Երեւան: Մեդիամաքս: «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը 2014 թվականի սեպտեմբերին իր դռները կբացի առաջին 90 աշակերտների առջեւ:
Ընդունելությունն արդեն մեկնարկել է. ցանկացողները կարող են հայտեր լրացնել www.am.uwc.org կայքի միջոցով:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը հիշեցրել է, որ ս.թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձավ Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի անդամ եւ ստացավ «UWC Dilijan» անվանումը:
Այս տարի UWC համակարգում կարող են ուսանել Հայաստանի 17 քաղաքացիներ` 10-ը UWC Dilijan միջազգային դպրոցում եւ 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում:
«UWC Dilijan» միջազգային դպրոցում եւ UWC այլ դպրոցներում սովորելու հայտ կարող են ներկայացնել Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014թ. օգոստոսի վերջի դրությամբ կլինեն 16 տարեկան, բայց ոչ ավելին, քան 18 տարեկան:
Արտակ Մելքոնյանը նշել է, որ ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվում է բացառապես մրցակցային հիմունքներով, եւ առավելությունը տրվում է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին՝ անկախ նրանից, թե ի՞նչ ծագում ունեն: Ընտրության այդպիսի համակարգը թեկնածուներին ընձեռում է հավասար հնարավորություններ՝ անկախ նրանց ազգությունից, դավանանքից, լեզվից ու ծնողների ֆինանսական կարողությունից, եւ թույլ է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող, սոցիալապես ակտիվ եւ ստեղծագործ մարդկանց, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ:
www.am.uwc.org կայքում հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է 2014թ. փետրվարի 17-ին, իսկ մարտին իրականացվելու է դիմորդների ընտրության գործընթացը:
Ընդունելությունը կազմակերպվում է անկախ մարմնի` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի կողմից: Կոմիտեն կազմավորվում է UWC-ի կողմից, դրանում ընդգրկվում են նաեւ UWC դպրոցների շրջանավարտներ: Ընդունելության մասին վերջնական որոշումը կայացվում է «UWC Dilijan» միջազգային դպրոցի կողմից` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացրած առաջարկությունների հիման վրա:
Քանի որ դասավանդումը դպրոցում լինելու է անգլերեն լեզվով, դիմորդները պետք է բավարար չափով տիրապետեն անգլերեն լեզվին: Անգլերենի լավ իմացությունը ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է այն իմաստով, որ դիմորդը, դպրոց ընդունվելու պարագայում, որոշակի ժամանակ կունենա անգլերենի իր իմացությունը կատարելագործելու համար:
Արտակ Մելքոնյանը նշել է, որ «UWC Dilijan» միջազգային դպրոցի աշակերտների 90 տոկոսը կսովորեն նվիրատուների կողմից հատկացված կրթաթոշակներով: Ինչ վերաբերվում է այն աշակերտներին, որոնք կընդունվեն այլ երկրների UWC դպրոցներ, ապա տարբեր դպրոցներ առաջարկում են տարբեր պայմաններ:
«Օրինակ, Սինգապուրի UWC դպրոցը պատրաստ է մեկ տեղ հատկացնել հայաստանցի դիմորդի համար եւ ապահովում է նրա ուսման հետ կապված բոլոր ծախսերը: Կլինեն դեպքեր, երբ UWC դպրոցները տեղեր կտրամադրեն առանց կրթաթոշակի եւ այդ դեպքում դիմորդը ինքնուրույն պետք է հոգա այդ ծախսը: Բացառիկ տաղանդավոր երեխաների դեպքում «UWC Dilijan» միջազգային դպրոցի հիմնադիրները կարող են միանալ հովանավորներ ներգրավելու գործին», - ասել է Արտակ Մելքոնյանը:
«UWC Դիլիջան» միջազգային դպրոցն ամանորյա անակնկալ է մատուցել Դիլիջանում բնակվող երեխաների համար: Դեկտեմբերի 21-ին, 22-ին Դիլիջանի պետական երաժշտական քոլեջի շենքում 4-13 տարեկանների համար օրական երեք ներկայացում էր ցուցադրվել՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական թատրոնի եւ «Միմի» ստուդիայի դերասանների կատարմամբ: Եվս երեք ներկայացում կցուցադրվի դեկտեմբերի 23-ին:
Դեկտեմբերի 21-ին եւ 22-ին երեխաները դիտել են «Մադագասկար» ներկայացումը՝ կենդանիների մասնակցությամբ, իսկ դեկտեմբերի 23-ին կցուցադրվի «Առյուծիկը մանկության մոլորակում» ներկայացումը:
Ընդհանուր առմամբ, ներկայացումները դիտելու հրավերներ են ուղարկվել Դիլիջանում բնակվող մինչեւ 1 800 երեխաներին:
2014 թ. հունվարին Հայաստան կժամանի «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի տնօրեն Ջոն Փադեֆուտը, որը երկար տարիներ եղել է անգլիական հեղինակավոր Իթոն քոլեջի փոխտնօրենը: Ջոն Փադեֆուտը ժամանելուց հետո սկսելու է զբաղվել ակադեմիական գործընթացի կազմակերպմամբ, արդեն որոշակի աշխատանքներ են սկսված` ուսուցիչներին ընտրելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: