Վալերիա Չերնիցկայա. Երեւանում 3 «խնդիր» կա՝ համեղ ուտելիք, լավ գինի ու շատ բարի մարդիկ - Mediamax.am

exclusive
7088 դիտում

Վալերիա Չերնիցկայա. Երեւանում 3 «խնդիր» կա՝ համեղ ուտելիք, լավ գինի ու շատ բարի մարդիկ


Վալերիա Չերնիցկայան
Վալերիա Չերնիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

Վալերիա Չերնիցկայան
Վալերիա Չերնիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

Վալերիա Չերնիցկայան
Վալերիա Չերնիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

Վալերիա Չերնիցկայան
Վալերիա Չերնիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վալերիա Չերնիցկայան
Վալերիա Չերնիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

Վալերիա Չերնիցկայան
Վալերիա Չերնիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս


2022թ.-ի մայիսին 33-ամյա Վալերիա Չերնիցկայան Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Երեւան: Հարազատ քաղաքում նա որպես իրավաբան աշխատում էր DataArt ՏՏ ընկերությունում: Տեղափոխությունից հետո Վալերիան շարունակել է աշխատանքը DataArt-ի երեւանյան գրասենյակում:

 

Մեդիամաքսի հետ զրույցում նա կիսվել է Երեւան տեղափոխվելու փորձով, պատմել նոր, բայց հոգեհարազատ երկրի մասին:  

 

Երաժշտությունն ու դեռահասի «ապստամբությունը»

 

Ծնվել եմ Սանկտ Պետերբուրգում, ավելի ճիշտ՝ դեռեւս Լենինգրադում, երաժիշտների ընտանիքում: Չորս տարեկանից հաճախել եմ երաժշտական դպրոց, ինձ մոտ բացարձակ լսողություն էին բացահայտել: Թվում էր՝ մասնագիտական ճանապարհս կանխորոշված է ու այն պետք է շարունակեմ երաժշտական ուղղությամբ, բայց դեռահասության տարիքում «ապստամբեցի» ու որոշեցի փոխել ամեն ինչ:

Վալերիա Չերնիցկայան Վալերիա Չերնիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

Երաժշտությունը շարունակում էր հաճույք պատճառել, այդպես է նաեւ հիմա, բայց քանի որ ինքս ինձ համար որոշել էի, որ ուզում եմ իրավաբան դառնալ, դժվար էր համատեղել դասերն ու օրական 5-6 ժամ տեւող դաշնամուրի պարապմունքները: Փոքրուց արվեստին շատ մոտ եմ եղել, տանը հաճախ էին լինում հորս երաժիշտ ընկերները, նա սարսափելի «բիթլոման» է: Մեծացել եմ դասական երաժշտություն ու The Beatles լսելով եւ դա չէր կարող «անհետեւանք» անցնել: Ընկերներիս մեծ մասը հայրիկի ընկերների երեխաներն են, որոնք եւս երաժիշտներ են: Ժամանակի ընթացքում ինքս սկսեցի հետաքրքրվել ռոք ու մեթալ երաժշտությամբ: Նույնիսկ մտածում էի երգելու մասին, բայց համարձակությունս չհերիքեց: Արդյունքում իրավաբանական կրթությանը զուգահեռ սկսեցի զբաղվել համերգների կազմակերպմամբ: Հավանաբար, կշարունակեմ դա անել նաեւ Երեւանում, բայց զբաղվածության պատճառով դեռ չի ստացվում:

 

DataArt-ն ու ռելոկացիան

 

Իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո հիմնական աշխատանք էի փնտրում: Ընկերուհիս աշխատում էր խոշոր ՏՏ ընկերությունում ու մի օր զրույցի ընթացքում ասաց, որ իրենց իրավաբան է պետք: Կարեւոր պայման էր, որ թեկնածուն շատ լավ անգլերեն իմանա: Այդ ընթացքում ավարտել էի նաեւ բանասիրական ֆակուլտետը՝ թարգմանչի մասնագիտությամբ, ամեն ինչ բարեհաջող համընկավ (ժպտում է – հեղ.): Հինգ տարի առաջ սկսվեց իմ պատմությունը DataArt-ում:

Վալերիա Չերնիցկայան Վալերիա Չերնիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերազմի առաջին օրերին՝ 2022թ. փետրվարին, դեռ պարզ չէր՝ ինչ է լինելու: Արդեն մարտին հայտնի դարձավ, որ բիզնեսի ռուսական մասը փակվելու է, ու մենք պետք է տեղափոխվենք: Տարբերակներն էին Սերբիան, Վրաստանը կամ Հայաստանը: Ի սկզբանե ընտրությունս Հայաստանի ու Վրաստանի միջեւ էր, քանի որ հայրական կողմից նախնիներս հայեր են, որոնք ապրել են Թբիլիսիում: Շատ էի անհանգստանում, որ ինձ դուր կգա եւ՛ Հայաստանում, եւ՛ Վրաստանում ու չեմ կողմնորոշվի՝ որտեղ եմ ուզում ապրել:

 

Արդյունքում ընտրեցի Երեւանն ու սկսեցի զբաղվել փաստաթղթերով: Տրամաբանական համարեցի տեղափոխվելու դեպքում քաղաքացիություն ստանալ: Փաստաթղթերս հանձնեցի Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսություն եւ արդեն նոյեմբերին Հայաստանի Հանրապետության քաղաքացի դարձա: Երեւան եկա մայիսին՝ ընկերուհուս ու մեր կատուների հետ:

 

«Ինչո՞ւ ավելի վաղ սա չարեցի, չէ որ տունն այստեղ է»

 

Ընկերներից, ծանոթներից լսել եմ, որ Երեւան տեղափոխվելուց հետո տուն վարձակալելու խնդիր են ունեցել: Ինձ մոտ նման իրավիճակ չեղավ, քանի որ դեռ տեղափոխվելուց առաջ DataArt-ից տրամադրեցին անշարժ գույքի վստահելի գործակալների տվյալներ, որոնցից մեկի օգնությամբ բնակարան գտա ու ընկերուհուս հետ այն վարձակալեցինք: Մայիսի 29-ի երեկոյան տան տերը դիմավորեց մեզ հենց օդանավակայանում, տուն տարավ ու ասաց՝ «պայմանագրի, գումարի հարցերը կկարգավորենք հետո, հիմա դուք պետք է հանգստանաք»:

Վալերիա Չերնիցկայան Վալերիա Չերնիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

Առհասարակ, Հայաստանում կյանքիս 8 ամիսների ընթացքում չեմ հանդիպել գոնե մեկ մարդու, որից վատ տպավորություն ստանամ: Բոլորը շփվող են, փորձում են օգնել: Առաջին օրվանից ինձ զգում եմ ինչպես տանը: Այո, շատ ծանոթներ ունեմ, որոնց համար տեղափոխությունը ծանր փորձություն է: Նրանք կորցրել են տունը, իրենց սովորական միջավայրն ու շրջապատը: Գուցե, ինձ դեռ չի հասել «ռելոկանտի ճգնաժամը», բայց կարծում եմ՝ իմ դեպքում սա հայրենադարձություն է, ոչ թե ռելոկացիա:

 

Հայաստանում ինձ շատ լավ եմ զգում ու պարբերաբար մտածում՝ «ինչո՞ւ ավելի վաղ սա չարեցի, չէ որ տունն այստեղ է»: Երեւանում ու Թբիլիսիում ունեմ նաեւ բարեկամներ, որոնց հետ, ցավոք, երբեք չենք շփվել, քանի որ կորցրել էինք միմյանց տվյալները: Հիմա մտածում եմ վերականգնել կապը: Երբ Թբիլիսիում էի, ինձ հաջողվեց գտնել հայրիկիս տունը, որտեղ ապրել է մինչեւ 16 տարեկան: Զրուցեցի հարեւանների հետ, նրանք հիշեցին տատիկին: Շատ հաճելի էր:

 

Աշխատանքն օգնում է

 

Չնայած Հայաստանում ինձ շատ լավ եմ զգում, երբ պատահաբար տեսնում եմ Պիտերի լուսանկարները, ներսումս ինչ-որ բան սեղմվում է: Նման պահերին շատ է օգնում աշխատանքը: Առհասարակ, շատ ավելի հեշտ է տեղափոխվել աշխատանքի բերումով, ոչ թե մեկնել դեպի անորոշություն: Հայաստանում իրավաբանների շուկան շատ զարգացած է ու խիտ, ավելի դժվար կլիներ նաեւ հոգեբանորեն՝ օտար, վարձակալած բնակարան, աշխատանքի ու սովորական սոցիալական միջավայրի բացակայություն, ծանր մտքեր:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նոր տեղափոխվողներին խորհուրդ եմ տալիս չկորցնել կապը Ռուսաստանում մնացած ընկերների հետ: Իմ դեպքում շատերի հետ ես ինչպես Պիտերում էի օնլայն շփվում, այնպես էլ շարունակում եմ Երեւանում, թվում է՝ ոչինչ չի փոխվել: Առաջին ամիսներին կար մեկուսացման զգացում, քանի որ միայն ընկերուհուս ու գործընկերներիս հետ էի շփվում: Հիմա ծանոթացել եմ ինձ նման ռելոկանտների հետ, իրար լավ ենք հասկանում, քանի որ ունենք ընդհանուր զգացողություններ:

Վալերիա Չերնիցկայան Վալերիա Չերնիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծանոթանում եմ նաեւ տեղացիների հետ: Մտածողությունն, իհարկե, տարբերվում է, բայց կարող եմ ասել՝ այն շատ մոտ ու հարազատ է ինձ: Չգիտեմ, գուցե, դասական պետերբուրգցիների համեմատ ես ավելի բաց ու լավատես եմ (ծիծաղում է – հեղ.):

 

Լեռներն ու Բյուրականի աստղաշատ երկինքը

 

Այս ամիսներին բազմաթիվ մարդկային պատմություններ եմ լսել ու շատ ջերմություն եմ ստացել: Մի քանի անգամ տեղացիներն ինձ փորձել են նույնիսկ ամուսնացնել (ծիծաղում է – հեղ.): Նման մարդկային շփումը կարեւոր է, ես լիցքավորվում եմ, ուժ ստանում: Դիմացինի կողմից դրական վերաբերմունքը շատ է օգնում կյանքի այս փուլում: Տեղացի երիտասարդները, հատկապես նրանք, որ հասցրել են ծառայել բանակում, լիովին հասկանում ու կիսում են եղած ցավը: Շատ ենք քննարկում 2020 թվականը: Այդ իրադարձություններին ես մեծ ցավով հետեւում էի Ռուսաստանից:

Վալերիա Չերնիցկայան Վալերիա Չերնիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծանոթացել եմ նաեւ տեղացիների հետ, որոնք կիսում են իմ հետաքրքրությունը՝ լեռները: Գարնանը Ռուսաստանից կտեղափոխեմ արշավական պարագաներս ու կսկսեմ իրենց հետ արշավներ գնալ: Երեւանը շատ հարմարավետ քաղաք է, բայց ինձ ավելի շատ բնություն է պետք: Շատ եմ սիրում լեռնային բնապատկերներ: Մայրաքաղաքից դուրս հասցրել եմ լինել Աշտարակում, շատ հավանեցի տեղի բնությունը, մարդկանց կենցաղը: Եղել եմ մի քանի դասական զբոսաշրջային վայրում: Նաեւ ավանդույթ ունեմ, որը Հայաստանում էլ եմ պահպանել: Օգոստոսին, երբ աստղաթափ է լինում, սիրում եմ մեկնել քաղաքի լույսերից հեռու մի տեղ ու հետեւել դրան: Այս անգամ ավանդույթս իրականացրի Բյուրականում: Քնապարկում պառկած պարզապես նայում էի աստաղաշատ երկնքին:

 

Դրական փոփոխություններն ու Հայաստանի երեք «խնդիրը»

 

DataArt-ում պարտականություններիս առումով ոչինչ չի փոխվել, աշխատում եմ նույն գործընկերների հետ, հակառակ դեպքում՝ ավելի դժվար կլիներ: Շատ շնորհակալ եմ ընկերությանն ահռելի օգնության համար: Գործընկերների կողմից միշտ աջակցություն եմ ստանում: Գրասենյակում առավոտը սկսվում է անկեղծ ժպիտներով ու սուրճով: Չնայած այն սարսափներին, որ տեղի են ունենում աշխարհում, անձամբ ինձ համար 2022 թվականը դինամիկ էր ու դրական փոփոխություններով լի: Հասկանում եմ՝ կարող է տարօրինակ հնչել՝ հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը:

 

Հայաստանում ինձ համար միայն երեք «խնդիր» կա՝ ուտելիքը շատ համեղ է, գինին՝ շատ լավը, իսկ մարդիկ՝ շատ բարի (ծիծաղում է – հեղ.):

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին