Երերույք` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հույսին մնացած առեղծվածային տաճարը - Mediamax.am

exclusive
27609 դիտում

Երերույք` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հույսին մնացած առեղծվածային տաճարը


Երերույքի տաճարը
Երերույքի տաճարը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Երերույքի տաճարը
Երերույքի տաճարը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Երերույքի տաճարը
Երերույքի տաճարը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Երերույքի տաճարը
Երերույքի տաճարը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Երերույքի տաճարը
Երերույքի տաճարը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Անիպեմզայում
Անիպեմզայում

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լեռնիկ պապը
Լեռնիկ պապը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս


Գյումրիից ընդամենը 50 կիլոմետր է հեռու Երերույքի տաճարը: Նորից գնում ես այն նույն ճանապարհով, որ տանում էր Անիին նայող Խարկով գյուղ, միայն թե մի փոքր ավելի երկար, որ հասնես հարեւան՝ Անիպեմզա գյուղ: Գյուղ տանող ճանապարհին զուգահեռ՝ ընդամենը երեք մետր հեռավորությամբ անցնում են հայ-թուրքական սահմանի փշալարերը: Բայց  դեռ գյուղ չմտած տեսնում ես Երերույքը, հայացքդ անմիջապես շեղվում է:

 

Երբ հնագիտական շատ տեղեկություններ չգիտես առանց շուրջդ նայելու բարձրանում ես եկեղեցու շրջապատող աստիճանաձեւ 5-6 բարձր  աստիճանները,  մի պահ շունչ ես քաշում ու կանգնում  շեմին…

 

Մեծ խորանը բաց երկնքի տակ ու արեւի ճառագայթների ներքո առեղծվածային խորհրդավորություն են հաղորդում  տաճարին, որը փոխանցվում է նաեւ քեզ: Ակամայից լռում ու ակնդետ նայում ես արեւով ողողված արեւոտ քարով սարքված տաճարի հզորությանը եւ նրան, թե ինչպես երկինքը կամար է կապել ու դարձել տանիք Երերույքի համար:  

Երերույքի տաճարը Երերույքի տաճարը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Սեփական փոքրությունը ու ամեն մի քարից ճառագող ուժը զգալով ուզում ես  հասկանալ, ընկալել տաճարի վեհությունը, գեղեցկությունը, հզորությունն ու դարերի պայքարը՝ ժամանակի ու թշնամիների դեմ: Երերույքը ստիպում է մնալ ինքդ քեզ հետ, լսել տաճարի քարերի մեջ ծվարած վայրի հավքերի թռիչքի ձայնը, կակաչներից  նեկտար հավաքող մեղուների բզզոցն ու դարերով այստեղ թափառող քամու ձայնը:

 

Հանկարծ զգում ես, որ փշաքաղվում ես: Չգիտես ինչպես ու որտեղից լսվում է հոգեւոր երաժշտության ձայնը: Փորձում ես սթափվել ու մտածել, որ  ամեն մի անկյունից սուլող քամին է այդ էֆեկտը ստեղծել, կամ էլ…

 

Խորանի երկու կողմերի փոքր սենյականերում դրված են սրբապատկերներ, որտեղ ամեն մարդ կարող է քամու հետ կռվել ու երկար ջանքերից հետո վառել իր մոմը:

 

Տաճարի պատերից դուրս մեկ այլ առեղծված է համայնապատկերում: Եկեղեցու շուրջ մի պարիսպ կա, քարանձավային սենյակներ, մի քիչ ներքեւում՝ ձորակի մեջ մի տարօրինակ շինություն։

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Իսկ ավելի հեռու, դեպի հարավ-արեւելք՝ մի ջրամբարի պատնեշ կա եւ մի ամբողջ բնակավայր։ Դրանք, ինչպես նաեւ դրանց կապը տաճարի հետ մասնագետներն առայժմ համարում են առեղծվածային։

 

 Երերույքը ավելի շատ հարցեր ունի, քան պատասխաններ

 

- Չենք կարող ասել կառուցման հստակ թվագրությունը: Այդ տիպի հուշարձան չկա Հայաստանում: Միայն Թորոս Թորոմանյանն է նշում, որ այն նման է Ախուրյանի մյուս ափին գտնվող Շիրակավանի եկեղեցուն ու որոշ ընդհանրություններ ունի Տեկորի տաճարի հետ: Բայց այս կառույցները 7-րդ դարին են կառուցվել, իսկ  Երերույքը ավելի հին է, ախր շատ հարցեր կան, - նշում է Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանն ու բացում տարբեր աշխատություններ, որոնք բոլորն էլ միայն ենթադրական տեղեկություններ են տալիս  Երերույքի տաճարի մասին:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

-Ի՞նչու է կոչվել Երերույք, ի՞նչու է հենց այդ վայրում կառուցվել ու ի՞նչու այն նման չէ մեր եկեղեցիներին: Հարցերի այս շղթայի պատասխանները հստակ չեն, ունեն մի քանի վարկածներ: 

 

Տաճարը Անի մայրաքաղաքից 5կմ է հեռու: Երերույքը (Երերուաց) պատմական Շիրակ գավառի գյուղերից է, որի անունով էլ հայտնի է տաճարը: Թեեւ հենց անվանման հարցում կան մի քանի վարկածներ: Ն. Մառը  իր աշխատության մեջ անդրադառնալով  տաճարին ու անվանմանը նշում է, որ տվյալ վայրում եղել են վայրի այծեր, գուցե Երե-որս անվանման հետ կապ ունի, իսկ Անիպեմզա գյուղի բնակիչները մեկ այլ ենթադրություն են ներկայացնում տաճարը տեսնելու եկած հյուրերին:

Երերույքի տաճարը Երերույքի տաճարը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

- Մենք գիտենք օր տաճարն ունեցել է 6 սյուներ, հեռվից նայողին թվացել է, թե տաճարը կերերա, ըդոր համար էլ կոչվել է Երերույք,- բացատրում է Անիպեմզայի բնակիչ Կորյուն Բաղրամյանն ու նաեւ  պարծենում,- Անին էդքան եկեղեցի ունի, բայց մեր տաճարի մեծության եկեղեցի չկա,Անիի մայր տաճարը իր մեծությամբ մե քանի անգամ փոքր է մեր Երերույքից:

 

Նիկողայոս Մառը իր աշխատության մեջ նշում է, որ արձանագրությունների համաձայն, Անիի տուֆով կառույցը կոչվել է Սµ. Կարապետի վկայարան: Թվագրվում է մոտավորապես V-VI-րդ դարեր, այն եռանավ հսկա բազիլիկ է: Կառուցված է ստիլոբատի (աստիճանաձեւ հիմք) վրա։ Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որն իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության ավանդույթները։ Տաճարի մասին պատմիչները լռում են։

Երերույքի տաճարը Երերույքի տաճարը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

-Ոչ մեկս չգիտենք խաչ եղե՞լ է, թե՞ չէ: Նույնիսկ չգիտենք, թե ծածկն ինչպիսին է եղել,  պեղումների ժամանակ նկատել ենք կղմինդրի կտորներ, բայց դե հմի ծածկը ի՞նչ սիստեմի է եղել, էդ էլ է հարց, կոնստրուկցիան անհայտ է,- փաստում է Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրենն ու հավելում, որ ըստ Թորոս Թորամանյանի նկարագրության, նախնական կառույցը տարբեր ժամանակներում հավելվել է տարբեր սրահներով եւ այժմյան բազմաստիճան գետնախարիսխով: Նրա մուտքերից մեկի ձախ կողմում պահպանված արձանագրությունից տեղեկանում ենք, որ XI-րդ դարում Բագրատունյաց Հովհաննես–Սմբատ արքայի կինը ներդրումներ է կատարել՝ տաճարի վերանորոգման համար։

Երերույքի տաճարը Երերույքի տաճարը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Հետագայում տաճարի վերականգնման, ամրացման-կոնսերվացման աշխատանքներ կատարվել են 1928 թվականից: Խորհրդային շրջանում վերսկսած վերջին ամրացումը (1965թ.) մնացել է թերի:

 

2010-2011թթ. այստեղ աշխատել են Շիրակի Երկրագիտական թանգարանի եւ Ֆրանսիայի Պրովանսի համալսարանի մասնագետները։ Տարածքում հայտնաբերվել է ընդարձակ մի դամբարանադաշտ, պատվանդաններ ու բազմաթիվ նորածինների թաղումներ։ Նորածինների գերեզմանների մեծ քանակը ենթադրել է տալիս, որ այն կապված է հավանաբար ինչ–որ աղետի հետ, կամ գուցե այստեղ թաղել են դեռ չմկրտված նորածիններին: Հայտնի չէ նաեւ դամբարանադաշտի ու բազիլիկի ժամանակագրական կապը։

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Բայց այստեղ ու այնտեղ սփռված քանդակազարդ քարերը ցույց են տալիս, որ այս համալիրն ապրել ու զարգացել է վաղ քրիստոնեական, նախաարաբական շրջանում։ Հետագայում եւս իր գործունեությունը ծավալել է հատկապես Անի մայրաքաղաքի ծաղկման շրջանում՝ X-XI-րդ դարերում:

 

Երերույքը առաջնահերթություն է իբրեւ հուշարձան, ոչ իբրեւ եկեղեցի

 

Այսպիսին է Շիրակի թեմի առաջնորդի դիրքորոշումը Երերույքի տաճարի պահպանման ու վերականգնման հարցում: Միքայել եպիսկոպոս Աջապահյանը բարձր է գնահատում է Երերույքի բացառիկությունը, բայց ոչ վերականգնման առաջնահերթությունը թեմի համար.

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

- Եկեղեցին էլ, մշակույթի նախարարությունն էլ, համայնքն էլ անելիք, հավասարապատիվ պատասխանատվություն եւ պարտականություն ունեն: Բայց  գյուղապետարանը ամենաքիչ ռեսուրսներն ունի ու կարող է միայն պահպանել եղած վիճակով, վերականգնել չի կարող: Եկեղեցին եւս ռեսուրսներ չունի վերականգնման համար եւ հիմնական պատասխանատուն մնում է մշակույթի նախարարությունը: Ձեզ համար եկեղեցին հուշարձան է, մեզ համար  եկեղեցին հավաքատեղի է, որտեղ պետք է ժողովրդին հավաքել: Եկեղեցին չի կարող հուշարձան նորոգել: Իր առաքելությունը հուշարձան վերականգնելը չէ: Անիպեմզան այսօր փոքրիկ գյուղ է, իրենից ավելի մեծ գյուղեր կան, որ եկեղեցի չունեն, ուրեմն ես պե՞տք է մտահոգվեմ ավելի մեծ գյուղի եկեղեցի չունենալու խնդրով, թե՞ փոքր գյուղի մեծ տաճար ունենալու հարցով: 

 

-Hello! Coffee drink?

 

 

Երբ մտանք Երերույքից մի քանի քայլ հեռու Անիպեմզա գյուղ՝ այսպես մեզ  դիմավորեց 12 տարեկան Քրիստինեն՝ ենթադրելով, որ արտասահմանից հյուրեր ենք: Վերջին տարիներին Ֆրանսիայից, Իտալիայից շատերն են գալիս ուսումնասիրելու տաճարը: Իսկ տեղացի զբոսաշրջիկները համարյա չեն մտնում գյուղ: Գալիս տաճարով հիանում՝ հեռանում են:

 

- Գյուղը նույնպես արժանի է պատմական գնահատականի: Եվրոպա Նոստրա միջազգային կազմապերպությունն էլ Երերույքն ու գյուղը ընդգրկել են «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում: Անիպեմզան Երերույքի վերականգնման հետ կապ չունի, բայց պետք չէ տարանջատել, այն պատմական շերտագրության մի մաս է,- նշում է ՀՀ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

 

Գյուղի մասին ավելի շատ պատմում են գյուղացիներն ու մի փոքր վիրավորվում են, երբ մոտ 400 բնակիչ ունեցող Անիպեմզան գյուղ են անվանում:

Անիպեմզայում Անիպեմզայում

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

- Մենք գյուղ չենք, Անիպեմզան Հայաստանի առաջին ավանն է: Ալեքսանդր Թամանյանի նախագծով է 1926 թվականին կառուցվել պեմզայի հանքերում աշխատող բանվորների համար: Գիտես, ինչ այգի ունեինք, դպրոց, մանկապարտեզ, մանկատուն էլ սարքին՝ Ամերիկյան որբանոցի երեխեքի մե մասին էստեղ էին բերել: Ամենահարուստ ավանն էր, քաղաքի պես կապրեինք,- հաճելի հիշողություններով կիսվում է Անիպեմզայում ծնված ու մեծացած Գագիկ  Սեդրակյանը:

 

- 1994 թվականից Անիպեմզայի կյանքը մեկից փոխվավ: Էն ժամանակ մեր հանքերի քարերը կտանեին նախկին Խորհրդային միության տարբեր երկրներ: Սովետը քանդվավ, էստեղից քար տանելու ծախսը ավելի շատ էր, քան քարի գինը, դրսից քար ուզողներ չէղան, իսկ ներսում էլ մինչեւ էստեղ չեն հասնի քար տանելու համար: Հանքերը դառան մասնավոր, 5 ամիս կշահագործեն, մե քանի հոգի էնտեղ կաշխատի: Անիպեմզան դառավ թոշակի, նպաստի վրա նստած գյուղ, շատերը փախան էստեղից: Անիպեմզան մե թիզմ հողմ չունի, ի՞նչ մշակէ մարդը: Հմի ոչ գեղացի է, ոչ քաղքցի, - անկեղծ մտահոգվում է Անիպեմզայի գյուղապետ՝ Հարություն Թառլանյանն ու նաեւ նշում, որ գյուղի չդատարկվելու միակ հույսը Երերույքի տաճարն է: Կարողանան տաճարը տեսնելու եկած զբոսաշրջիկներին հրավիրել գյուղ, հյուրատներ ու թանգարան ստեղծել, բայց նախեւառաջ տաճար բերող 3 կիլոմետր երկարության ճանապարհն է պետք գոնե վերանորոգել, որ եկածներն էլ «քոռ ու փոշման» հետ չգնան: Համայնքը միջոցներ չունի նորոգելու, կառավարությունն էլ անտեսում է  դիմում-խնդրանքները:

 

Երերույքի ու սահմանամերձ գյուղի խնդիրներով զբաղվող պատասխանատուների  անտարբերությունից հոգնել են: Հիմա գյուղովի սպասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմանը:  Հայաստանի մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական մշակութային ժառանգության ցուցակում ներկայացնել Երերույքի տաճարը, պատրաստվում են փաստաթղթային փաթեթը:

Լեռնիկ պապը Լեռնիկ պապը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

-Կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճանչնալուց  հետո մեր իշխանավորներն էլ գան տաճարն ու մեր Անիպեմզան «ճանաչեն»: Ախր հենց մեր լուսամուտի տակով կանցնի հայ-թուրքական սահմանի փշալարերը, իսկ Երերույքն էլ ափսոսե, ինչքան մնա էսպես ավեր: Հայաստանի հարուստները խո չեն մտածե  էս ամեն ինչի մասին, իրանք գուզեն հիմքից եկեղեցի սարքեն, որ իրանց անունները վրեն գրվի,- Լեռնիկ պապը կարծես փոխանցում էր լեռան պես ամուր ամեն ինչ տեսած ու լուռ կանգնած Երերույքի դարավոր սրտի ցավը, որ բաց վերքի պես բաց երկնքի տակ սպասում է...

 

Անահիտ Հարությունյան

 

Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին