Կլաուս Կինկելը, Հայաստանը եւ գերմանական ձեռագրերը - Mediamax.am

exclusive
23116 դիտում

Կլաուս Կինկելը, Հայաստանը եւ գերմանական ձեռագրերը


Կլաուս Կինկելը եւ Վարդան Օսկանյանը 1998 թվականին
Կլաուս Կինկելը եւ Վարդան Օսկանյանը 1998 թվականին

Լուսանկարը` REUTERS

Կլաուս Կինկելը
Կլաուս Կինկելը

Լուսանկարը` REUTERS


2019 թվականի մարտի 5-ին 83 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի նախկին արտգործնախարար (1992-1998թթ.) եւ Գերմանիայի փոխկանցլեր Կլաուս Կինկելը:

 

1995 թվականի դեկտեմբերին Կլաուս Կինկելը այցելել էր Երեւան: Այցելության ընթացքում ստորագրվել էին երեք միջկառավարական համաձայնագրեր. ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության, մշակութային համագործակցության եւ Հայաստանում գերմանական ռազմական գերեզմանների մասին:

 

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում Երեւանում, Կլաուս Կինկելն ասել էր, որ «Գերմանիան մեծ քաղաքական նշանակություն է տալիս Կովկասի տարածաշրջանին»:

Կլաուս Կինկելը Կլաուս Կինկելը

Լուսանկարը` REUTERS

«Լինելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, Կովկասը մեծ ռազմավարական դեր է խաղում ողջ Եվրոպայի կայունության համար»,- նշում էր նա:

 

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը ընդգծում էր, որ ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծումը կարեւոր պայման է տարածաշրջանում կայունության համար: «Եվ այն հասանելի կլինի միայն այն ժամանակ, երբ կողմերը ցուցաբերեն փոխզիջման գնալու կարողությունը»,- նշում էր գերմանացի նախարարը:

 

1998 թվականի մայիսին աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Կլաուս Կինկելին էր հանձնել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքով Գերմանիայից Հայաստան տեղափոխված 575 մշակութային իրեր:

Կլաուս Կինկելը եւ Վարդան Օսկանյանը 1998 թվականին Կլաուս Կինկելը եւ Վարդան Օսկանյանը 1998 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Դրանք գրքեր, ձեռագրեր եւ տարբեր երաժշտական ստեղծագործությունների պարտիտուրաներ են, որոնք Խորհրդային զորքերի կողմից տարվել էին Բրեմենի, Լյուբեկի, Համբուրգի, Բեռլինի եւ այլ քաղաքների գրադարաններից»,- նշել էր Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 

Կլաուս Կինկելն ասել էր, որ «մենք բարձր ենք գնահատում տեղահանված մշակութային արժեքները Գերմանիային վերադարձնելու Երեւանի որոշումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին