանակ։ Հաշմանդամային տարբեր սպորտաձեւեր է փորձել, բայց պարահոկեյն ամենաշատն է սիրել։
«Սպորտով զբաղվելիս՝ քեզ լիարժեք մարդ ես զգում, մանավանդ եթե ոտքի խնդիր ունես, սառույցի վրա սահելիս՝ քեզ զգում ես ինչպես ձուկը՝ ջրում՝ արագությունը, «դռայվը», շատ հետաքրքիր է, լրիվ ուրիշ կյանք է»:
Ինչպես սպորտը փոխեց Գոհարի կյանքը
Աշխարհում ընդունված է պարահոկեյի խառը հավաքական ունենալ՝ կազմված աղջիկներից եւ տղաներից։ Հայաստանի թիմում 5 տղա, 4 աղջիկ է։
Գոհար Նավասարդյանը 13 տարեկանում է հաշմանդամություն ձեռք բերել։ Հասարակություն ինտեգրվելու առաջին քայլը սպորտի միջոցով է արել։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հիվանդանոցում հանդիպեցի Արշակ Հովհաննիսյանին, որը հիմա հոկեյի թիմի ավագն է։ Այն ժամանակ նա առաջարկեց անվասայլակով բասկետբոլի գնալ: Շատ ուրախացա ու միանգամից համաձայնեցի: Հետո հասկացա, որ դա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն էր։ Նախ՝ շատ սիրեցի այդ մարզաձեւը, սկսեցի ակտիվ զբաղվել, հետո հասկացա, որ սպորտի միջոցով կարելի է հաղթահարել սթրեսը, շատ ընկերներ ձեռք բերեցի, շփումն ավելի մեծացավ, դա ինձ թույլ տվեց ավելի հաճախ դուրս գալ տնից, դասից բացի նաեւ այլ տեղեր գնալ, պարապմունքների մասնակցել:
Այդ որոշումը փոխեց իմ կյանքը, եւ ես այդ օրինակը բոլորին եմ պատմում, որ չվախենան, ոչ մեկս էլ սպորտում վարպետ չենք եղել, բոլորս էլ ինչ-որ կետից ենք սկսել»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Անվասայլակով բասկետբոլին հաջորդեց սայլակավազքը, թենիսը, ծանրամարտն ու պարահոկեյը: Ասում է՝ հոկեյի թիմին միանալու որոշումը հեշտ է կայացրել, որովհետեւ մինչ այդ արդեն հաղթահարել էր առաջին շոկը, որ աղջիկը կարող է ծանրամարտով զբաղվել։
Հոկեյի մարզումները սկզբում էին բարդ։ Հիմա, երբ դժվարությունները հաղթահարել է, սահելը հաճույք է դարձել։
«Որ սայլակին հարմարվես եւ դաշտում սկսես շարժվել այնպես, կարծես՝ քո ոտքերի վրա ես, բավականին բարդ է, պահանջում է ե՛ւ ձեռքերի ուժ, ե՛ւ ամբողջ մարմնի աշխատանք։ Սառույցից բացի մենք նաեւ ընդհանուր ֆիզիկական պատրաստություն ենք անցնում, որ կարողանանք ամբողջ խաղի ընթացքում ֆիզիկապես դիմանալ»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գոհարը սեփական փորձով է համոզվել, թե որքան է սպորտն օգնում հաղթահարել սթրեսը, չդառնալ ինքնամփոփ, ապրել ակտիվ կյանքով։ Բայց, ասում է, Հայաստանում շատ դժվար է որեւէ գաղափարի շուրջ համախմբել հաշմանդամություն ունեցող մարդկանց. «ընտանիքը շատ արագ վերցնում է խնամակալի դերն իր վրա, եւ հաշմանդամություն ունեցող մարդը սկսում է, մեծ հաշվով, ոչինչ չանել: Եվ հետո այդ մարդուն ստիպել, որ սպորտով զբաղվի, անսահման բարդ խնդիր է»։
Հավաքականի ամենակրտսերը՝ ուժեղ ձեռքերով Հուսիկը
Հուսիկ Հովհաննիսյանը թիմի ամենակրտսեր անդամն է։ Պարահոկեյն առաջին սպորտաձեւն է, որով զբաղվում է 18-ամյա տղան։ Թիմին միացել է 2 ամիս առաջ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հակոբը (Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը-հեղ.) դրսում տեսել էր ինձ, մտածել էր՝ հաստատ ձեռքերից ուժեղ կլինի, ու մամայիս առաջարկել էր, որ խաղամ։ Այդ ժամանակ առաջին անգամ իմացա հոկեյի մասին։ Բայց հիմա շատ հավեսով եմ գալիս։
Ոտքերիս համեմատ՝ ձեռքերս ավելի ուժեղ են եւ օգնում են ինձ։ Հիմնական դժվարությունը արագությունն է, հաղթելու համար պիտի որքան հնարավոր է՝ արագ լինես, պարապմունքներին կուշտ գաս, որ ուժդ տեղը լինի»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Իր մարզավիճակի մասին հարցին ի պատասխան՝ Հուսիկը ժպտում է՝ «մարզիչից հարցրեք»,-ասում է։ Հետո ավելացնում է՝ պարապմունքների արդյունքը զգալի է, բայց աշխատելու տեղ դեռ շատ կա։
Սմբատը, որի օրը լցված է սպորտով
2022 թվականին Խանտի-Մանսիյսկում անցկացված «Մենք միասին ենք» պարալիմպիկ ձմեռային խաղերին Սմբատ Կարապետյանը մասնակցել է երկու մարզաձեւում՝ դահուկավազքում ու պարահոկեյում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Սմբատը հաշմանդամություն ստացել է ծառայության ընթացքում՝ ականի պայթյունից։
«Դեպքից մոտ 15 օր էր անցել, հոսպիտալում պառկած էի։ Դուռը բացվեց, երկու հոգի եկան, մեկը՝ հենակներով, Արշակն էր (պարահոկեյի հավաքականի ավագ Արշակ Հովհաննիսյանը-հեղ.)։ Ներս մտան ու սկսեցին հույս տալ, թե ամեն ինչ նորմալ է լինելու, ոտքի կկանգնես, մեզ հետ բասկետբոլ կխաղաս, ընկերություն կանես: Ես ոչինչ չէի հասկանում, մտածում էի՝ կարո՞ղ է չգիտեն, թե ինձ հետ ինչ է կատարվել, ի՞նչ բասկետբոլ: Բայց հոսպիտալից դուրս գրվելուց հետո գնացի բասկետբոլի խաղերին, նայեցի, ես էլ փորձեցի, ընկա, բարձրացա, էդ ակտիվ ապրելակերպն ինձ դուր եկավ»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ ժամանակ Սմբատը 19 տարեկան էր։ Բասկետբոլը նրա առջեւ բացեց սպորտի աշխարհի դռները, ու շուտով 10 տարի կլինի, որ Սմբատը հաշմանդամային տարբեր սպորտաձեւերով է զբաղվում։ Սկզբում դժվար էր, որովհետեւ Մարտունիում, որտեղ ապրում էր, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ուսման, մարզվելու մատչելի պայմաններ չկային։ Կանոնավոր մարզվելու հնարավորություն ստացավ 3 տարի առաջ՝ Երեւան տեղափոխվելուց հետո։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Երբ առաջարկ ստացա պարահոկեյով զբաղվելու, առանց վայրկյան մտածելու՝ համաձայնվեցի: Շատ մարզաձեւերով եմ զբաղվում, բայց դրանց համեմատ՝ հոկեյը շատ ծանր սպորտաձեւ է. պետք է ե՛ւ դիմացկունություն ունենաս, ե՛ւ ֆիզիկական ուժ, ե՛ւ ճիշտ շնչառություն, որ կարողանաս տեմպը, աշխուժությունը պահել: Օր-օրի զգում եմ, որ ավելի լավ եմ տիրապետում սահնակին, մականին, մանրուքներ կան, որ պետք է փորձի արդյունքում ձեռք բերես»։
Լիա Ղազարյանը՝ մարզահագուստի մեջ չերեւացող պաշտպանը
Լիա Ղազարյանը Հայաստանի պարահոկեյի հավաքականի պաշտպաններից է։ Որպեսզի շորերի մեջ «չկորի», Լիան սահնակը լրացուցիչ «կահավորել» է։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Որ առաջին անգամ գնացի ու էդ շորերը տեսա, զարմացա՝ ես ո՞նց կարող եմ մտնել դրանց մեջ: Հագա, զգացի, որ չափից դուրս մեծ են, մի կերպ եմ երեւում: Սահնակի վրա, կողքերիս սպունգանման բաներ դրեցի, որ բարձրանամ, մարզաշապիկիս վրայի թիվը երեւա»:
Մինչ պարահոկեյը, Լիան այլ սպորտաձեւով չի զբաղվել։ Նորություններ սիրում է, ազատ ժամանակ ուներ, ու միայն հետաքրքրությունից դրդված՝ համարձակվեց սահադաշտ մտնել։ Բայց հիմա աշխատանքից հետո որքան էլ հոգնած լինի, մի կերպ հասնում է պարապմունքի ու մոռանում ամեն ինչ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սկզբում շատ դժվար էր, միշտ պրպտում էի՝ ինչպես անեմ, որ բալանսը պահեմ, որ հնարավորին քիչ ընկնեմ կամ ընկնելուց շուտ վեր կենամ: Պարահոկեյի համար պիտի ֆիզիկապես ուժեղ լինես, մանավանդ՝ ձեռքերդ, որ կարողանաս սառույցի վրա քեզ կառավարել՝ թե՛ հավասարակշռությունդ պահես, թե՛ քեզ տեղաշարժես, թե՛ խաղաս»։
Երբ ծանոթներն իմանում են, որ հոկեյով է զբաղվում, չեն հավատում։ Ստիպված տեսանյութեր ու լուսանկարներ է ցույց տալիս։ Լիան ասում է, որ ֆիզիկական ակտիվությունից բացի սպորտը նաեւ բնավորություն է ձեւավորում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ամեն չստացված փորձից հետո կամքիդ ուժն ավելի է կոփվում: Սկսում ես ավելի շատ աշխատել, որ քո հանդեպ դիմացինիդ անվստահությունը վերանա, ավելի լուրջ վերաբերվեն քեզ՝ ինչպես հավասարը՝ հավասարին»:
Պատերազմի մասնակիցները, որ շարունակում են պայքարել սպորտով
Սոցաշխատող, վարսավիր ու հիմա արդեն դիպլոմով մարզիչ Արշակ Հովհաննիսյանը Հայաստանի պարահոկեյի հավաքականի ավագն է։ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի ադապտիվ սպորտի բաժինն անցած տարի է ավարտել։ Որոշել է դառնալ կյորլինգի մարզիչ, եւ որպես պարալիմպիկ սպորտաձեւ՝ զարգացնել այն։
Լուսանկարը` Մեդիամաքս
Արշակը հաշմանդամություն է ձեռք բերել Արցախյան առաջին պատերազմում, երկու ոտքերն անդամահատված են։
«Երբ երիտասարդ էի, այսքան տարբեր մարզաձեւերով զբաղվելու հնարավորություն չկար։ Բանակից հետո էս վիճակում ընտանիք էի ստեղծել, իմ առօրյայով էի զբաղված, կողքից աջակցություն չկար։ Հիմա սպորտը զարգացել է, հնարավորությունները շատացել են, բայց արդեն ես եմ մեծացել»,-ծիծաղելով ասում է Արշակը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Թեեւ հավաքականում տարիքով ամենամեծն է, բայց թիմի շարժիչ ուժն է։ Հավաքականի անդամներից մի քանիսը նրա շնորհիվ են իմացել պարահոկեյի մասին ու միացել թիմին։ Ասում է՝ Հայաստանում դժվար է հաշմանդամություն ունեցող մարդկանց բերել դեպի սպորտ։ Սահադաշտ, գույք, պայմաններ՝ ամեն ինչ ապահովված է, միայն երիտասարդ մարզիկների կարիք ունեն։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեր երկրում շատ մարդիկ են հաշմանդամություն ձեռք բերել պատերազմի ժամանակ։ Եվ շատ կարեւոր է հաշմանդամային սպորտը զարգացնել ու հասցնել այն մակարդակի, որ մեր մարզիկները, մեր ազգային հավաքականները մասնակցեն խաղերի, որ երբ դրսում տեսնեն ու հարցնեն՝ ո՞վքեր են խաղում, ասեն՝ պատերազմի մասնակիցները, հիմա էլ էսպես են պայքարում երկրի համար, էսպես են Հայաստանի դրոշը բարձրացնում: Սա էլ է պայքար»:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: