Երեւան: Մեդիամաքս: Գերմանական Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը:
Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։
Հուշատախտակի բացումը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գերմանիայում ՀՀ դեսպանության, Լայպցիգի քաղաքապետարանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Լայպցիգի Հայ Մշակութային Միության եւ Երեւանի Գյոթե կենտրոնի համատեղ աշխատանքի արդյունք է։
Հուշատախտակի բացմանը ներկա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասել է, որ Գերմանիան առանձնահատուկ դեր է խաղացել Իսահակյանի կյանքում։
«Նա մի քանի տարի ապրել է Գերմանիայում՝ Լայպցիգում, Բեռլինում, որտեղ ուսումնասիրել է եվրոպական գրականությունն ու փիլիսոփայությունը եւ ակտիվորեն շփվել ժամանակի առաջադեմ գրական ու քաղաքական շրջանակի հետ։
Նրա գործերը լի են մարդկային էության շուրջ մտորումներով, որոնք սերտորեն առնչվում են նաեւ գերմանական մեծ մտածողների գաղափարներին: Կարելի է ասել, որ գերմանական փիլիսոփայական միտքը մեծապես ազդել է Ավետիք Իսահակյանի աշխարհընկալման վրա»,- ասել է նախարարի տեղակալը:
«Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակի ճարտարապետ-դիզայները Հակոբ Իսկուդարյանն է, քանդակագործը՝ Ռուբեն Նալբանդյանը:
Հուշատախտակի վրա կա QR կոդ, որի միջոցով այցելուները կարող են դիտել Իսահակյանի եւ Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: