Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Ռուսաստանի օմբուդսմեն Վլադիմիր Լուկինին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ:
Հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, որի հետեւանքով զոհվել է 18 մարդ:
Կարեն Անդրեասյանը նախ ցավակցություն է հայտնել իր ռուսաստանցի գործընկերոջը դժբախտ պատահարի առթիվ:
Նամակում ՀՀ օմբուդսմենը նշել է.
«ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման եւ անզգուշության հետեւանքով 2-ից ավել անձանց մահվան համար, հուլիսի 15-ին դատարանում ներկայացել է ստորացուցիչ ձեւով, մասնավորապես, կանացի խալաթով:
ՌԴ Սահմանադրությունը նախատեսում է, որ անձի արժանապատվությունը պաշտպանվում է պետության կողմից, եւ ոչինչ չի կարող հիմք հանդիսանալ դրա խախտման համար: Անձի արժանապատվության հարգումը պաշտպանվում է նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական 3 կոնվենցիաներով: Անկախ ազգության, ռասայի, ծագման, լեզվի, բնակության վայրի եւ այլ հանգամանքներից՝ անթույլատրելի են պետական մարմինների աշխատակիցների կողմից այնպիսի գործողություններ, որոնք որեւէ կերպ կարող են նսեմացնել անձի պատիվն ու արժանապատվությունը:
Հաշվի առնելով, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Ձեր երկրի իրավասության սահմաններում, խնդրում եմ Ձեզ ուսումնասիրել Հրաչյա Հարությունյանին դատարանում նսեմացնող ձեւով վերաբերվելու եւ ներկայացնելու պատճառները, Ձեր լիազորության շրջանակներում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ օժանդակություն ցուցաբերելու Հրաչյա Հարությունյանին եւ արդյունքների մասին հայտնել ինձ»,- ասված է ՌԴ օմբուդսմենին ուղղված նամակում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: