Հուլիսի 23-ին Մշակույթի զարգացման հիմնադրամը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ամփոփել է ավելի քան մեկ տարվա գործունեությունն ու ներկայացրել առաջիկա ծրագրերը։ Միջոցառման ընթացքում հիմնադրամը նաեւ շնորհակալագրեր է շնորհել «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիան եւ թանգարանային ոլորտին առնչվող միջոցառումները պարբերաբար լուսաբանող լրատվամիջոցներին, որոնց շարքում էր նաեւ Մեդիամաքսը։
Մեծ հնչեղություն ստացած ծրագրեր
Հիմնադրամը ստեղծվել է 2024 թվականին որպես ոչ առեւտրային կազմակերպություն ՀՀ կառավարության կողմից՝ ի նպաստ մշակութային քաղաքականության արդյունավետ իրագործման։ Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները նպատակ ունեն պահպանելու, զարգացնելու, տարածելու, նաեւ միջազգային հարթակներում ներկայացնելու հայ ազգային մշակույթը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մշակույթի զարգացման հիմնադրամի հանրության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանի խոսքով՝ սերտորեն համագործակցում են 20 թանգարանների հետ՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ դարձնել եւ մասնագիտացնել հիմնական ծառայությունները. հաշվապահություն, հանրային ռեսուրսներ, հասարակայնացման հետ կապեր, թվային մարքեթինգ, դիզայն, սպասարկում, միջազգային հարաբերություններ։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Հիմնադրամի գործունեության առաջին տարում ունեցել ենք հանրային մեծ հնչեղություն ստացած մի քանի նախագծեր, որոնցից ամենախոշորներից է Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսը»,- նշել է Ռոզա Գրիգորյանը։
Հիմնադրամի գործունեության կարեւոր ձեռքբերումներից է նաեւ այս տարի «Թանգարանների գիշեր» միջոցառման այցելությունների աննախադեպ թիվը, որը 100 000-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ռոզա Գրիգորյանի խոսքով՝ հիմնադրամը միջոցառման շրջանակում մի շարք թանգարանների համար իրականացրել է սոցիալական մեդիայի թիրախային արշավներ։
Միջազգային համագործակցություններ
Հիմնադրամի եւ գործընկերների այլ հաջողված նախագծերից են Հայաստանի մասնակցությունը Փարիզում Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին, Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառին, ինչպես նաեւ Հայաստանի 9 թանգարանների ներկայացուցիչների այցը ԱՄՆ։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ունենք ակտիվ եւ սերտ համագործակցություն բրիտանական թանգարանների հետ։ Հայաստանը Լոնդոնում վերջերս մասնակցել է Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագրի խորհրդի առաջին նիստին, Լոնդոնում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ Մեծ Բրիտանիայի առաջատար թանգարանների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր համագործակցություններն ու առաջիկա ծրագրերը»,- նշել է հիմնադրամի ներկայացուցիչը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա խոսքով՝ առաջիկա հնարավոր համագործակցություններից են Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանի, ինչպես նաեւ Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի հետ համատեղ ցուցադրությունները։
Առաջիկա նախագծեր
«Ավարտին ենք հասցրել Հայաստանի ազգային պատկերասրահի նոր թանգարանային խանութի ճարտարապետական նախագիծը։ Մեկնարկել է լայնածավալ հետազոտություն, որով նպատակ ունենք բացահայտելու այսօրվա հայ մշակութային սպառողի ներկայիս կարիքները, պահանջները, վարքային դինամիկան»,- մանրամասնել է Ռոզա Գրիգորյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Նա հավելել է, որ հիմնադրամի թիմն ակտիվորեն զբաղվում է գործընկեր թանգարանների եւ հատուկ մշակութային նախագծերի բրենդավորման ու վերաբրենդավորման աշխատանքներով։ Հանրությանն արդեն իսկ ծանոթ օրինակներից է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ու վարպետի 150-ամյակին նվիրված միջոցառումների նոր տարբերանշանները։
Ավետիք Իսահակյանի կերպարի նորովի ներկայացում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը ներկայացրել է թանգարանի առաքելությունն ու վարպետի 150-ամյակին նվիրված միջոցառումները։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեր առաջնային նպատակն է հանրությանը յուրովի եւ նորովի ներկայացնել Ավետիք Իսահակյանի կերպարը։ Իսահակյանն այսօր ավելի քան արդիական է, սակայն կարծես թե չեն հասկանում վարպետին, եւ թանգարանը նախաձեռնել է հենց այս առաքելությունը՝ նրա խոսքը հասանելի դարձնել մեր հանրությանը»,- նշել է նա։
Թանգարանի վերջին շրջանի նախաձեռնություններից է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված «Ալագյազի մանիներ» կրթական ծրագիրը, որի շրջանակում երեխաների համար կազմակերպվել են Վարդավառի տոնին նվիրված անիմացիոն ֆիլմի դիտումներ՝ ստեղծված Ավետիք Իսահակյանի համանուն պոեմի հիման վրա։
Վարպետի 150-ամյակի միջոցառումների շրջանակում այս տարվա մայիսին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 (Friedrich-Ebert-Strasse 27) հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը։
Այն ներկայացնում է տեղեկատվություն բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին՝ միաժամանակ փաստելով, որ Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի, Յոզեֆ Մարկվարտի հետ միասին եղել է հայ-գերմանական ընկերության հիմնադիրներից: Հուշատախտակին ամրացված է նաեւ Գյումրու սեւ տուֆը՝ որպես հայկականության խորհրդանիշ, որը շատ էր սիրում Իսահակյանը. նրա երեւանյան տունը եւս կառուցված է այդ տուֆից:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հուշատախտակի վրա կա QR կոդ, որով անցորդները կարող են դիտել Իսահակյանի եւ Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Երեկոյի վերջում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Արշալույս Հարությունյանի արվեստանոցի ուսանողները հանդես եկան «Աբու Լալա Մահարի» ներկայացմամբ՝ համանուն պոեմի ժամանակակից գեղարվեստական մեկնաբանությամբ։
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ հեղինակի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: