2016թ. ռուսաստանյան «Ցենտրպոլիգրաֆ» հրատարակչությունը լույս է ընծայել ականավոր քաղաքական գործիչ, ՌԴ ԱԳՆ եւ կառավարության նախկին ղեկավար Եվգենի Պրիմակովի «Հանդիպումներ խաչմերուկներում» գիրքը: Գրքի գլուխներից մեկը նվիրված է ԼՂ հակամարտությանը: Այն ձեզ ենք ներկայացնում երեք մասով:
Առաջին մասը կարդացեք այստեղ:
Երկրորդ մասը կարդացեք այստեղ:
Ռուսաստանի ԱԳՆ-ն, ղեկավարվելով Ելցինի բազմաթիվ ցուցումներով, փորձում էր քանդել այդ ամուր հանգույցը, գիտակցելով, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին որոշումը շատ փխրուն է: Մենք՝ ռուսաստանցիներս, մեզ մեղադրելու պատճառ հազիվ թե գտնենք: Մեր ԱԳՆ-ն ցանկանում էր այնպիսի ելք գտնել, որը կբավարարեր բոլորին: Եվ կրկին գործում էինք բոլոր ուղղություններով, այդ թվում եւ որպես «Մինսկի խմբի» համանախագահ:
Շարունակում էինք նաեւ ակտիվ ինքնուրույն աշխատանքը: 1996 թ., օրինակ, հաջողվեց գերիների փոխանակում իրականացնել՝ «բոլորին բոլորի դիմաց», ըստ Կարմիր Խաչի ցուցակի: Այդ մարդիկ մի քանի տարի անցկացրել էին անազատության մեջ Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում: «Հեռակա» կարգով դա անելը դժվար էր: Բաքվում որոշ գերիներին մահապատժի էին դատապարտել, Ստեփանակերտում բաց չէին թողնում Կարմիր Խաչի ցուցակում ներառված մի քանի հոգու, քանի որ «նրանք տեղյակ էին ՀՕՊ միջոցների տեղակայման մասին»: Ես որոշեցի մեկնել այնտեղ: Սկզբից գնացի Բաքու, հետո Երեւան, անմիջապես օդանավակայանից ուղղաթիռով մեկնեցի Ստեփանակերտ, այնտեղից՝ Երեւան ու կրկին Բաքու:
Բաքվում միանգամից հանդիպեցի Հեյդար Ալիեւիչ Ալիեւի հետ, ում հետ ոչ միայն ծանոթ էի, այլ նաեւ ջերմ ընկերական հարաբերություններ էի պահպանում արդեն մի քանի տասնամյակ: Դեռ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնում նա առանձնանում էր անհավանական նպատակասլացությամբ, իրավիճակի ներթափանցող եւ ճշգրիտ պատկերացմամբ, բավականին բարդ իրավիճակում որոշումներ գտնելու ընդունակությամբ ու ամուր կամքով: Ճակատագիրը ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին միշտ չէ, որ արդար էր գտնվում նրա նկատմամբ, եւ նաեւ այդ պատճառով Հ. Ալիեւը սրտի ծանր կաթված ստացավ: Ես անկեղծորեն ուրախ էի, որ 70-անց լինելով Հեյդար Ալիեւիչը հիանալի տեսք ուներ: Ես միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել եւ կվերաբերվեմ նրան:
Իմ խնդրանքով նախագահ Ալիեւը հրաման տվեց փոխանակման խմբում ներառել նաեւ մահապարտների խցում գտնվող մարդկանց: Իսկ առանց դրա փոխանակումը կարող էր ընդհանրապես չկայանալ:
Գերիներին մինչեւ Երեւան ուղեկցելու եւ ըստ ցուցակի հանձնելու գործը հանձնարարվեց Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Չինգիզ Ամիրովին: Այդ հաճելի, ըստ ամենայնի, բարի անձնավորությունը շատ անհանգիստ էր, քանի որ պետք է գնար Երեւան եւ միայնակ մնար այնտեղ մինչեւ Ստեփանակերտից իմ վերադարձը: Ես նրան ասացի, որ կարող է մնալ Ռուսաստանի դեսպանատանը: Բայց Հայաստանի ներկայացուցիչները նեղացան, նրան հատուկ ուշադրությամբ շրջապատեցին, եւ զգացվում էր, որ դա սրտանց է արվում: Դեպի Բաքու ճանապարհին փոխնախարարը բարձր տրամադրություն ուներ: Մենք նույնիսկ նրա հետ մի-մի բաժակ խմեցինք օդանավում, թեեւ, ինչպես նա վստահեցնում էր, մինչ այդ երբեք օղի չեր խմել: Ես անկեղծորեն տխրեցի, երբ մի քանի ամիս անց իմացա այդ հաճելի մարդու մահվան մասին:
Ստեփանակերտում նույնպես հաջողվեց համոզել, որ ազատեն բոլորին: Դա հեշտությամբ չստացվեց, քանի որ Երեւան վերադարձած մարդկանց թվում, իրենց խոսքով, քիչ էին իրենց հայրենակիցները: Մինչդեռ Ադրբեջանի կողմում կռվողների մեծ հոսքը Բաքու էր վերադառնում հենց Ստեփանակերտից: Փոխանակվող գերիներին Ստեփանակերտից սկզբում ավտոբուսներով ուղարկում էին Երեւան: Հետո նրանք նստեցին իմ օդանավը, որ գնալու էր Բաքու: Մինչ այդ պահը անհանգիստ էի. իսկ ի՞նչ եթե ճանապարհի կեսից ետ դարձնեն մեզ:
Արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի մայրաքաղաքներ 200-ից ավել մարդկանց բերեցի: Սարսափելի էր տեսնել այդ մարդկանցից շատերին, երկու կողմից էլ՝ քրջոտ, սոված, ծեծված: Աչքերս արցունքներով լցվեցին, չկարողացա դրանք զսպել, երբ օդանավի ընդհանուր հատված մտնելիս լսեցի. «Շնորհակալությո՜ւն Ռուսաստանին»:
Գերիների թվում կային մի քանի ռուս տղաներ: Նրանք միանգամից փոխանցվեցին մեր դեսպանատներին՝ Երեւանում եւ Բաքվում, անհապաղ նրանց տոմս գնելու եւ տուն՝ Ռուսաստան ուղարկելու կարգադրությամբ:
1996 թ. Ռուսաստանի ԱԳՆ-ում ծնվեց համալիր, «փաթեթային» կարգավորման նախագիծը, որը մենք որոշեցինք առանձին-առանձին հասցնել հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերին: Ցավոք, այն դրական ընդունվեց միայն Երեւանում, որտեղ համարեցին, որ նախագիծը կարող է որպես բանակցությունների հիմք ծառայել: Բաքվում եւ Ստեփանակերտում այն կտրուկ մերժվեց:
Ընդհանուր առմամբ, այդ համալիր նախագիծը, որը, բնականաբար, առաջարկվում էր որպես բանակցությունների հիմք, իր մեջ ներառում էր ամենաարյունալի եւ երկարատեւ հակամարտություններից մեկի կարգավորման սկզբունքները:
Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ պետական սահմանների անխախտելիության ճանաչումը կապվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հետ՝ Ադրբեջանի սահմաններում, որպես պետական կազմավորում՝ ինքնավարության ամենաբարձր մակարդակով:
Նախատեսվում էին գործնական միջոցներ երկու կողմից էլ. Ադրբեջանի համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի «անկլավային» կարգավիճակի վերացման եւ ԼՂ ու Հայաստանի միջեւ ազատ հաղորդակցման հաստատման համար այսպես կոչված Լաչինի միջանցքի միջոցով, ինչպես նաեւ Հայաստանի համաձայնությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի շրջանի ազատ երկաթուղային հաղորդակցությանը:
Նախատեսվում էր, որ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կստորագրվի համաձայնագիր, ըստ որի Լեռնային Ղարաբաղը կունենա սեփական Սահմանադրությունը: Այն չպետք է պարունակեր դրույթներ, որը կհակասեին ԼՂ հակամարտության կարգավորման մասին համաձայնագրի հիմնական սկզբունքներին: Միաժամանակ Ադրբեջանի խորհրդարանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարեր պետության Հիմնական օրենքում:
Ռուսաստանյան ԱԳՆ-ի կողմից մշակված սխեմայով նախատեսվում էր, որ Ադրբեջանի օրենքները գործելու էին Լեռնային Ղարաբաղի տարածքում, եթե չեն հակասում ԼՂ Սահմանադրությանը եւ օրենքներին: Լեռնային Ղարաբաղը ինքնուրույն ձեւավորելու էր սեփական օրենսդրական, գործադիր եւ դատական իշխանությունները, ունենալու էր սեփական դրոշը, զինանշանն ու օրհներգը, անվտանգության ապահովման ուժերը (ազգային գվարդիա) եւ ոստիկանությունը:
Դրա հետ մեկտեղ, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ընտրեր սեփական ներկայացուցիչներին Ադրբեջանի կենտրոնական խորհրդարանում, ինչպես նաեւ մասնակցեր Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենալու էին ադրբեջանական անձնագրեր՝ «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով:
Ընդ որում, շեշտվում էր, որ գործելու էին Լեռնային Ղարաբաղի ինքնիշխան իրավունքներին, անվտանգությանը, տարածքային բաժանմանը եւ սահմաններին վերաբերող կենտրոնական իշխանությունների միայն այն որոշումները, որոնք կստանային Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ու կառավարության հավանությունը:
Լեռնային Ղարաբաղի տարածքում պետք է ստեղծվեր ազատ տնտեսական գոտի, որտեղ կկիրառվեր երկու երկրների տարադրամը: Լեռնային Ղարաբաղը իրավունք էր ստանում անմիջական տնտեսական, մշակութային, սպորտային, քաղաքական (բացի դիվանագիտականից) կապեր հաստատել այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ ունենալ սեփական համապատասխան ներկայացուցչությունները արտասահմանում:
Նախատեսվում էր փախստականների վերադարձը (բացի Լաչինի միջանցքից) եւ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ համաձայնության երաշխիքներ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ այլ անդամների կողմից, որոնք նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ էին:
Քանի որ Ռուսաստանի կողմից առաջարկված կարգավորման համալիր նախագիծը մերժվել էր եւ Լեռնային Ղարաբաղի, եւ Ադրբեջանի կողմից, «Մինսկի խմբի» համանախագահները՝ Ռուսաստանն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համատեղ հանդես եկան ճգնաժամից դուրս գալու փուլային նախագծով: Դրանում պահպանվել էին համալիր մոտեցման բազմաթիվ տարրեր, սակայն նկատի ունենալով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը որպես ելակետ մերժում էր «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Լեռնային Ղարաբաղին ամենալայն ինքնակառավարման տրամադրմամբ», առաջարկվեց փուլային մոտեցում: Առաջին փուլում նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի անկլավային կարգավիճակի վերացում Լաչինի միջանցքի պահպանմամբ, յոթը գրավված ադրբեջանական տարածքների ազատագրում, փախստականների վերադարձ (բայց ոչ Լաչինի միջանցքի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքներ), անվտանգության գոտու ստեղծում, որը կվերահսկվեր միջազգային ուժերի կողմից, Հայաստանի հանդեպ կիրառվող բոլոր տեսակի շրջափակումների վերացում, Լեռնային Ղարաբաղի ռեժիմում ստատուս-քվոյի պահպանում: Երկրորդ փուլում՝ ԼՂ կարգավիճակի որոշում Ադրբեջանի սահմաններում:
Նախագահ Ալիեւն ու նախագահ Տեր-Պետրոսյանը համաձայնեցին այդ նախագծի հետ: Լեռնային Ղարաբաղը հայտարարեց, որ կտրականապես չի ընդունելու այն, նույնիսկ որպես հետագա բանակցությունների հիմք, եւ համարում է, որ անհրաժեշտ է… համալիր մոտեցում, որը թույլ կտա ի սկզբանե որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
Նախագահ Տեր-Պետրոսյանը՝ շատ կիրթ եւ խելացի մարդ, հրաժարական տվեց: Նրա փոխարեն ընտրվեց Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, ով նախագահական ընտրություններից առաջ արդեն զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը:
Այդ, անկասկած, կամային հատկանիշներով օժտված առաջնորդից, ով անցել էր ծանր պատերազմի միջով, մեծապես կախված է իրադարձությունների ընթացքը: Չի կարելի մոռանալ, որ կա հսկայական տարբերություն մարտում հաղթելու եւ պատերազմում հաղթանակ տանելու միջեւ: Վերջապես, չի կարելի անտեսել ժամանակի գործոնը:
Ընդհանուր առմամբ, միջազգային դրությունը փոփոխվում է ոչ Լեռնային Ղարաբաղի օգտին: Կշեռքի մի նժարին է ազդեցիկ հայկական սփյուռքի աջակցությունը, թեեւ, ինչպես կյանքն է ցույց տալիս, սփյուռքը միշտ չէ որ պատրաստ է զոհաբերել իրեն այդ աջակցության համար: Մյուս նժարին էլ դժգոհության աճն է՝ պայմանավորված հակամարտության կողմերի ոչ կառուցողական դիրքորոշմամբ, որն աստիճանաբար անհավասարակշիռ բնույթ է ստանում: Դա տեղի ունեցավ, օրինակ, ԵԱՀԿ բարձր մակարդակում հանդիպման ժամանակ 1996 թ. դեկտեմբերին, երբ հայկական պատվիրակությունը մնաց միայնակ՝ հրաժարվելով աջակցել հակամարտության կարգավորման հետեւյալ բանաձեւին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարմամբ: Հ. Ալիեւի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը, բախվելով բոլոր ԵԱՀԿ անդամ երկրների (Հայաստանից բացի) եւ միջազգային կազմակերպությունների միասնական դիրքորոշմանը, անհրաժեշտ գտավ համաձայնել առաջարկած բանաձեւի հետ, չնայած ավելի վաղ կտրականապես դեմ էր արտահայտվում «ինքնակառավարում» եզրին, պնդելով «ինքնավարություն» բառի կիրառումը:
Քիչ նշանակություն չունի նաեւ «նավթային գործոնը», որն աստիճանաբար ավելի շատ է առնչվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, կամ, ավելի ճիշտ, հետզհետե ավելի շատ ազդեցություն է ունենում: Դա եւ արտասահմանյան ընկերությունների հետաքրքրվածությունն է Կասպից ծովից նավթի արդյունահանման պայմանագրերով, եւ ձգտումը նավթա- եւ գազատարերով տարածաշրջանի քարտեզը գծելու, ինչն անմիջականորեն կախված է ներկա հակամարտության գոտու բոլոր հատվածներում առկա կայունությունից: Առանց այդ
«նավթային խաղի» կանոնների հստակ գիտակցության չեն կարող մշակվել ԼՂ հակամարտության կողմերի դիրքորոշումները:
Ռուսաստանին Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապում են ամենասերտ հարաբերությունները: Ես խոսել եմ դրանց զարգացման հեռանկարների մասին երկու երկրների առաջնորդների եւ իմ գործընկերների՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ Գ. Հասանովի եւ Թ. Զիլֆուգարովի, Վ. Փափազյանի, Ա. Արզումանյանի ու Վ. Օսկանյանի հետ: Եվ բոլորի հետ էլ ես լեզու էի գտնում անգամ ամենազգայուն հարցերի քննարկման ժամանակ:
Նման անկեղծ խոսակցություններից մեկը տեղի ունեցավ 1998 թ. հուլիսի 9-ին Վ. Օսկանյանի հետ: Այդ հաճելի մարդն ու լավ մասնագետը Հայաստան էր եկել ԱՄՆ-ից: Մեծ հարգանք առաջացրեց ռուսերեն սովորելու նրա ձգտումը, որում նա, անկասկած, հաջողել էր, նախընտրելով զրուցակցին լսել առանց թարգմանչի օգնության:
- Դուք խոսում եք ռազմավարական համագործակցության մասին, - ասացի ես, - բայց այն ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է հաշվի առնի ոչ միայն սեփական, այլեւ գործընկերոջ շահերը: Արդյո՞ք ակնհայտ չէ, որ Երեւանը պետք է հաշվի նստի Ադրբեջանին չվանելու եւ այդ երկրի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու Մոսկվայի ցանկության հետ: Սակայն դրա համար մենք պետք է բացարձակ անաչառ դիրքորոշում ունենանք հակամարտության հարցում: Ռուսաստանը, ինչպես միշտ, դեմ է լինելու անջատողականությանը, սակայն կողմ է լինելու, որ Լեռնային Ղարաբաղը ստանա բոլոր իրավունքները, որոնք կերաշխավորեն իր բնակչության բարեկեցությունն ու բարգավաճումը:
«Ցենտրպոլիգրաֆ» հրատարակչություն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: