Մայքլ Ամբյուլ` հայ-թուրքական գործընթացի շվեյցարացի «կապավորը» - Mediamax.am

exclusive
14155 դիտում

Մայքլ Ամբյուլ` հայ-թուրքական գործընթացի շվեյցարացի «կապավորը»


Մայքլ Ամբյուլը
Մայքլ Ամբյուլը

Լուսանկարը` Le Temps

Մայքլ Ամբյուլը
Մայքլ Ամբյուլը

Լուսանկարը` Nzz.ch

Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները Երեւանում 2008-ին
Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները Երեւանում 2008-ին

Լուսանկարը` REUTERS

Հայ-թուրքայան արձանագրությունների ստորագրումը 2009-ին
Հայ-թուրքայան արձանագրությունների ստորագրումը 2009-ին

Լուսանկարը` REUTERS


2008թ. մեկնարկած հայ-թուրքական գործընթացի հիմնական միջնորդը Շվեյցարիան էր, իսկ 2008թ. սեպտեմբերի 6-ին Աբդուլա Գյուլի` Երեւան այցի եւ «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկի համար հող էր սկսել նախապատրաստվել Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերից դեռ շատ առաջ:

 

Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ գաղտնի բանակցությունները շվեյցարական կողմի միջնորդությամբ սկսվել էին 2007թ. սեպտեմբերին: «Ֆուտբոլային դիվանագիտության» ակունքների մասին, այն մասին, թե ինչպես Շվեյցարիան ստանձնեց միջնորդությունը, բանակցությունների մթնոլորտի եւ արձանագրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին Մեդիամաքս-ին պատմել է գործընթացի գլխավոր մասնակիցներից մեկը` շվեյցարացի պաշտոնաթող դիվանագետ Մայքլ Ամբյուլը:  

 

Դիվանագետ Մայքլ Ամբյուլը (Michael Ambühl), ով 2005-2010թթ. զբաղեցրել է Շվեյցարիայի արտաքին գործերի պետքարտուղարի պաշտոնը, եղել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 2007թ. սեպտեմբերին մեկնարկած գաղտնի բանակցությունների գործընթացի «ճարտարապետներից» մեկը: Նրա անմիջական մասնակցությամբ 2008թ. կայացել են երեք եռակողմ հանդիպումներ` Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարներ Արման Կիրակոսյանի եւ Էրթտողրուլ Ապականի մասնակցությամբ: Մայքլ Ամբյուլն ընդգրկված է եղել նաեւ հայ-թուրքական արձանագրությունների մշակման գործընթացում եւ ներկա է գտնվել 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում դրանց ստորագրման արարողությանը: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, ընդգծելով Ամբյուլի ավանդը բանակցային գործընթացում, խոստովանել է, որ «նա հսկայական աշխատանք է կատարել, եւ առանց նրա մենք ոչինչ չէինք անի»:

 

- Քչերին է հայտնի, որ հենց Դուք եք հանդիսանում հայաստանյան եւ թուրքական դիվանագետների միջեւ 2007թ. մեկնարկած գաղտնի բանակցությունների «ճարտարապետներից» մեկը: Այդ գործընթացի գագաթնակետը դարձավ արձանագրությունների ստորագրումը 2009թ. սեպտեմբերին: Ինչո՞ւ հենց Շվեյցարիան դարձավ գործընթացի գլխավոր հաշտարարը, իսկ Դուք, փաստորեն, դրա գաղափարական ոգեշնչողը:  

 

- Ձեր հարցի հակիրճ պատասխանը հետեւյալն է. Հայաստանն ու Թուրքիան Շվեյցարիային հրավիրեցին դառնալ հաշտարար: Շվեյցարիան չեզոք երկիր է, որն ընդգրկված չէ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կազմում. փոքր պետություն, որը չունի սեփական գաղտնի օրակարգ  կամ պատմական կապեր Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ: Հենց այդ պատճառով Շվեյցարիան լավ նախապայմաններ ուներ մանդատը ստանձնելու համար: Ես դարձա միջնորդ, քանի որ այդ ժամանակ զբաղեցնում էի Շվեյցարիայի ԱԳՆ քաղաքական տնօրենի պաշտոնը, եւ նախարարը (Միշելին Քալմի-Ռեյ.- խմբ.) ցանկացավ, որպեսզի ես այդ աշխատանքն ինձ վրա վերցնեմ:   

 

- Ամերիկացի փորձագետ Դեւիդ Ֆիլիպսը հայ-թուրքական արձանագրությունների պատմությանը նվիրված իր մենագրության մեջ գրում է, որ Ձեզ հատուկ հրահանգներ չեն տրվել եւ պարզապես հաջողության հասնելու նպատակ են առաջադրվել: Աշխատանքի անցնելիս ինչո՞վ էիք ղեկավարվում, եւ ո՞րն էր Ձեր հիմնական նպատակը 2007 թվականին:

 

- Հիմնական նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխըմբռնման հարցում ավանդ ներդնելն էր: Իմ առաջնահերթություններից մեկը երկու կողմերի վստահությունը նվաճելն էր` պահպանելով խիստ չեզոքություն եւ կատարելով ազնիվ միջնորդի դեր:

 

Հարկավոր էր հասկանալ երկու կողմերի դիրքորոշումները եւ փորձել բոլորի համար ընդունելի ողջամիտ առաջարկություններ անել: Ակնհայտ է, որ այդ գործընթացը ժամանակ է պահանջում:  

 

ԹՂԹԱՊԱՆԱԿ

 

Հատված Դեւիդ Ֆիլիպսի «Դիվանագիտական պատմություն. Հայ-թուրքական արձանագրությունները» մենագրությունից (կրճատումներով)

 

Թուրքական եւ հայաստանյան պաշտոնատար անձանց միջեւ շփումների ակտիվացմանն ուղղված շվեյցարական նախաձեռնությունը մեկնարկեց 2007թ. սեպտեմբերի 16-ին, երբ Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում պայմանավորվեցին ներգրավել Շվեյցարիան: Առանցքային դերակատարը դարձավ Մայքլ Ամբյուլը` շատ արհեստավարժ դիվանագետ եւ բանագնաց: Նա հայ-թուրքական խնդիրներում ներգրավվածության փորձ չուներ: 

 

[... Ամբյուլը նշանակվեց Քալմի-Ռեյի կողմից, որը համաձայնել էր Բեռնի ներգրավմանը: Ամբյուլին կոնկրետ հրահանգներ չէին տրվել: Նրան ասվել էր. «Միմյանց մոտեցնել հայերին ու թուրքերին եւ ինչ-որ լավ բան անել»:  

 

Թուրքիայի եւ Հայաստանի ընդհանուր պատմության գիտական հետազոտման նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ շվեյցարական կառավարության առաջարկությունը 2007թ. ամռանը փոխանցվել էր թուրք պաշտոնատար անձանց Անկարայում Շվեյցարիայի դեսպանի կողմից: Ամբյուլը հանդիպել էր Վարդան Օսկանյանի հետ Երեւանում սեպտեմբերի վերջին` հարաբերությունների կարգավորման, այդ թվում նաեւ պատմական անցյալի վերաբերյալ տարաձայնությունները հարթելու նախաձեռնությունը քննարկելու նպատակով: Օսկանյանն առաջարկել էր, որպեսզի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորումն ընթանա պատմական հանձնաժողովի գործունեությանը զուգահեռ: Անկարան համաձայնել էր ընդլայնել բանակցությունների ոլորտը եւ ներառել սահմանի բացման ու դրա փոխադարձ ճանաչման, ինչպես նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրները, եթե Երեւանը համաձայնի համատեղ պատմական հանձնաժողովի հետ...] 

 

 [… Թուրք պաշտոնատար անձինք կենտրոնանում էին համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու նախնական գաղափարների վրա` պնդելով, որ սահմանը կարող է բացվել միայն այդ հանձնաժողովի ստեղծման եւ աշխատանքի մեկնարկի պարագայում: Նախագահ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո Ամբյուլը երկու կողմերին փաստաթուղթ ներկայացրեց հայ-թուրքական երկխոսության մասին եւ Ապականին ու Կիրակոսյանին հրավիրեց առաջին եռակողմ հանդիպմանը 2008թ. մայիսի 21-ին:

 

Կիրակոսյանը մերժեց ինքնավար պատմական հանձնաժողովի տարբերակը, որը ավելի վաղ կազմավորվել էր շվեյցարացի գիտնական-պատմաբան Ժան Ֆրանսուա Բերգերի կողմից (Անկարայում Շվեյցարիայի դեսպանի առաջարկությամբ): Ամբյուլը առաջարկեց երկկողմ խնդիրների վրա կենտրոնացած հանձնաժողով ստեղծել: 

 

Մայքլ Ամբյուլը:

Լուսանկարը`Nzz.ch:

 

2008թ. հուլիսին Գերցենզեում կայացավ երկրորդ հանդիպումը: Կողմերը համաձայնության եկան այն մասին, որ իրենց աշխատանքը պետք է կենտրոնանա դիվանագիտական հարաբերությունների հաստատման, փոխադարձ ճանաչման եւ սահմանի բացման վրա, ինչպես նաեւ փորձագետների եռակողմ հանձնաժողով ստեղծելու թեմայի շուրջ, որը կզբաղվի պատմական չափմամբ:

 

Անկարան մտավ գործընթացի մեջ եւ պատրաստ էր առաջ ընթանալ առաջին երկու կետերով, քանի դեռ իրականացվում էր երրորդ կետը: Պատմական հանձնաժողովը առաջնահերթ նշանակություն ուներ Անկարայի համար: Թուրք պաշտոնյաները հուլիսի 23-ին Ամբյուլին ուղարկեցին «Փորձագետների ու պատմաբանների եռակողմ հանձնաժողովի տարրերը» փաստաթուղթը: Երեք օր անց շվեյցարացիները ձեւակերպեցին եռակողմ հանձնաժողովի վերաբերյալ իրենց առաջարկը եւ ներկայացրեցին երկու կողմերին:  

 

Անձնական հարաբերություններ էին հաստատվել Ամբյուլի, Կիրակոսյանի եւ Ապականի միջեւ, որոնց Ամբյուլն ընկերաբար անվանում էր «Կիրա» եւ «Ապա»: Կիրակոսյանն ու Ապականը նույնպես սկսել էին ավելի լավ ճանաչել միմյանց: Երկուսն էլ շատ բանիմաց, արհեստավարժ դիվանագետներ էին: Նրանք խառնվածքով շատ նման էին: Ամբյուլը նշում է, որ «նրանք շատ նման էին եւ կարող էին եղբայրներ լինել: Մենք բոլորս շատ լավ էինք հասկանում իրար»:

 

Հանդիպումներն առաջ էին ընթանում վստահության կառուցումից դեպի բովանդակություն` բարձրացնելով հետեւողականության մասին նուրբ հարցեր: «Մենք աստիճանաբար կազմեցինք տեքստը: Տեքստի նախագիծը միշտ նախապատրաստվում էր մեր` շվեյցարացիներիս կողմից»,- հիշում է Ամբյուլը: Երրորդ եռակողմ հանդիպումը կայացավ սեպտեմբերի 15-ին. երեք արձանագրությունները դարձան երկուսը, իսկ պատմական հանձնաժողովի մասին արձանագրությունը ներառվեց Դիվանագիտական հարաբերությունների զարգացման մասին արձանագրության մեջ:

 

Արձանագրությունները բարելավվում եւ շտկվում էին նախարարական հանդիպումների եւ աշխատանքային մակարդակով հանդիպումների ընթացքում` Նյու-Յորքում (2008թ. սեպտեմբեր), Գերցենզեում (2008թ. հոկտեմբեր), Բեռնում (2009թ. հունվար), Դավոսում (2009թ. հունվար) եւ Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում (2009թ. փետրվար):

 

Ամերիկյան պաշտոնատար անձինք սկզբում տեղեկացված չէին: Շվեյցարիան ցուցադրում էր իր անկախությունը: Վաշինգտոնն անտեղյակ էր մինչ 2007թ. դեկտեմբերին Մյունխենի օդանավակայանում Ապականի եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի պատահական հանդիպման պահը: Ապականը Ֆրիդին պատմում է շվեյցարական միջնորդության մասին: Ֆրիդը այդ մասին հայտնում է պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, ով, իր հերթին, այդ մասին ասում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլիին:

 

Մեթյու Բրայզան Ռայսի լիազորված դիվանագետն էր Կովկասում եւ Մինսկի խմբի համանախագահը: Նա տեղյակ չէր շվեյցարական միջնորդության մասին, սակայն, խելացի դիվանագետ լինելով` հասկացավ, թե ինչ է տեղի ունենում:

 

Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները Երեւանում 2008-ին:

Լուսանկարը`REUTERS:

 

- 2008թ. մայիսին Գերցենզեում կայացավ Ձեր առաջին եռակողմ հանդիպումը Արման Կիրակոսյանի (հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաեւ Զոհրաբ Մնացականյանը եւ Կարեն Միրզոյանը.- խմբ.) եւ Էրթողրուլ Ապականի հետ: Ինչպիսի՞ն էր այդ հանդիպման մթնոլորտը, եւ ի՞նչ կար օրակարգում:

 

- Կարծում եմ, երկու կողմերն էլ հանդիպման էին եկել իրենց դիրքորոշումը պարզաբանելու եւ մյուս կողմին լսելու մտադրությամբ: Առաջին հանդիպումը միշտ վճռորոշ նշանակություն ունի: Հասկանալի է, որ սկզբում մթնոլորտը լարված էր, սակայն հանդիպման ընթացքում այն դարձավ ավելի կառուցողական, իսկ վերջում երկու պատվիրակություններն էլ պատրաստ էին շարունակել քննարկումները հետագա հանդիպումների ընթացքում: Ենթադրում եմ, որ մենք` իմ երկու գործընկերներն ու ես, աշխատանքային լավ հարաբերություններ էինք ձեւավորել այդ գործընթացի միջոցով:

 

- Ճի՞շտ է, որ հայ-թուրքական երկու արձանագրությունների նախնական տեքստը համաձայնեցվել է հենց ձեր եռակողմ հանդիպումների ընթացքում` 2008թ. մայիսին, հուլիսին եւ սեպտեմբերին:

 

- Տեքստերի նախագիծը ստեղծվել է տարբեր եռակողմ հանդիպումների ընթացքում եւ յուրաքանչյուր կողմից լրացուցիչ առանձին առաջարկությունների հիման վրա, որոնք փոխանցվել են մյուս կողմի քննարկմանը: 

 

- Դուք ոչ միայն ներկա եք գտնվել արձանագրությունների ստորագրման արարողությանը, այլեւ, որոշ տեղեկությունների համաձայն, Ֆիլիպ Գորդոնի հետ միասին հյուրանոցում բանակցություններ եք վարել Էդվարդ Նալբանդյանի հետ երեք ժամյա ուշացման պահին, երբ ստորագրումը հայտնվել էր ձախողման վտանգի առջեւ: Կարո՞ղ եք պատմել միջադեպի մանրամասները` այն, ինչը մնացել է «վարագույրների ետեւում», եւ ինչպես, ի վերջո, կողմերը փոխզիջման եկան:    

 

- Ինչպես դա հաճախ պատահում է, դժվարին դիվանագիտական գործընթացի նույնիսկ ամենավերջում մնում է անհայտության պահը: Դուք հասկանում եք, որ ես չեմ կարող բացահայտել մեր բանակցությունների մանրամասները, բացառությամբ իմ անձնական տպավորության, այն է` բոլորը գործում էին իրենց մանդատին համապատասխան եւ բարի կամքով:   

 

Հայ-թուրքայան արձանագրությունների ստորագրումը 2009-ին:

Լուսանկարը`REUTERS:

 

- Չնայած արձանագրությունների ստորագրմանը, դրանք այդպես էլ չվավերացվեցին եւ կյանքի չկոչվեցին: Դուք հավատո՞ւմ եք, որ դրանք կարող են կրկին օրակարգային դառնալ Հայաստանի եւ Թուրքիայի համար:

 

- Իհարկե, ես երջանիկ կլինեի` արձանագրությունները վավերացված տեսնելով: Դրանք արդիական կդառնան այն ժամանակ, երբ երկու կողմերը որոշեն վավերացնել դրանք: Այնուամենայնիվ, չեմ ցանկանում շահարկումներ անել «եթե»-ի եւ «երբ»-ի վերաբերյալ:  

 

- 2015 թվականին հայերը կնշեն Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դուք այդ տարեթվի կապակցությամբ զարգացումներ ակնկալո՞մ եք: 

 

- Միգուցե, դա բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հնարավորություն է, ինչը արձանագրությունների հռչակած նպատակներից մեկն է հանդիսանում է: Արձանագրությունների ուժի մեջ մտնելու որոշումը գտնվում է Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների ձեռքում:

 

Մայքլ Ամբյուլի հետ զրուցել է Արամ Արարատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին