Փետրվարի 25-ին Երեւանի պատմության թանգարանում «Բազմադեմ Սատաղյան Անահիտը» խորագրով դասախոսությամբ է հանդես եկել Բրիտանական թանգարանի Հունաստանի եւ Հռոմի բաժնի ֆոնդապահ Թոմաս Հարիսոնը՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության շրջանակում։
Թոմաս Հարիսոնը նշել է, որ Անահիտի բրոնզե արձանի՝ Երեւանում ցուցադրությունը պատմական իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլեւ Բրիտանական թանգարանի համար. «Դասախոսությունը պատրաստելու ժամանակ ես հասկացա, թե ինչքան բան ունենք սովորելու միմյանցից»,- նշել է նա՝ հավելելով, որ իր այս այցից հետո Բրիտանական թանգարանում աշխատանքներ սկսեն Անահիտ աստվածուհու ներկայացման ձեւը փոխելու ուղղությամբ։
Փորձելով համադրել արձանի նույնականացման, ժամանակաշրջանի եւ պատկանելիության շուրջ մի շարք վարկածները՝ գիտնականը եկել է սեփական եզրահանգումներին, որոնցով կիսվել է Երեւանում կայացած իր դասախոսության ընթացքում։
Մեդիամաքսը ներկա է եղել դասախոսությանը եւ ներկայացնում է որոշ դրվագներ։
Գեղեցկության աստվածուհուն Բրիտանիա բերած Նյուտոնը
1873 թվականին Չարլզ Նյուտոնը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Բրիտանական թանգարանի հունական եւ հռոմեական հնությունների բաժինը, Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Գլադստոնին նամակ է գրել՝ շնորհակալություն հայտնելով նրա եւ կառավարության դրսեւորած մեծահոգության համար։ Նա համոզված էր, որ կառավարության կատարած ծախսերի պտուղները դեռ երկար կծառայեն գալիք սերունդներին։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ամեն օր բրոնզե գլխին նայելու արտոնությունը նման է մի մեծ երկնային հաճույքի ամբողջ կյանքիս համար: .... չունեմ բառեր, որոնցով կարողանայի նկարագրել բրոնզե գլխի հմայքը», - գրել է նա նամակներում։
Ցուցանմուշը, որի մասին խոսում է Նյուտոնը, սատաղյան Անահիտի գլուխն է, որը բազում անուններ ունի՝ Աֆրոդիտե, Անահիտ, Անահիտա և այլն։ Այս նամակագրությունը ցույց է տալիս ավարտն այն երկար գործընթացի, որով նա կարողացել էր գումար հայթայթել Անահիտի արձանը թանգարանի համար ձեռք բերելու նպատակով։ Հաճախ, նա այն անվանում էր Վեներայի արձան, քանի որ ընդունված էր բոլոր աստվածներին հռոմեականացնելը։
Պահպանվել են նաեւ տեղեկություններ, թե ինչպես էր Նյուտոնը փորձում Անահիտի բրոնզե գլխի համար նոր պահատուփ գնելու գումար հայթայթել։ Այն ժամանակ նման գործերը նույնքան բարդ էին, որքան հիմա։

Լուսանկարը` Մեդիամաքս
Թերեւս, ոչ ոք այնքան չի հիացել Անահիտով, որքան Չարլզ Նյուտոնը։ Նա չափազանց ռոմանտիկ էր խոսում արձանի մասին։ Դա կարելի է կապել նրա սիրելի կնոջ անժամանակ մահվան հետ։ Արձանին նվիրված հոդվածներից մեկում Նյուտոնը գրում է. «Առաջին տպավորությունը բրոնզե գլխից դրա վեհաշուք աստվածային գեղեցկությունն է՝ պարզ, բայց ոչ շատ խիստ, բավարար դեմքին տալու մարդու համար հետաքրքրական արտահայտություն՝ թույլ տալով մտածել, որ կոնցեպցիան մարդկային երեւակայության արդյունք է՝ ոգեշնչված աստվածային թեմատիկայից, որպես մահկանացուի մի փորձ մարմանվորելու իր պատկերացումն անմահի մասին»։
Մ.թ.ա. 2-րդ, թե՞ 4-րդ դար
Առաջին տարակարծությունը արձանի ստեղծման տարեթվի շուրջ է։ Չարլզ Նյուտոնը սկզբում այն թվագրել է մ.թ.ա 5-րդ դարին։ Տարիներ անց նա միտքը փոխել է՝ վերագրելով արձանը մ.թ.ա 4-րդ դարին։ Պատճառն այն էր, որ հայտնաբերվել էր արձանի ձեռքը։ Հարկ է նշել, որ արձանի գլխի եւ գտնված ձեռքի նույնականացումը ցանկալի ենթադրություն է, եւ չունի բավարար ապացուցական հիմքեր։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ներկայումս ավելի ընդունված է այն տեսակետը, որ արձանը մ.թ.ա. 2-րդ դարի է։ Պատճառներից մեկը դրա ոճն ու ստեղծման տեխնիկան է, որը համեմատելիս հնարավոր է նույնացնել այդ ժամանակաշրջանի այլ բրոնզե արձանների հետ։
Համեմատություններից մեկն արվում է 4-րդ դարի հույն քանդակագործ Սկոպասին վերագրվող Հիգեայի արձանի հետ։ Որպես հիմք է ընդունվում աչքերի ձեւը եւ գլխի թեքությունը։ Մեկ այլ համեմատություն արվում է այսօր Բեռլինի թանգարանում պահվող Պերգամոնի խորանի հետ, որը վերագրվում է մ.թ.ա. 2-ր դարին։

Լուսանկարը` Carole Raddato
Այս ձևով եզրահանգումների գալը շատ բարդ է, որովհետեւ նման հնությունների թիվը ներկայումս 100-ից պակաս է, ուստի չկա բավարար վիճակագրություն՝ հիմնավոր եզրակացությունների համար։ Ոճի համեմատության պարագայում եւս խնդիրներ կան, որովհետեւ կարող են լինել ստեղծագործողներ, որոնք ոգեշնչվել են իրենց նախորդներից։ Մյուս հարցն էլ այն է, որ ժամանակագրության որոշման ժամանակ միշտ կարեւոր դիրք է ստանձնում դրա արժեքը, ուստի ուսումնասիրողները շատ են ցանկանում ցուցանմուշն ավելի հին ներկայացնել։
Ինքներդ ընտրեք՝ չորրո՞րդ դար, թե՞ երկրորդ։
Աֆրոդիտեից Անահիտ
Ի սկզբանե, սատաղյան աստվածուհուն նույնացրել են Աֆրոդիտեի հետ։ Դրա համար կա շատ պարզ պատճառ. այն գեղեցիկ է, ուստի պետք է որ գեղեցկության աստվածուհին լինի։ Ձեռքի գտնվելուց հետո էլ այն որոշ հետազոտողներ համարել են կնիդոսյան Աֆրոդիտեի կրկնօրինակը, քանի որ Անահիտի գտնված ձեռքում եւս կտոր կա։
Արձանի նույնականացումը կարեւոր հարց է, ուստի երբ որ դրան տրվում է ինչ-որ պատասխան, այն երկար ժամանակ ընկալվում է որպես ճիշտ եւ մնում խոսույթում։ Այդպես երկար ժամանակ համարվել է, որ հենց Աֆրոդիտեն է։
Հետո արդեն ի հայտ եկավ Ղեւոնդ Ալիշանի առաջադրած տեսությունը, որով բրոնզե մասունքը սկսեց վերագրվել Անահիտին՝ հաշվի առնելով այն, որ գտածոյի հայտնաբերման մերձակայքում՝ Եկեղյաց գավառի Երիզայում (Երզնկա) բնակավայրում գտնվել է Անահիտ աստվածուհու գլխավոր տաճարը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Եթե դուք հավատում եք Վեներա/Աֆրոդիտե վարկածին, ապա այս պարագայում կա երկու հիմնավորում։ Առաջինը ձեռքն է, որով այն վերագրվում է 4-րդ դարի քանդակագործին, երկրորդը՝ հայտնաբերման վայրը՝ Սատաղը, որտեղ եղել է հռոմեական լեգեոնական բերդ։ Երբ հարցրի կոլեգաներիս, որ գուցե Աֆրոդիտեն չէ, պատասխանեցին՝ անհեթեթություն է, դա հռոմեական աստված է, քանի որ գտնվել է հռոմեական վայրից։ Հիմա գիտեմ, որ նրանք ճիշտ չեն։
Չմոռանանք, որ հռոմեացիները այդ ժամանակ միայն հռոմեական աստվածներին չէին երկրպագում։ Չնայած, որ այնտեղ կար հռոմեական լեգեոնական բերդ, միանշանակ չէ, որ զուտ հռոմեական շրջան էր, կարող էր լինել հայ-հռոմեական։

Լուսանկարը` Մեդիամաքս
Անահիտ Աստվածուհի անվանողների վարկածը հիմնվում է նրա վրա, որ Սատաղում եղել է Անահիտի տաճար, կամ էլ այն վերցվել և այդտեղ է տեղափոխվել Եկեղյաց գավառի տաճարից։ Առաջին տպավորությունն այն է, որ արձանը բռնությամբ եւ պատերազմի հետեւանքով է վերցվել, սակայն ես հակված եմ ավելի դրական կապ տեսնել. գուցե այն նվեր էր՝ ի նշան պաշտանմունքային նմանությունների։
Արձանի ոճը միանգամից ընկալվել է որպես հունական։ Սրան ես ունեմ մի հարց, որի պատասխանը չեմ գտնում։ Արձանի ճակատային հատվածում եւ այտերի հատվածում խոպոպիկներ կան, որոնց նմանը չեմ տեսել հունական քանդակներում։ Կարծում եմ, որ սրանով արձանն առանձնանում է, եւ սա նշան է, որ որեւէ այլ բան է կատարվում այստեղ։
Բրիտանական թանգարանի պիտակը խնդրահարույց է
Կարծում եմ, որ Բրիտանական թանգարանում մենք հակված ենք վերամշակելու նախորդ սերունդների տեսակետները կամ դրանց փորք-ինչ հարմարվելու՝ դրանք հարցականի տակ դնելու եւ նորովի քննելու փոխարեն։

Լուսանկարը` Մեդիամաքս
1990-ականներին է փոխվել թանգարանում ցուցանմուշի ներկայացման պիտակը, որը հիմա այսպիսին է. «Պաշտանմունքային արձանի գլուխը Անահիտա աստվածուհու` տեղական աստվածուհի՝ ներկայացված Աֆրոդիտեի կերպարանքով»։
Այս ձեւակերպումն ինձ համար անպատեհ է գոնե երկու պատճառով։ Առաջինը «տեղական աստվածուհի» բնորոշումն է, որը նսեմացնող նրբերանգ ունի։ Տպավորություն է, թե հունական եւ հռոմեական աստվածներն իրականն են, իսկ մյուսները փոքր, տեղական աստվածներ են։ Կարծում եմ՝ աստվածները կամ բոլորն էլ ինչ-որ մի մշակույթում տեղական են համարվում կամ բոլորն էլ ընդհանրապես չունեն տեղական պատկանելիություն։ Համենայնդեպս, մենք գիտենք, որ Անահիտի պաշտանմունքը ձգվել է շատ երկար ժամանակաշրջան ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ մշակույթներում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մյուս ձեւակերպմամբ՝ «Աֆրոդիտեի կերպարանքով», փորձ է արվել ցույց տալու, որ հարցը խրթին է, սակայն բառօգտագործման խնդիր կա։ Տպավորություն է ստեղծում, որ մի անձ է, որը փորձում է ներկայանալ որպես մեկ այլ անձ։
Այս պիտակը կազմողներն այլեւս չկան ու չենք կարող նրանց հարցնել, թե ինչու են այսպես ձեւակերպել։ Ենթադրում եմ, որ մոտեցումը հետեւյալն էր՝ փորձել հարմարվել գոյություն ունեցող տարբեր վարկածներին՝ դրանք հարցականի տակ դնելու փոխարեն։
Բազմադեմ աստվածները
Հին պատմիչների գրականությունը կարդալուց հասկանում ենք, որ աստվածների անունների այդ շփոթը շատ վաղուց է սկսվել, առնվազն մ.թ.ա 5-րդ դարում դա տեսնում ենք։ Կարելի է գտնել Անահիտ եւ Արտեմիս անունների համանման հիշատակումներ, հաճախ Անահիտը անվանվել է պարսկական Արտեմիս, միեւնույն ժամանակ նկարագրվում է հայերի պաշտանմունքը Անահիտ/պարսկական Արտեմիս Աստվածուհու։ Մետաղադրամների վրա Արտեմիս աստվածուհու պատկերումից էլ պարզ է դառնում, որ միեւնույն տարածաշրջանում կարող էին ընդունելի լինել նույն աստվածության տարբեր պատկերներ։
Այս ամենից կարեւոր եզրահանգման ենք գալիս, որ աստվածների մասին խոսելիս ոչ թե պետք է կոնկրետ դասակարգել՝ նա է կամ մյուսը, այլ ընդունել, որ կարող են լինել երկուսն էլ միաժամանակ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Կարդալով հելլենիստական ժամանակաշրջանի հեղինակներից մեկի կողմից արված Զեւսի նկարագիրը, տեսնում ենք, որ աստվածները բազում դեմքեր ունեին եւ շարադրելով նրանց տարբեր կողմերը, հեղինակները փառաբանում էին նրանց՝ ցույց տալով, որ անհնար է աստվածներին նկարագրել մարդկային բառերով։
Ես հակված եմ կարծելու, որ Սատաղյան դիցուհին միաժամանակ եւ′ Արտեմիսն է, եւ′ Անահիտը, եւ կարող էր միեւնույն ու նաեւ տարբեր խմբերի համար միաժամանակ այդպես ընկալվել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Կարծում եմ, որ մենք պետք է պատվենք սատաղյան աստվածության բոլոր դեմքերը։ Ես հիանում եմ նրանով, որ աստվածուհու այս արձանը, որ ժամանակին, հավանական է, եղել է բռնության զոհ, այսօր կարող է կամրջել մեր հաստատություններն ու պետությունները։ Եվ ես շատ բարձր եմ գնահատում Երևանում այդ ուղղությամբ տարվող ջանքները։
Կարծում եմ՝ վերադարձիս շատ բան կսկսենք փոխել թանգարանում։ Առաջինը՝ պիտակի ձեւակերպումը պետք է փոխվի։ Իհարկե, շատ դժվար է 72 բառում ներկայացնել ցուցանմուշի ինքնության խրթին հարցը, բայց պետք է գտնենք ճանապարհներ այլ նյութերով եւս ներկայացնելու դրա պատմությունը։
Ընդհանուր առմամբ այս ժամանակաշրջանի ներկայացման ձեւը եւս պետք է փորձենք փոխել՝ ցույց տալով որ ոչ միայն հունական մշակույթն է տարածվել դեպի դուրս, այլեւ եղել է ստեղծագործական միաձուլում՝ օրինակ հայկական եւ հունական ավանդույթների միջեւ՝ գտածոները մշտապես հունական տեսանկյունից ներկայացնելու փոխարեն։
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: