Մեդիամաքսն առանձնացրել է սեպտեմբերի 6-7-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:
Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Սեպտեմբերի 6-7 (շաբաթ-կիրակի)
North Peak լեռնային ակումբ. Գիշերակաց Ակնա լճում եւ վերելքներ հարակից գագաթներ
Ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին մասնակցել վրանային գիշերակացով վերելքների Ակնա լճի շրջակայքում: Սեպտեմբերի 6-ին Երեւանից մեկնելու եք Կոտայքի մարզի Սեւաբերդ գյուղ, որտեղից բեռնատարով կհասնեք Ակնա լիճ (3030 մ): Լճի ափին կազմելու եք վրանային ճամբար, ինչից հետո վերելք կկատարեք 5 գագաթ՝ Քարհանք (3139 մ), Շամփրասար (3259 մ), Շուշան (3200 մ), Ակնասար (3258 մ), Նարինե (3200 մ): Առաջին օրվա երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 800 մ:

Լուսանկարը` North Peak
Երկրորդ օրը՝ սեպտեմբերի 7-ին, վաղ վերկացից հետո կքայլեք դեպի Աղուսարեր եւ վերելքներ կկատարեք Աղուսար (3335 մ), Արեւելյան Աղուսար (3434 մ), Արեւմտյան Աղուսար (3458 մ): Այնուհետեւ կքայլեք դեպի արեւմուտք՝ վերելք կատարելու Գեղմաղան (3319 մ) եւ Սեղանասար (3220 մ): Երկրորդ օրվա երթուղու երկարությունը 16 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1100 մ: Ծրագիրը միջին բարդության է, մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ լավ ֆիզիկական մարզավիճակ:
Մանրամասները՝ հղումով:
«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Ուղտասար
Առաջիկա հանգստյան օրերին ակումբն ուղեւորվում է Սյունիք՝ վերելք կատարելու Ուղտասար լեռ (3528 մ): Շաբաթ օրը Երեւանից կմեկնեք Սիսիան եւ կայցելեք Շաքիի ջրվեժ, Սիսիանի պատմության թանգարան, Տոլորսի ջրամբար եւ Սուրբ Հռիփսիմե ջրածածկ եկեղեցի: Գիշերակացը կկազմակերպվի հյուրատանը:
Երկրորդ օրը վաղ առավոտյան կսկսվի վերելքը: Սիսիանից մինչեւ լեռան լանջեր կհասնեք ամենագնացներով, այնուհետեւ կքայլեք 5-6 կմ՝ հավաքելով մոտ 600 մ հարաբերական բարձրություն: Գագաթից հետո կտեսնեք նաեւ Ուղտասարի լիճն ու հիասքանչ ժայռապատկերները։
Մանրամասները՝ հղումով:
Սեպտեմբերի 6 (շաբաթ)
Armenian Geographic արշավական ակումբ. Մթնալիճ, Ռապի լիճ եւ Աստղկան
Շաբաթ օրն ակումբը հրավիրում է մասնակցել արշավի դեպի Արագածի բարձրլեռնային լճերը։ Առավոտյան Երեւանից ուղեւորվելու եք Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղ, որտեղից բեռնատարով կհասնեք մինչեւ 3000 մ բարձրության վրա գտնվող Ռապի լիճ։

Լուսանկարը` ArmGeo
Այստեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արագածի հյուսիսային պատը։ Այնուհետեւ կսկսեք քայլարշավը դեպի Մթնալիճ, որը մոտ 3500 մ բարձրության վրա է։ Լճի կապույտ հայելին չի կարող անտարբեր թողնել բնության սիրահարներին: Այնուհետեւ շարունակելու եք քայլքը դեպի Աստղկան լիճ։ Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 500 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ Աղավնավանք եւ Շառաչ ջրվեժ
Սեպտեմբերի 6-ին ակումբը քայլելու է Տավուշից Գեղարքունիք՝ բացահայտելու մարզի մշակութային եւ բնական հուշարձանները։ Առավոտյան կքայլեք դեպի Խնձորուտ գետի վրա գտնվող Շառաչ ջրվեժ, որը հայտնի է նաեւ Բայղուշ անունով:
Ջրվեժ իջնելու արահետը շատ միստիկ, հետաքրքիր եւ աննկարագրելի սիրուն է: Իջնելու եք պարանի օգնությամբ։

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Այնուհետեւ ուղեւորվելու եք Ախնաբաթի անտառ, որտեղ կայցելենք Աղավնավանք միջնադարյան գողտրիկ եկեղեցին եւ կթափառեք կենու պուրակում: Երթուղու երկարությունը 8 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Սեպտեմբերի 7 (կիրակի)
My Hiking արշավական ակումբ. Վերելք Արջանոց լեռ
Սեպտեմբերի 7-ին ակումբն ուղեւորվում է Գեղարքունի մարզ՝ վերելք կատարելու Արջանոց լեռ (2385 մ): Սա համանուն լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է:

Լուսանկարը` My Hiking
Արջանոցից բացվում են գեղեցիկ տեսարաններ, հատապես՝ դեպի Սեւանա լիճը: Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 550 մ:
Մանրամասները՝ հղումով:
ArmLand արշավական ակումբ. Արշավ դեպի Մանթաշի ջրվեժ
Կիրակի օրն ակումբ ուղեւորվում է Քարի լիճ՝ Արագածի ստորոտով արշավելու դեպի Մանթաշի ջրվեժ: Այն Մեծ Մանթաշ գյուղից 15 կմ հարավ է եւ ունի 21 մ բարձրություն: Ակումբը խնդրում է չգանցվել այս արշավին, եթե չունեք լեռնագնացության փորձ:
Երթուղու երկարությունը 15-16 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբ. Վերելք Արմաղան
Սեպտեմբերի 7-ին ակումբը մեկնում է Գեղարքունիքի մարզ՝ վերելք կատարելու Արմաղան լեռ (2829 մ): Սա հրաբխային լեռնագագաթ է, որը գտնվում է Գեղամա եւ Վարդենիս լեռնաշղթաների սահմանագլխին։ Այն ունի գեղեցիկ խառնարան եւ 1,5 մ խորությամբ փոքր լիճ: Արմաղանը ներառված է բնության պետական հուշարձանների ցանկում: Գագաթին կա նաեւ բազալտե եկեղեցի, որը կառուցվել է հին մատուռի ավերակների տեղում։ Երթուղու երկարությունը 11 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 650 մ:
Մանրամասները՝ հղումով:
Armenian Geographic արշավական ակումբ. Արագածի Հյուսիսային գագաթ
Կիրակի օրն ակումբն իրականացելու է վերելք Արագածի Հյուսիսային գագաթ: Այս անգամ վերելքն իրականացվելու է նոր երթուղով: Այն սկսվելու է Ռապի լճից եւ ավարտվելու Գեղարոտի ջրվեժի մոտ։ Վաղ առավոտյան Երեւանից ուղեւորվելու եք Գեղաձոր գյուղ, որտեղից բեռնատարով բարձրանալու եք մինչեւ Ռապի լիճ, որտեղից սկսվելու է վերելքը: Այս երթուղով կտեսնեք լրիվ այլ Արագած՝ վայրի բնությամբ։

Լուսանկարը` ArmGeo
Վերելքից հետո իջնելու եք Արագածի խառնարան եւ գեղեցիկ արահետով քայլելու դեպի Գեղարոտի կիրճ: Երթուղին ավարտելու է Արագած գյուղում։ Արշավին կարող են մասնակցել միայն լեռնային արշավների փորձ ունեցողները: Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1200 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
«Գիտարշավ» ակումբ. Թեթեւ արշավ դեպի Մարտունու 5 վանք
Սեպտեմբերի 7-ին ակումբը մեկնում է Մարտունու տարածաշրջան՝ այցելելու տեղի 5 վանք: Թեթեւ արշավի ընթացքում կտեսնեք Վանեվանքը, Կոթավանքը, Շողագավանքը, Մասրուց Անապատ եւ Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները: Գիտարշավի հետ կբացահայտեք վերոնշյալ հուշարձանների ճարտարապետական առանձնահատկությունները եւ պատմության գաղտնիքները:
Մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: