Արեւմտյան Հայաստանի սահմանին մեծացող նոր սերունդը - Mediamax.am

exclusive
6905 դիտում

Արեւմտյան Հայաստանի սահմանին մեծացող նոր սերունդը


Ժենյան ու Տաթեւը
Ժենյան ու Տաթեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախկին, ներկա եւ ապագա աշակերտները՝ Ժենյան, Տաթեւը, Մանեն
Նախկին, ներկա եւ ապագա աշակերտները՝ Ժենյան, Տաթեւը, Մանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժենյան ու Տաթեւը
Ժենյան ու Տաթեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժենյան
Ժենյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժենյան ու Տաթեւը
Ժենյան ու Տաթեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժենյան ու Տաթեւը
Ժենյան ու Տաթեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանեն ու մայրիկը
Մանեն ու մայրիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մայրիկը եւ Նանեն
Մայրիկը եւ Նանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մուրադյանների ընտանիքը
Մուրադյանների ընտանիքը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս հոդվածը նախատեսել էինք հրապարակել սեպտեմբերի 27-ին, սակայն այդ օրը սկսվեց պատերազմը եւ բոլոր ծրագրերը փոխվեցին: Պատերազմից հետո հոդվածի հերոսների մտքերը առավել ցայտուն են հնչում:

 

-Լեռների մեջ կա պայքար, քարերի մեջ երգ ու պար:

 

Երգելով քայլում են Անիպեմզայի բնակիչներ Ժենյան ու Տաթեւը եւ ինձ ուղեկցում իրենց գյուղի տեսարժան վայրերը՝ հին գյուղի տարածք, սրբատեղի, հանքեր ու սահմանի փշալարերից այն կողմ՝ Արեւմտյանը Հայաստանի գյուղեր ու լեռների մասին տեղեկություններով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսկ փշալարերից այս կողմ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղն է։ Շատերի համար անծանոթ, մյուսների համար ծանոթ, քանի որ գյուղի տարածքում է գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվելու հավակնությամբ Երերույքի առեղծվածային տաճարը։

 

-Սահմանից այս կողմ մենք դինամիկներով բարձր միացնում ենք հայկական երաժշտությունը ու սկսում ենք քոչարի, յարխուշտա պարել, որ տեսնին տրաքվին, իրանք էլ էդի լսում են, սկսում են մուղամը,- ասում է Ժենյան եւ հեռվում ցույց տալիս սահմանից այն կողմ գտնվող գյուղերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հեռահար այս խոսակցությունը սահմանակից գյուղերի համար սովորական է։ Փշալարերից այս ու այն կողմ սահմանապահներից զատ, բնակիչներն են միմյանց հսկում, հետեւում, նայում փոփոխություններին, գյուղերում վառվող լույսերի քանակին ու գյուղատնտեսական աշխատանքներին։

 

Անիպեմզան հայ-թուրքական սահմանի գյուղերից է, որ նախկինում եղել է սահմանապահների խիստ հսկողության ներքո, միայն հատուկ թույլտվությամբ է հնարավոր եղել անցնել արգելապատնեշից այն կողմ ու մնալ որոշակի ժամանակով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա գյուղը բաց է բոլորի համար, ավելի մեղմ է հայ եւ ռուս սահմանապահների հսկողությունը, կարելի է գնալ հաղթահարելով քարուքանդ ճանապարհը։ Կառավարությունը գումար հատկացրել է վերանորոգման համար, բայց շինարարի թերացումների հետեւանքով կիսաքանդ ճանապարհին կարելի է տեսնել մարդատար ու բեռնափոխադրումներ իրականացնող վնասված մեքենաներ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած դժվարություններին, Անիպեմզայի հյուրերը վերջին տարիներին սկսել են շատանալ։ Զբոսաշրջիկները գալիս են հիանալու Երերույքի տաճարով, որոշները մտնում են գյուղ, սահմանապահ գյուղացիներն էլ միշտ հետեւողական են՝ կասկածելի մարդկանցից զգուշավոր։

 

Ընտանիքս էստեղ է ու դրանից լավ՝ ուրիշ տեղ չկա

 

- Անիպեմզան կներկայացնեն շատ հուզական, էնքան լացակումած են պատմըմ, նստմ են մեր տեղը լացմ են։ Հեչ լացելու չէ, մենք սահմանից ընդհանրապես չենք վախենում, միշտ կմնանք Անիպեմզայում, ես ուր էլ գնամ, վերադառնալու եմ Անիպեմզա, թող մեր տեղը հեչ մեկը չնեղվի։ Անիպեմզայի պայմանները մեզ դուր է գալիս, թեկուզ բարձր որակի չէ, բայց մենք կաշխատինք ու մեր գյուղը ավելի լավը կդարձնենք,-16 տարեկան Տաթեւն է մի փոքր սրտնեղում, բայց եւ լիահույս է, որ հնարավոր կլինի ամեն ինչ փոխել։

Լուսանկարը` Մեդիամաքս

 -Մեր գյուղում քիչ մարդ կա, բայց ամեն մարդ պտի հասկանա օր անկոտրում է, սակավաթվությունը լացի պատճառ չէ։ Ամեն տեղ էլ դժվար է, խոսքի մեր տունը զուգարան չկա, դա չի կարող պատճառ դառնալ, որ գնամ Ամերիկա, որովհետեւ Ամերիկա գնալու փող ունիմ, ըշտը մնամ տունս կսարքեմ, գիմանամ օր իմ հայրենի հողի վրա եմ, ոչ թե կերթամ Ամերիկա, հըբը՞ ըստեղ, -18 տարեկանի խանդավառությամբ գյուղի ապրելու ու պայքարելու պատկերացումներով է կիսվում Ժենյան։

Ժենյան Ժենյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Անիպեմզայով շրջելով հասանք ուղեկիցներիս՝ Ժենյայի ու Տաթեւի տան մոտ։ Նրանց մայրիկը երրորդ դստեր հետ գորգ էր լվանում։ Փոքրիկ Մանեն ամբողջությամբ թաց շորերով ջրի մեջ չփչփացնելով օգնում էր մայրիկին իր բարձր տրամադրությամբ։

Մանեն ու մայրիկը Մանեն ու մայրիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արուսյակ հորաքույրն էլ գյուղ եկած հյուրին ներկայացնում է իրենց գյուղի լուսավոր անցյալը, որից ըստ նրա մնացել են միայն վառ հիշողություններ։

 

- Անիպեմզան կառուցվել է 1926 թվականին, գյուղի պեմզա քարի հանքերի աշխատողների համար։ Էն ժամանակ բնակիչները այնքան շատ են եղել, որ շենքի մեկ մուտքի մեկ հարկում ապրել են 4-6 ընտանիք, իսկ հիմա ընդամենը մեկ ընտանիք է զբաղեցնում տարածքը։ Զարմանալի է, բայց շենքերում ոչ ջուր կա, ոչ էլ կոյուղի, երեւի մտածել են, որ հանքերի աշխատողները ժամանակավոր են մնալու։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բնակիչները եկել են տարբեր բնակավայրերից։ Ըստեղ մանկատուն է եղել, ստացիոնար հիվանդանոց, ծննդատուն, փոստ, մանկապարտեզ, սննդի խանութ, ճաշարան, լողավազաններ, շատրվան։ Էստեղ կյանքը էնքան լավ է եղել, որ չեն ձգտել դուրս ելնել։ Բայց հմի էս ամեն ինչից հեչ բան չի մնացել, սաղ կերթան, մենակ դատարկ շենքներ են։

Մուրադյանների ընտանիքը Մուրադյանների ընտանիքը

Լուսանկարը` Մեդիամաքս

-Բա մե՞նք, մենք մեր 6 էրեխեքո՞վ... - գորգը լվանալով խոսքին միանում է Ցողիկ Մկոյանը,-մենք պտի ստեղծենք ու պահենք, ուր երթանք։ Ընտանիքս էստեղ է, ու սրանից լավ տեղ չկա։ Ապագան սաղիս ձեռն է, օր ուզենան, կարող են հավաքվել, կազմակերպել։ Շատ են ճոխցնեմ մեր մոտի ժողովուրդը, եթե իրանք ուզեն, 15 երեխա կա մամաներով կհավաքվին, մեր մեծ դպրոցի փոքր անկյունում մեկ դասարանը կտրամադրեն, մեր երեխեքը կերթան մանկապարտեզ,- խոսքը կիսատ թողնելով ասում է Ցողիկն ու վազում՝ երեխայի լացի ձայն լսելով։

Մայրիկը եւ Նանեն Մայրիկը եւ Նանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Քիչ անց փայլուն աչիկներով գալիս է բարեւելու երեք ամսական Նանեն՝ տան ամենափոքրը։ Զարմացած ու ամեն անկյունից բարեւող երեխաներին նայող իմ հայացքին՝ ընտանիքի մայրը՝ 38 տարեկան Ցողիկը շտապում է պատասխանել.

 

- 6 երեխա ունեմ՝ Ասլանս, Ժենյաս, Տաթեւս, Ռուսլանս, Մանես ու Նանես։ Ասլանս արդեն մի տարի է ծառայում է Տավուշի մարզում, էդ ընթացքում էլ ծնվել է Նանես։ Զինվորս դեռ չի տեսել իր փոքրիկ քրոջը։ Մեր ազգը քիչ է, թող շատ էղնին էրեխեքը, քուր-ախպեր իրար թեւ ու թիկունք էղնին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամուսինս հաշմանդամ է, հիմա դրսում է, աշխատում է, ինձ համար էլ հեշտ չէ, ջուր չկա գյուղը, ջուրը բերում-վաճառում են։ Պահել, մեծացնելը դժվար է, բայց դե ամեն էրեխա իր ղսմաթով կծնվի, մայրական էդ երջանկությանը հեչ բան չի հասնի, մնացել է ամեն մեկին իրա նպատակին հասցնենք։

 

Դպրոցի նախկին, ներկա ու ապագա աշակերտները

 

Մուրադյան ընտանիքի տան թիկունքում Անիպեմզայի միջնակարգ դպրոցն է։ Դպրոցը մի կողմից ցանկապատված է Մուրադյանների բակի ցանկապատով, մյուս կողմից սահմանի փշալարերն են։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ ֆուտբոլ են խաղում, միշտ ուշադիր են, տղաները միմյանց ձայն են տալիս.

 

-Կամաց զարկ, գնդակը հասավ Թուրքիա։

 

Անիպեմզայի դպրոցն ունի 41 աշակերտ, այս տարի 5 առաջին դասարան շեմող երեխա։ Այս լուսանկարում նստած են դպրոցի բակում ու նայում են Արեւմտյան Հայաստանին։

 

Հետաքրքիր պատահականությամբ, նախկին, ներկա ու ապագա աշակերտներն են։ Ժենյան այս տարվա Անիպեմզայի միակ շրջանավարտն էր, Տաթեւը 11-րդ դասարանի միակ աշակերտն է, իսկ 5 տարեկան Մանեն հաջորդ տարվա առաջին դասարանցին է լինելու։ Դասարանները կոմպլեկտավորված են։ Մեկ դասարանում երկու տարիքային խմբերի երեխաներ են։ Սակայն սա չի խանգարում երեխաներին լավ սովորել ու համարձակ նպատակներ ունենալ։

 

- 8-րդ դասարան Հովսեփ Էմինի մասին էր պատմում ուսուցիչը։ Ներկայացրեց, թե ինչպես գնաց Հնդկաստան, մենակ մնաց, հետո ինքը իրա գործողություններով ապացուցեց, որ մենակ կարող է ամեն ինչ անել։ Էդպես ոգեւորվա, ու սկսեցի դառնալ Հովսեփ Էմին ու ես էլ եմ կարծմ, օր հնարավոր է մենակ պայքարել ու մեր գյուղն էլ փոխենք, -ասում է Ժենյան ու նաեւ պարծենում, որ իր այս գաղափարով վարակել է փոքր քույրերին։ Եվ պատահական, չէ, երբ լսում ես, որ նրանց հերոսները պատմության էջերից հայտնի ֆիդայիններն են։

 

- Պապաս հավանում է Գեւորգ Չաուշին, Ժենյայի սիրելի հերոսը Սոսե մայրիկն է, ով կարողացավ ամուր լինել, առանց ամուսին ու որդիների էլ մինչեւ վերջ պայքարել, իմ հերոսը Հրայր Դժոխքն է, 5 տարեկան Մանեինը՝ Աղբյուր Սերոբը,- բոցկլտացող աչքերով Տաթեւը թվարկում է ֆիդայինների անունները, ապա խոսում իրենց ծրագրերից։

Ժենյան ու Տաթեւը Ժենյան ու Տաթեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քույրերով հաճախում են Գյումրիի Թումո ստեղծարար կենտրոն, սովորում են ռեժիսուրա, սցենարագրություն, դերասանություն, լուսանկարչություն, անիմացիա, նկարչություն։ Թե որ մասնագիտությունն են ընտրելու, այս հարցում մեծ է եղել նաեւ ուսուցիչների դերակատարությունը։

 

- Առաջինը ուզում եմ հետաքննող լրագրող դառնամ, օր աշխարհայացքս ավելի լեն էղնի, հետո օր դիմեմ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին, կարողանամ աշխատիմ, որ էրեխեքին մենակ էդպես առարկայական նեղ գիտելիք չտամ, այլ ավելի լեն, ինչխօր ընկեր Հասմիկը։ Լրագրող դառնալով կարող եմ մարդկանց խնդիրները վեր հանել, օրենքի ու արդարության հանդեպ զգոնություն ապահովվեմ, իսկ Տաթոն ուզում է լուսանկարիչ դառնա, - Ժենյան է կիսվում իր ու քրոջ ապագա ծրագրերով ու կանխելով հարցս, ասում է, թե ով է իրենց սովորեցրել լրագրողների ու տեսախցիկների մոտ համարձակ իրենց մտքերը շարադրել։

 

Ընկեր Հասմիկը Անիպեմզա եկել էր 3 տարի առաջ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրով, երկու տարի դասավանդել է դպրոցում, երեխաների հետ նույնիսկ փոքրիկ խմբագրություն են ստեղծել ու իրենց ամսագիրը հրապարակել։ Ամսագրի վաճառքի գումարով ու աջակցությամբ կարողացել են գյուղում փոքրիկ խաղահրապարակ ստեղծել, միաժամանակ հույս է ներշնչել, որ եթե սովորեն, ապա գիտելիքի ուժով, շատ բան կկարողանան փոխել գյուղում։ Հետագայում ընկեր Հասմիկին եկել է փոխարինելու ընկեր Լիլիթը, երկուսն էլ լրագրողներ են։ Այն հարցին, թե ինչով են տարբերվում դպրոցի ու «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրով եկածները, Ժենյան անկեղծ պատասխանում է.

Ժենյան ու Տաթեւը Ժենյան ու Տաթեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

- «Դասավանդի՛ր, Հայաստան»-ով եկածները մեծ աշխարհայացք ունին։ Աշխատում են, խմբակներ ստեղծում, պարապ չեն թողնում, իսկ մյուս ուսուցիչները նեղ առարկայական գիտելիք են տալիս։ «Դասավանդի՛ր, Հայաստան» հերիք չէ նեղն է տալիս, մի բան էլ էնքան լեն է տալիս, որ հա ուզմ ես սովորել։

 

Ապա քույրերով սկսում են թվարկել, թե ընկեր Հասմիկից ու ընկեր Լիլիթից ինչ են սովորել ու թե իրենք հետագայում ում մեթոդով կառաջնորդվեին, երբ աշխատեն։

 

Ես առաջին աշխատավարձս պտի տամ, էրթամ Արեւմտյան Հայաստան

 

Փշալարերից այն կողմ անիպեմզացիների համար մեկ այլ աշխարհ կա, ծանոթ ու կանչող։ Իրենց համար հարազատ, բայց եւ արգելված, ու թաքուն մի ցանկությամբ․ «Երբ սահմանը բացվի, առաջինը ես եմ գնալու մեր հողերում ապրելու»։

Ժենյան ու Տաթեւը Ժենյան ու Տաթեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հենց այս մտածողությունն ու հայոց պատմության դասերն են քույրերին ներշնչել, որ փշալարերից այն կողմ Արեւմտյան Հայաստանն է, եւ ոչ թե մեկ այլ պետություն։

 

- Մենք հայերս մեր գիտակցության մեջ ունինք պայքար մղելու, մեր կորցրած տարածքները հետ վերցնելու ձգտում ու մենք էդ պայքարի գաղափարի հետ պտի նաեւ մեր մտքից չհանենք ու ընդունենք օր դա Թուրքիան է, եթե դա ընդունենք որպես Թուրքիա, ուրեմն մեր կռիվները ինչի համար են,- ասում է Ժենյան։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւն էլ ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում հեռադիտակով նայել սահմանից այն կողմ միշտ նույն զգացողությունն է ունենում, որը բառերով դժվարությամբ է կարողանում ներկայացնել.

 

- Մե տեսակմ ոտներս դողմ է, ինչխօր կանչեն ընձի։

 

Որոշել են, որ երբ առաջին աշխատավարձը ստանան, գնալու են Վան ու Էրզրում։ Իսկ այն հարցին, թե եթե հնարավոր լինի բացել սահմանը, արդյո՞ք հնարավոր կլինի երկու պետությունների բնակիչների հարեւանությունը, այս հարցում քույրերը միակարծիք չէին։ Տաթեւը հնարավոր համարում է, բայց շատ զգույշ, իսկ Ժենյան քիչ հավանական է համարում հարեւանությունը։

 

Իսկ մինչ այդ մտածում են, որ պետք է փոխեն իրենց գյուղը, ամեն մեկը մի ցանկություն է արտահայտում: Մեկը ջրամատակարարման համակարգն է ուզում նորոգել, որ այլեւս երկու օրը մեկ ջուր չբերեն վաճառեն ու իրենք էլ դույլերով տանեն տուն, մյուսը փողոցներն է սարքում, աղբահանության խնդիրը լուծում ու կուլտուրական կենտրոն է սարքում, որ լինեն տարբեր երգի, պարի, սպորտի խմբակներ, մարդկանց իրավունքներն ու պարտականությունները կսովորեցնեն, ու ով ցանկանա բարձրագույն կրթություն ստանալ կհովանավորեն, որ սովորի ու վերադառնա գյուղ։ Ու այս ամենը անելու են չհավակնելով դառնալ գյուղապետ, որ չասեն, թե ձայն հավաքելու համար են գյուղը բարեկարգում ու մտածելակերպ փոխում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Քույրերի կարծիքով, եթե այս ամենը խանդավառված երիտասարդներով կարողանան անել, ոչ ոք չի ուզենա հեռանալ Անիպեմզայից։

 

- Եթե հմի մենք գնանք Անիպեմզայից ու մտածենք որ դուրսը հեշտ է, մեր կյանքից անտեղի ժամանակ կէրթա մինչեւ էնտեղ հեշտցնենք, մինչեւ էնտեղ գնանք հասնինք հեշտցնենք, մենք կրանք էստեղ մնալով ավելի կարճ ժամանակում հեշտցնենք էն ճանապարհը, որ ուզում ենք անցնել։ Ես չեմ կարծում, որ դժվարություններից փախչելով մենք կհարթենք այն։ Դրա համար Անիպեմզայում մնալը ճիշտ է։

 

Անահիտ Հարությունյան

 

Լուսանկարները՝ Գեւորգ Հրաչյան (Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին