Դեւիդ Ֆիլիպս. Դավութօղլուն ցանկանում էր հրաժարվել արձանագրություններից եւ բանակցել նոր համաձայնագրի շուրջ - Mediamax.am

exclusive
22358 դիտում

Դեւիդ Ֆիլիպս. Դավութօղլուն ցանկանում էր հրաժարվել արձանագրություններից եւ բանակցել նոր համաձայնագրի շուրջ


Դեւիդ Ֆիլիպսը
Դեւիդ Ֆիլիպսը

Լուսանկարը` Edge.passblue.com կայքից

Դեւիդ Ֆիլիպսը
Դեւիդ Ֆիլիպսը

Լուսանկարը` 3.bp.blogspot.com կայքից


Ամերիկացի փորձագետ եւ դիվանագետ Դեւիդ Ֆիլիպսն եղել է «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» նախագահը: Ներկայումս աշխատում է որպես ԱՄՆ Կոլամբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Իրավունքի եւ խաղաղության կառուցման ծրագրի տնօրենը: Նախկինում եղել է ավագ խորհրդական ԱՄՆ Պետդեպարտամենտի տարբեր բաժիններում եւ ՄԱԿ-ի Քարտուղարությունում:  

 

Հեղինակել է «Անլռելի անցյալը. ոչ պաշտոնական դիվանագիտություն եւ հայ-թուրքական հաշտեցումը» (Unsilencing the Past: Track Two Diplomacy and Turkish-Armenian Reconciliation) եւ «Դիվանագիտական պատմություն. Հայ-թուրքական արձանագրությունները» (Diplomatic history: The Turkey-Armenia Protocols) գրքերը:  

 

- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը ներկայումս դադարեցված է, եւ նույնիսկ Նալբանդյանի ու Դավութօղլուի վերջերս կայացած հանդիպումը չկոտրեց սառույցը կողմերի միջեւ: Հնարավոր համարո՞ւմ եք Ցյուրիխի արձանագրությունների վերադարձը բանակցությունների օրակարգ:

 

- Արձանագրությունների կյանքի կոչման գործընթացը դադարեցվել է, եւ դիվանագիտական փակուղու համար պատասխանատվություն են կրում վարչապետ Էրդողանն ու նրա կառավարությունը: Անկարան կարող է գործընթացը կյանքի կոչել ցանկացած պահին` արձանագրությունները ներկայացնելով Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը: Գոյություն ունի այլ ճանապարհ եւս: Էրդողանը կարող է հրաման արձակել բացել հայ-թուրքական սահմանը բնականոն ճամփորդության եւ առեւտրի համար: Նա կարող է հանձնարարել ԱԳՆ-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Նման քայլերը պահանջում են առաջնորդություն, պետական մոտեցում: Սակայն քիչ հավանական է, որ Էրդողանը կգործի հօգուտ Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման` հաշվի առնելով, որ Թուրքիան թեւակոխում է երկամյա ընտրական փուլ: 

 

- Դուք ասում էիք, որ բոլոր կողմերը, ներառյալ միջնորդները, սխալներ են թույլ տվել գործընթացում: Որո՞նք էին Թուրքիայի, Հայաստանի եւ ԱՄՆ-ի հիմնական սխալները, եւ ինչպիսի՞ դասեր պետք է քաղել:

 

- Անկարան բազմիցս փորձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հետ, չնայած ոչ արձանագրություններում, ոչ դրանց հավելվածներում ԼՂ հարցը չի շրջանառվել: Թուրք պաշտոնատար անձինք ենթադրում էին, որ կարգավորման գործընթացը ծավալվելու է «կառուցողական անորոշության» շրջանակներում: Նրանք կարծում էին, որ այդ երկու խնդիրները դիտարկվելու են զուգահեռաբար: Սակայն դիվանագիտության մեջ ցանկալին իրականի փոխարեն ընդունելը տեղ չունի:   

 

Երբ հայտարարվեց արձանագրությունների մասին, Ադրբեջանում դժգոհության ալիք բարձրացավ: Անկարան թերագնահատել էր Բաքվի ընդդիմությունը եւ տնտեսական լծակները: Էրդողանը մեկնեց Բաքու ԱԳՆ նորանշանակ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ, ով ցանկանում էր հրաժարվել արձանագրություններից եւ բանակցություններ սկսել նոր համաձայնագրի շուրջ: Էրդողանը հերքեց փոխկապակցման բացակայության մասին հայտարարությունները` դա անվանելով «զրպարտություն»: 

 

Անկարան առանց ամաչելու հռչակում էր, որ «պատմական հարցերի վերաբերյալ երկխոսությունը» կօգտագործվի` հաստատելու համար իր սեփական մոտեցումն առ այն, որ տեղի է ունեցել «ընդհանուր ողբերգություն», ինչպես նաեւ հայերի տեղահանությունը Օսմանյան կայսրության դեմ նրանց ըմբոստանալու պատմական համատեքստում արդարացնելու համար: Դա շատ սխալ հաշվարկ էր:

 

Անկարան ենթադրում էր, որ կարգավորումը կմեղմի Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչերը: Թուրք քաղաքական գործիչները Ցեղասպանության ճանաչումը թյուրիմացաբար համարում էին Սփյուռքի «կպչուն գաղափարը»` հաշվի չառնելով, որ ոչ մի հայ` որ երկրում էլ նա ապրի, որ կուսակցությանն էլ պատկանի, Ցեղասպանության ճանաչումը երբեք չի ստորադասի հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման:  

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը 2009թ. ապրիլի 22-ի ընդհանուր կերպով ներկայացրեց արձանագրությունները, սակայն դրանց տեքստը հասանելի չէր հասարակությանը մինչեւ օգոստոսի 31-ը: Հայաստանի կառավարությունը պետք է ավելի թափանցիկ գործեր: Արձանագրությունների մանրամասները մի քանի ամիս շարունակ թաքցնելը ստեղծեց վակուում, ինչը շահարկումներ առաջ բերեց այն մասին, որ արձանագրությունները դավաճանում են Հայաստանի ազգային շահերը:

 

Արձանագրությունների «անոնսը» հնչեց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից 2 օր առաջ: Ժամանակն անհաջող էր ընտրված: Արձանագրությունների քննադատները պնդում են, որ դրանք հենց այդ ժամանակ հայտարարվեցին, որպեսզի նախագահ Օբամային հնարավորություն տրվի խուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում:

 

Երեւանը ենթադրում էր, որ պատմական հանձնաժողովը եւ մյուս հանձնաժողովները կհաստատեին Ցեղասպանությունը հավաստող փաստերը եւ հարթակ կապահովեին խնդիրների լուծման համար՝ ներառյալ իրավական հարցերը: Սակայն դաշնակցականները եւ մյուսները մտավախություն ունեին, որ Թուրքիան կշահարկի պատմական երկխոսությունը` Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու համար: Իսկ Ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելը հավասարազոր է հայկական պետականության խարխլման:

 

Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավճիռը Թուրքիային «խռովելու» հնարավորություն տվեց: 

 

ԱՄՆ Պետդեպարտամենտը արձանագրություններն անվանեց «դիվանագիտական առաջընթաց», քանի որ դրանք տարանջատում էին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Դա պետք է հստակ նշվեր 2009թ. ապրիլին Գյուլի եւ Էրդողանի հետ Բարաք Օբամայի հանդիպումների ժամանակ: Բայց այդ փոխկապակցման բացակայությունը հաստատելու փոխարեն Օբաման լռեց:

 

Դեւիդ Ֆիլիպսը:

Լուսանկարը` 3.bp.blogspot.com կայքից:

 

ԱՄՆ-ը պետք է աշխատեր շվեյցարացիների հետ` համոզվելու համար, որ Դավութօղլուի եւ Նալբանդյանի հայտարարությունների տեքստերի փոխանակումը տեղի է ունեցել նախօրոք` մինչեւ 2009թ. հոկտեմբերի 10-ի ժամը 17-ը (երբ արձանագրությունները պետք է ստորագրվեին): Ժամանակին ծանուցումը կարող էր կանխել վերջին պահին ծագած խնդիրները, որոնք թունավորեցին ստորագրման արարողության մթնոլորտը: Դիվանագիտության ոսկե կանոնն է` ոչ մի անակնկալ: 

 

Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական ներգրավվածությունը վճռորոշ նշանակություն ուներ ստորագրման արարողությունը փրկելու հարցում: Արդյունքում, վավերացման եւ իրականացման գործընթացի մշտադիտարկումը հանձնարարվեց ավելի ցածր կարգի դիվանագետների: Պետքարտուղար Քլինթոնը այդ գործում ներդրեց իր անձնական հեղինակությունը: Նա կարող էր օգնել պահպանել ընթացքը` նշանակելով արձանագրությունների վավերացման հատուկ բանագնացի: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները բանիմաց դիվանագետներ էին, սակայն համաձայնագրի կնքման համար անհրաժեշտ էր ճնշում գործադրել ավելի բարձր մակարդակով:     

 

- Գործընթացի պատմությանը նվիրված Ձեր մենագրության մեջ Դուք պատմում եք 2009թ. հոկտեմբերի 10-ի իրադարձությունների մանրամասները: Կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիայի պատվիրակության նման քայլը ցույց տվեց, որ Անկարան ի սկզբանե չուներ բավականաչափ քաղաքական կամք եւ արձանագրությունները կյանքի կոչելու պատրաստակամություն, իսկ հայերի մոտ դրանից հետո թուրքերի նկատմամբ որեւէ վստահություն լինել չի կարող:

 

- Դեսպան Էրթողրուլ Ապականը, ով անմիջապես ներգրավված էր բանակցություններում, ինձ ասաց. «Իրականությունն ունի երկու ափ»: Այստեղ արմատական տարբերություն կար թուրքական եւ հայկական կողմերի միջեւ: Ստորագրման արարողության վերջին րոպեին ծագած տարաձայնությունն առաջիկա խնդիրների նախագուշակն էր: Դա ավելին էր, քան քաղաքական կամքի խնդիր: Կողմերի միջեւ առկա էր խորը անվստահություն: Նրանցից պահանջվում էր ավելի մեծ աշխատանք կատարել (եւ մինչ օրս պահանջվում է) վստահության կառուցման համար: Քաղաքացիական հասարակությունը կարող է կարեւոր դեր խաղալ այդ հարցում:

 

ԹՂԹԱՊԱՆԱԿ

 

Հատված Դեւիդ Ֆիլիպսի «Դիվանագիտական պատմություն. Հայ-թուրքական արձանագրությունները» մենագրությունից

 

…Ստորագրման արարողությունը նախանշված էր 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում: Դավութօղլուն եւ Նալբանդյանը ծրագրում էին հայտարարություններ անել` «հայ-թուրքական երկկողմ հարաբերություններում պատմական պահը» նշելու համար: Թուրքական եւ հայաստանյան բանագնացները հասել էին փոխըմբռնման. նրանք պետք է խուսափեն խոցելի հարցերի շուրջ բաց քննարկումներից: Կառուցողական անորոշության պահպանման նպատակով նրանք համաձայնության եկան, որ ոչ Դավութօղլուն, ոչ Նալբանդյանը չեն հիշատակելու, համապատախանաբար, Ղարաբաղի եւ Ցեղասպանության հարցերը:    

 

Ստորագրման արարողության մեկնարկից տասը րոպե առաջ, որը նախանշված էր տեղի ժամանակով երեկոյան ժամը 5-ին, հայաստանյան պատվիրակությունը խնդրեց ծանոթանալ թուրքական հայտարարությանը: Տեքստերի փոխանակումը կատարվեց ամերիկյան պատվիրակության միջոցով: Տեսնելով Դավութօղլուի հայտարարության տեքստը` Նալբանդյանն ապշեց: Անանուն թուրք պաշտոնյայի խոսքերով, հայերն առարկում էին համատեղ պատմական հանձնաժողովի վրա Դավութօղլուի շեշտադրման դեմ` պնդելով, որ թույլ տալ հանձնաժողովին աշխատել` հավասարազոր կլինի ցեղասպանության ժխտմանը: Հայ պաշտոնյաների հիշողություններն այլ են: Անանուն դիվանագետը պնդում էր, որ Դավութօղլուն մտադիր էր խոսել պատմական հանձնաժողովի կարեւորության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին:     

 

Ամբյուլը մտորում է նրանց տարբեր հիշողությունների մասին. «Երկու կողմերն էլ իրականությունն են ասում: Գաղտնի եւ բացահայտ տարբերությունները համատեղվել էին»: Ամբյուլը թուրքական պատվիրակությանը թողնում է համալսարանի նախասրահում եւ նետվում դեպի ոստիկանական մեքենա, որն ուղեւորվում է երկու կիլոմետր հեռավորությամբ գտնվող Դոլդեր հյուրանոց, որտեղ հանգրվանել էին հայկական եւ ամերիկյան պատվիրակությունները: Շատ արտասովոր էր Ցյուրիխում տեսնել ազդանշանով սլացող ոստիկանական մեքենա: Ամբյուլը եւ Քլինթոնը մտնում են Նալբանդյանի սենյակ: Վերջինս նկատելիորեն հուզված է լինում եւ արագ թերթում է ֆուտբոլային հանդիպումների ալիքները: Շվեյցարացիները փոխզիջման են հասնում. ստորագրման արդյունքներով կողմերից ոչ մեկը հայտարարություն չի անելու: Քլինթոնը եւ Նալբանդյանը միասին նստում են մեքենան, որն ուղեւորվում է դեպի Ցյուրիխի համալսարան. ուշացումը կազմում է երեք ժամ: 

 

Դահլիճում ներկա դիվանագետները տարբեր կերպ էին արձագանքում ուշացմանը: Եվրոպական Միության Խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան մտահոգված էր, բայց հետեւում էր ԱՄՆ-ի օրինակին: Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները եռանդուն էր, սակայն գլխավոր դերում չէր. Անկարան երբեք չէր ընդունի Ֆրանսիային միջնորդի դերում… Լավրովն օգտագործեց իր ազդեցությունը խնդրի լուծման համար` Նալբանդյանին հղելով սուր գրություն, որով պահանջում էր ստորագրել արձանագրությունները:    

 

Երեկոյան ժամը 8-ին արձանագրությունները, ի վերջո, ստորագրվեցին: Պայմանավորվածության համաձայն, հայտարարություններ չարվեցին: Քլինթոնը, Սոլանան, Քալմի-Ռեյը եւ Քուշները կանգնել էին Արձանագրությունները ստորագրող նախարարների հետեւում` որպես միջազգային հանրության օժանդակության վկաներ: Միակ խոսնակը Քալմի-Ռեյն էր: Ողջունելով համաձայնությունը` նա ներկաներից հիշեցրեց, որ 1946թ. սեպտեմբերին նույն լսարանում ելույթ է ունեցել Ուինսթոն Չերչիլը` ասելով, որ «եվրոպական ընտանիքի ստեղծման ուղղությամբ առաջին քայլը պետք է դառնա գործընկերությունը Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ»: Նա ելույթն ավարտել է «թույլ տանք Եվրոպային բարձրանալ» բառերով: Սիմվոլիզմն ակնհայտ էր: Եթե Ֆրանսիան եւ Գերմանիան կարողացել էին հաղթահարել թշնամանքը եւ համախմբել Եվրոպան հանուն ընդհանուր նպատակի, ապա Թուրքիան եւ Հայաստանը նույնպես կարող են հաղթահարել իրենց տարաձայնությունները:   

 

- Oxford Analitica-ի նախորդ տարվա կանխատեսման համաձայն, «Էրդողանը կարող է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման «վերցնել» Գյուլից` այն դարձնելով իր սեփականությունը»: Այդ կանխատեսումն իրատեսական համարո՞ւմ եք: 

 

- Էրդողանը կռվարար է եւ հակամարտող: Նա միշտ գործում է ի շահ իր սեփական քաղաքական նպատակների, հատկապես ընտրական փուլի ընթացքում: Երբ հարցը վերաբերում է ներքին քաղաքականությանը, Էրդողանը ավելի մեծ ռիսկի է դիմում, քան կարող է ստանալ` կառուցողականորեն շեշտը դնելով հայկական հարցերի վրա: Դեռ գոյություն ունեն բազմաթիվ բարեկամության հուշարձաններ եւ եկեղեցիներ, որոնք կարելի է քանդել, եթե Էրդողանը գործի իր ցանկությամբ: 

 

- 2015 թ-ին հայերը կնշեն Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ տարեթիվն ինչպիսի՞ ազդեցություն կունենա քաղաքականության եւ տրամադրությունների վրա Հայաստանում եւ Թուրքիայում: Կարո՞ղ է արդյոք թուրքական կառավարությունն արձանագրություններն օգտագործել եւս մեկ «շոուի» համար մինչեւ 2015 թվականը:  

 

- 2015-ը կարեւոր տարեթիվ է: Հայերն արթնանում են ամեն օր` նայելով Արարատ լեռանը, որը գտնվում է սահմանի այն կողմում, եւ սգում են իրենց նախնիներին եւ «Արեւմտյան Հայաստանի» կորցրած հողերը: Մյուս կողմից, Թուրքիան շրջապատված է խնդիրներով, որոնցից շատերը ինքն է ստեղծել: Դավութօղլուի «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը լիակատար ձախողման ենթարկվեց: Հայկական թեման թուրքական խնդիրների ցանկում շարունակում է կորցնել կարեւորությունը: 

 

Օբամայի վարչակազմը կարող է Ցեղասպանության ճանաչման հարցը հանել օրակարգից` պարզապես ճանաչելով այն: «Իր քաջ հայտնի անձնական կարծիքը» վկայակոչելու փոխարեն նախագահ Օբաման պետք է 2014թ. ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում այդ իրադարձությունները որակի որպես Ցեղասպանություն: Պետքարտուղար Ջոն Քերին նույնպես միշտ եղել է Ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակիցը:    

 

Թուրքիան Արեւմուտքի համար հետզհետե դառնում է ավելի անհուսալի դաշնակից: Էրդողանն արատավորել է դեմոկրատի իր հեղինակությունը` նախորդ տարվա ամռանը ցրելով խաղաղ ցուցարարներին: Ամերիկյան պաշտոնատար անձինք պետք է Թուրքիան տեսնեն այնպիսին, ինչպիսին այն կա իրականում, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին ցանկանում են տեսնել:

 

Դեւիդ Ֆիլիպսի հետ զրուցել է Արամ Արարատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին