Վոլսկու նամակը Ռիժկովին եւ «սեւ ցուցակից» հանված թթի օղին - Mediamax.am

944 դիտում

Վոլսկու նամակը Ռիժկովին եւ «սեւ ցուցակից» հանված թթի օղին


Արկադի Վոլսկին Ստեփանակերտում 1989 թվականին
Արկադի Վոլսկին Ստեփանակերտում 1989 թվականին

Լուսանկարը` ՏԱՍՍ

Լուսանկարը` Gorby.media


Ներկայացնում ենք Gorby.media կայքի «Արխիվային փաստաթղթեր» բաժնում հրապարակված Антикризисная тутовка հրապարակման թարգմանությունը՝ որոշ կրճատումներով:

 

Պերեստրոյկայի դարաշրջանում ճգնաժամային սյուժեների բարդ միահյուսման օրինակ է 1989թ. փետրվարին Անդրկովկասից ուղարկված նամակը։

 

ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովին ուղղված նամակի հեղինակը Յուրի Անդրոպովի եւ Կոնստանտին Չեռնենկոյի տնտեսական հարցերով նախկին օգնականն էր՝ Պերեստրոյկայի դարաշրջանում Միխայիլ Գորբաչովի մերձավորներից մեկը, որը զբաղվում էր նաեւ բարդ եւ ոչ ստանդարտ հանձնարարություններով։

 

Նամակը գրելու պահին Արկադի Վոլսկին զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Հատուկ կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնը։ Հատուկ լիազորություններով այս արտակարգ կառույցը ստեղծվել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ՝ ի պատասխան այն ժամանակ Ադրբեջանի կազմում գտնվող հիմնականում հայերով բնակեցված ինքնավար մարզում ծավալվող ճգնաժամին։

 

Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես փոխանցվել էր Մոսկվայի վերահսկողությանը, որը եւ պետք է իրականացներ Հատուկ կառավարման կոմիտեն։ Ինքնավար մարզի գործադիր իշխանության կառույցները եւ տեղական մարզային կուսակցական կոմիտեն լուծարվել էին։ Վոլսկին դարձավ Լեռնային Ղարաբաղի յուրօրինակ «փոխարքան» եւ պետք է միջոցներ գտներ ազգային սուր հակասությունները հարթելու համար։

Պրիմակովը Լեռնային Ղարաբաղի մասին. մաս I

Նա փորձում էր առաջին հերթին լուծել տարածաշրջանի նյութական խնդիրները եւ լրացուցիչ աղբյուրներ գտնել տնտեսական զարգացման եւ բնակչության եկամուտների ավելացման համար։ Հնարավոր է, դա տեխնոկրատի անտեղի մեծ հույս էր, որ ցանկացած հակամարտության հիմքում տնտեսական դրդապատճառ կա:

 

1989 թվականի փետրվարին (պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց) Վոլսկին դիմել էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահին՝ թթի օղու արտադրությունը թույլատրելու խնդրանքով։

 

Նամակում նշվում էր, որ «Ղարաբաղի աշխատավորները անհիշելի ժամանակներից թութ են մշակում»։ Վոլսկին գրում է, որ թութը մեծ շաքարայնություն ունի եւ «արդյունաբերական եղանակով մշակելիս դրանից մեծ քանակով սպիրտային նյութեր են ստացվում, ինչի շնորհիվ նյութական եւ աշխատանքային ռեսուրսների նվազագույն ծախսերով հնարավոր է զգալի տնտեսական արդյունք ապահովել»։

Պրիմակովը Լեռնային Ղարաբաղի մասին. մաս II

Թթի սպիրտից օղու արտադրությունն իսկապես Լեռնային Ղարաբաղի բնակիչների ավանդական զբաղմունքն էր նախահեղափոխական ժամանակներից եւ այս կամ այն ձեւով շարունակվում էր խորհրդային տարիներին։ Դժվարությունների պատճառը Գորբաչովի կառավարման առաջին տարիներին հարբեցողության եւ ալկոհոլիզմի դեմ ծավալած արշավն էր: Դրա միջոցառումներից էր բոլոր մրգերի եւ հատապտուղների (բացառությամբ խաղողի) ալկոհոլի վերածելու արգելքը, որը սահմանվել էր 1987 թվականին։ Նպատակն էր դադարեցնել մրգային եւ հատապտղային գինիների՝ ցածրորակ եւ էժան ալկոհոլային խմիչքների արտադրությունը: Համարվում էր, որ հենց դրանք էին նպաստում բնակչության ալկոհոլացման գործում, հատկապես՝ մարզերում։

Լուսանկարը` Gorby.media

Վոլսկին նշում էր, որ որոշումը «գյուղացիական տնտեսություններին զգալի տնտեսական վնաս է պատճառել»։

 

Նա Ռիժկովին խնդրում էր բացառություն անել Լեռնային Ղարաբաղի համար եւ թույլ տալ տարածաշրջանին թթի սպիրտ արտադրել։ Նամակում նշվում էր, որ ալկոհոլը գնելու է Խորհրդային Հայաստանի պետական ագրոարդյունաբերական կոմիտեն (հաշվի առնելով սովետական տնտեսության առանձնահատկությունները՝ նախկինում Ադրբեջանի ինքնավար մարզից ալկոհոլը դժվար թե մատակարարվեր հարեւան հանրապետության ձեռնարկություններին), այնուհետեւ լրացուցիչ մշակումից հետո այն արտահանվի:

Պրիմակովը Լեռնային Ղարաբաղի մասին. մաս III

1989 թվականին հակաալկոհոլային արշավը գրեթե մարում էր: Առաջին պլան էին գալիս ԽՍՀՄ ներքին կայունության շատ ավելի լուրջ մարտահրավերները, օրինակ՝ ազգային հակամարտությունների սրումը: Արկադի Վոլսկու նամակը կարելի է դիտարկել որպես դրոշակի փոխանցում Պերեստրոյկայի մի փուլից մյուսին։ ԽՍՀՄ կառավարությունը բավականին արագ թույլ տվեց վերսկսել թթի սպիրտի թորումը Լեռնային Ղարաբաղում (ինչը, հաշվի առնելով Հայկական ԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի կողմից ալկոհոլի գնումը, թույլ տվեց տարածաշրջանին հավելյալ կապեր հաստատել Հայաստանի հետ): Ըստ երեւույթին, դա օգնեց օրինականացնել տեղի բնակիչների ավանդական գործունեությունը, որը կարճ ժամանակով արգելվել էր անհիմն պատճառով։ Այնուամենայնիվ, դժվար թե այն էական ազդեցություն ունեցավ ազգամիջյան տարաձայնությունների թուլացման վրա:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին