Հայաստանում հունիսի 14-ը Խորհրդային տարիների բռնադատվածների հիշատակի օրն է։ 1949 թվականին հենց այդ օրը Սովետական Հայաստանից շուրջ 13,000 մարդ՝ ավելի քան 2,500 ընտանիք, աքսորվեց Ալթայի երկրամաս՝ Սիբիր։ Ստալինյան շրջանի բռնաճնշումներին ենթարկվածների իրական թվերը շատ ավելի մեծ են։
Այսպիսի պատմությունը պատմում են լուռ սենյակում, երբ կռանում ես, որ ուշադիր լսես, որովհետեւ չգիտես՝ ուր է այն տանելու։
Մի երիտասարդ անհետանում է պատերազմի փոթորկի մեջ։ Ժամանակ է անցնում։ Լռությունը խորանում է։ Իսկ հետո նամակ է գալիս։
«Տատիկիս բերեցին այդ սարսափելի սեւ ծրարը, - պատմում է Ժիրայրը՝ Արամ Մարտիրոսյանի որդին, կոկորդում կարկամ զգալով։ - Նա արդեն թաղել էր որդու մանկական շորերը։ Հուղարկավորություն էր կազմակերպել։ Տարիներ շարունակ թարմ ծաղիկներ էր բերում դատարկ գերեզմանին»։
1918 թվականին Գորիսում՝ բլրալանջի քաղաքում ծնված Արամը մեծացել էր մի ընտանիքում, որտեղ գնահատում են արհեստագործությունն ու լուռ ուժը։ Նա երկու եղբայրներից կրտսերն էր (Լեւոնը երեք տարով մեծ էր) եւ հորից ժառանգել էր ժամագործության նուրբ արհեստը, որը մի օր փրկելու էր նրա կյանքը։ Հայրը շուտ մահացավ՝ թողնելով գործիքներ ու ժամացույցներ, ինչպես նաեւ ճշգրտության զգացում, որը Արամը մանկությունից ի վեր պահպանեց։
Ավելի ուշ Արամը տեղափոխվեց Բաքու՝ բանասիրություն սովորելու, եւ լեզվի եւ գրականության հանդեպ նույնքան ուշադիր էր, որքան ժամանակին ատամնանիվների եւ զսպանակների հանդեպ։ Սակայն պատմությունը խանգարեց այդ ծրագրերին։ 1940 թվականին իր սերնդակիցների պես Արամը զորակոչվեց Խորհրդային բանակ եւ հայտնվեց պատերազմի սրտում, որը ընդմիշտ փոխելու էր նրա կյանքի ընթացքը։

Լուսանկարը` Սոֆի Աղախանյան
Երկրորդ համաշխարհային պատերազմի բուռն իրադարձությունները կտրուկ փոխեցին Արամի աշխարհը։ 1941 թվականին Բելառուսը արագ անցավ գերմանացիների ձեռքը։ Նացիստական օկուպացիայի երեք տարիների ընթացքում Բելառուսում սպանվեց ավելի քան 2 միլիոն մարդ։ Արամ Մարտիրոսյանը ռազմագերիների թվում էր:
Նրանք գերմանական իշխանությունների կողմից ենթարկվում էին տարբեր տեսակի դաժանության եւ բռնության։ Շատերին հավաքագրել էին հարկադիր աշխատանքի. ենթակառուցվածքների շինարարություն, գյուղատնտեսական աշխատանքներ, աջակցություն գերմանական բանակին: Աշխատանքային պայմանները, հաճախ, դաժան էին, շատերը մահանում էին հյուծվածության, թերսնման եւ բռնության պատճառով:
Հենց այդ մռայլ, սրտահույզ օրերին էր, որ Արամ Մարտիրոսյանը հանդիպեց Ալիկին՝ մեկ այլ բանտարկյալի, որը դառնալու էր նրա ամենամտերիմ ընկերը եւ շատ առումներով եղբայրը։ Ամիսներն անցնում էին, եւ երկու տղամարդիկ հացով ու պատմություններով կիսվելուց բացի՝ գոյատեւելու չարտահայտված երդում տվեցին իրար։ Բանտարկությունից մեկ տարի անց՝ տառապանքի դժնդակ առօրյայում նրանք նկատեցին, որ Ուկրաինայի ճամբարի մոտ գտնվող անտառով պարբերաբար անցնում էին զինամթերք տեղափոխող գնացքները։ Դրանք գալիս-գնում էին՝ միշտ սուրալով, միշտ ինչ-որ ծանր բան տանելով դեպի առաջնագիծ։ Բայց երբեմն հանդիպում էին դատարկ վագոններ։

Լուսանկարը` Սոֆի Աղախանյան
Այս բեկորներից դանդաղ ձեւավորվեց մի համարձակ ծրագիր։
«Նրանք դիտում էին։ Ամեն առավոտ, ամեն երեկո… հաշվում, ուսումնասիրում, - պատմում է Ժիրայրը՝ ձեռքը սահեցնելով հոր մաշված լուսանկարի վրայով, որն արվել էր պատերազմից շատ առաջ։ Նա այն վերցրել էր դարակից, որտեղ պահում էր Արամի իրերը՝ փոշոտվել թողնելու համար չափազանց սրբազան։ - Դա վտանգավոր էր, գուցե հիմարություն, բայց նրանք կորցնելու ոչինչ չունեին», - ավելացնում է Ժիրայրը։
Ծրագիրը ձեւով պարզ էր, բայց ահռելի քաջություն էր պահանջում. պետք է բարձրանային գնացքների վրա բեռնվող դատարկ արկղերի մեջ եւ թույլ տային, որ ճակատագիրն իրենց տանի ցանկացած այլ վայր, բացի այնտեղից, որտեղ իրենք էին։ Նրանք չգիտեին, թե որտեղ են տանում ռելսերը, բայց գիտեին, որ պետք է փորձեն։
Գնացքը վերջապես դանդաղեց։ Օդն այժմ այլ էր։ Երբ նրանք դուրս եկան արկղից՝ փայտացած ու լուռ, Արամն ու Ալիկը հայտնվեցին ոչ թե Արեւելքում, այլ Ֆրանսիայի սրտում։ Ձայներն անծանոթ էին, ցուցանակները՝ անընթեռնելի, բայց նրանք ազատ էին։ Քաղցից եւ հյուծվածությունից գլխապտույտ զգալով՝ նրանք թափառում էին փողոցներով, մինչեւ հասան ապակե պատերով սրճարանին։ Հուսահատ եւ անվստահ՝ արդյոք արժե մտնել, նրանք վերջապես մտան։
Անհավանական բախտի կամ ճակատագրի բերմամբ՝ սրճարանի տերը հայ էր։ Նրանց պատմությունը լսելուց հետո նա ոչ միայն ճաշ հյուրասիրեց, այլ դարձավ նրանց փրկության կամուրջը՝ օգնելով կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։
Ժնեւի կոնվենցիաների եւ ռազմագերիների պաշտպանությամբ զբաղվող հայտնի կազմակերպությունը նրանց բժշկական զննման ենթարկեց եւ ապահովեց ապաստանով: Շուտով Արամն ու Ալիկը տեղավորվեցին հայ ընտանիքներում՝ շրջապատված բարությամբ, ոչ թե փշալարով:

Լուսանկարը` Սոֆի Աղախանյան
Արամը տեղավորվեց Գյուլբենսարյանների մոտ՝ երեք հոգուց բաղկացած խաղաղ ընտանիքում. ամուսինը, նրա սրտացավ կինն ու դուստրը՝ Շուշանը: Համեստ տուն էր, բայց ճառագայթում էր այնպիսի քնքշություն, որը Արամը վաղուց չէր զգացել: Շուշանն իր խելքով եւ բարությամբ լուսավորեց պատերազմից մթագնած Արամի աշխարհը: Այն, ինչ սկսվեց մեղմ հայացքներից եւ խոհունակ զրույցներից, վերածվեց քնքուշ սիրո՝ Արամի առաջին իսկական սիրո՝ փխրուն եւ գեղեցիկ:
Բայց նույնիսկ ազատության մեջ վիշտը չթուլացրեց իր ճիրանները:
Ֆրանսիայում հաստատվելուց կարճ ժամանակ անց Ալիկը ծանր հիվանդացավ: Ճամբարներում նրան մաշող մրսածությունը վերադարձավ թոքաբորբի տեսքով, այս անգամ՝ անողոք: Արամը մնաց նրա կողքին, երբ օրերը պատեց լռությունը: Վերջին զրույցներից մեկի ժամանակ Ալիկը, որի ձայնը շշուկի էր նմանվել, վերջին անգամ խնդրեց ընկերոջը. «Երբ վերադառնաս… գտի՛ր մորս։ Նա ապրում է Տերյան փողոց 10 հասցեում… Երեւանում»։
Արամը խոստացավ ու բռնեց ընկերոջ ձեռքը, որը կամաց-կամաց սառչում էր։
«Նա երբեք չմոռացավ այդ խոստումը», - պատմում է Ժիրայրը:

Լուսանկարը` Սոֆի Աղախանյան
Խորհրդային ռեժիմի ճնշման տակ դաշնակիցները ընդունեցին հարկադիր հայրենադարձության քաղաքականություն, որի արդյունքում մոտ 5 միլիոն խորհրդային քաղաքացիներ վերադարձան ԽՍՀՄ՝ կամա թե ակամա։ Այնտեղ նրանք երկար շաբաթներ եւ նույնիսկ ամիսներ անցկացրին ճամբարներում՝ հակահետախուզական ՍՄԵՐՇ-ի եւ խորհրդային գաղտնի ոստիկանության (НКВД) կողմից իրականացվող ինտենսիվ զտման ներքո։ Վերադարձողները ենթարկվեցին բազմաթիվ ստուգումների, նախքան տուն վերադառնալու թույլտվություն ստացան։
Գյուլբենսարյանների հետ մեկ տարի անցկացնելուց հետո Արամը դժվար որոշում կայացրեց. վերադառնալ հայրենիք։ Հոգու խորքում նա գիտեր, որ սա ծանր կտանեն նրանք, ովքեր իրեն ընդունել էին, հատկապես Շուշանը։ Չկարողանալով դիմակայել նրանց տխրությանը, նա առանց հրաժեշտի հեռացավ Փարիզից՝ կրելով երբեք չասված հրաժեշտի ծանրությունը։

Լուսանկարը` Սոֆի Աղախանյան
Տունդարձն ասես երազում լիներ։ Տարիներ շարունակ Արամին մահացած էին համարում։ Մորը կրկին տեսնելու միտքը նրան լցրեց եւ՛ հույսով, եւ՛ սարսափով։ Նա նախ գնաց մորաքրոջ տուն՝ վախենալով, որ մոր սիրտը չի դիմանա իր հանկարծակի հայտնվելուն։ Մշտապես կոկիկ հագնված՝ Արամը նրբագեղ պահվածք ուներ։ Երբ նա ժամանեց, մորաքույրը դատարկ հայացքով նայեց նրան՝ անընդհատ շշնջալով. «Արամը մեռած է»։ Բայց երբ Արամը հանեց գլխարկը, մորաքրոջ ձայնը կտրվեց, աչքերը լայնացան։ Դեմքն այլայլվեց Ճանաչելուց։
Արամը չգիտեր, որ մայրը հարեւան սենյակում էր։ Հենց որ նա տեսավ Արամին, վարանում, անհավատություն չեղավ։ Նա շտապեց որդու մոտ եւ գրկեց ուսերից՝ գոռալով նրա անունը՝ առաջին անգամ իր զավակի հետ վերամիավորվող մոր հուսահատ քնքշությամբ.
«Սա իմ Արամն է…» - շշնջում էր նա, կարծես բարձրաձայն ասելը կարող էր նրան իրականություն վերադարձնել։
Այս ամենը պատմելիս Ժիրայրի դեմքը մեղմանում է։ Փոքրիկ ժպիտ է երեւում՝ փխրուն, բայց լուսավոր, որը կրում էր զսպված արցունքների բեռը։ Նա ասես տեսնում է այն տղային, որն իր հայրն էր, եւ գուցե նույնիսկ զգում, որ այդ տղան դեռ կենդանի է իր մեջ։

Լուսանկարը` Սոֆի Աղախանյան
ՍՄԵՐՇ-ը («Смерть шпионам» կամ «մահ լրտեսներին» կազմակերպության կրճատ անվանումը) ամբողջ Խորհրդային Միությունում ստեղծել էր ֆիլտրացիոն ճամբարներ։ Արամի նման վերադարձողները մանրակրկիտ հարցաքննվում էին՝ ինքնությունը հաստատելու եւ պարզելու համար, թե արդյոք նրանք դավաճաններ են, թե հայրենասերներ։
Վերադառնալով Գորիս՝ Արամը փորձեց վերսկսել իր կյանքը։ Նա աշխատում էր որպես ժամագործ. հորից ժառանգած հմտությունը կրկին ձեռքերին ուժ տվեց։ Բայց ուրախությունը կարճատեւ էր։ Ամիսներ անց մահացավ նրա եղբայրը՝ դաժան հիշեցում այն ամենի մասին, ինչ ժամանակը գողացել էր նրանից։ Հետո՝ մեղադրվելով դավաճանության մեջ` Արամը ձերբակալվեց եւ բանտարկվեց։ Այնուամենայնիվ, կրկին ազատազրկված իր խցում, նա դիմեց պոեզիային։ Բանաստեղծական տողերով նա զեղեց անարդարության իր ցավը, ազատության կարոտը եւ այն անսասան կրակը, որը երբեք չէր լքել նրան։
«Նա նույն խցում էր, որտեղ ժամանակին բանտարկված էր Չարենցը։ Հայրս այդպես էր կարծում, որովհետեւ պատերին Չարենցի գրառումներն էին», - ասում է Ժիրայրը, որի ձայնը գունագեղ երանգ է ստանում՝ կարծես Չարենցի հիշատակումը ինչ-որ բան լուսավորում է նրա մեջ։

Լուսանկարը` Սոֆի Աղախանյան
Արամին ի վերջո դատապարտեցին գնդակահարության։
«Դատավճիռը լսելուն պես նա կորցրեց գիտակցությունը», - պատմում է որդին, ու նրա աչքերը լցվում են արցունքներով։
Արամի բանտում պահակները սոսկալի համակարգ ունեին. հարվածում էին երկաթե ձողին՝ ազդարարելու, որ մահապատիժ է տեղի ունենալու։ Սակայն Արամի անունը երբեք չհնչեց։ Օրերն անցնում էին սարսափի մշուշի մեջ։
«Կարծում եմ՝ ինչ-որ մեկը պարզապես կարեկցեց հորս, երբ նա կորցրեց գիտակցությունը։ Նրան դատապարտեցին 24 տարվա ազատազրկման եւ ուղարկեցին «Վորկուտլագ» (Վորկուտայի ճամբարներ)», - պատմում է Ժիրայրը։
Այդ պահին նրա աչքերում խառը զգացմունքներ էին, կարծես դաժանությունից անդին դեռ ինչ-որ լավ բանի հույս ունեին։
Վորկուտլագը՝ ԳՈՒԼԱԳ համակարգի ամենամեծ ճամբարներից մեկը, 1951 թվականին ավելի քան 73,000 բանտարկյալ ուներ։ Այնտեղ էին ինչպես խորհրդային, այնպես էլ օտարերկրյա գերիներ, քաղաքական այլախոհներ, ռազմագերիներ եւ սովորական մարդիկ, որոնք բռնաճնշումների զոհ էին դարձել։ Նրանց ստիպում էին դաժան աշխատանք կատարել՝ ածխահանքեր, փայտամշակում, շինարարություն հավերժական սառույցի մեջ։

Լուսանկարը` Սոֆի Աղախանյան
Իր խելքի եւ խաղաղ վարքագծի շնորհիվ Արամը ստացավ ճամբարի պահեստապետի պաշտոնը, որը թույլ էր տալիս մի փոքր ավելի արժանապատիվ ապրել արժանապատվությունից զուրկ աշխարհում։ Վեց ամիսը մեկ բանտարկյալներին թույլատրվում էր ինքնարդարացնող նամակ գրել։ Սակայն հույսը հաճախ անպատասխան էր մնում։
Այնուհետեւ եկավ շրջադարձային պահը։ Ստալինի մահից հետո՝ 1953 թվականին, Խորհրդային Միությունը սկսեց իր երկար, անհավասար ապաստալինացման գործընթացը։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը համաներում հայտարարեց, որը ազատեց ավելի քան 1.5 միլիոն բանտարկյալների, որոնց թվում էին նաեւ Արամի նման մարդիկ։
Արամ Մարտիրոսյանը ազատ արձակվեց 1956 թվականին՝ տարիների բանտարկությունից հետո վայելելով ազատության քաղցրությունը։ Նա 39 տարեկան էր, երբ խաչվեցին նրա ու եւ իր ապագա կնոջ ճակատագրերը։
«Մորս հանդիպեց պատահաբար։ Երկուսն էլ արդեն մեծահասակ էին, ուստի ամուսնանալու որոշումը գիտակցված, մտածված ընտրություն էր», - ասում է Ժիրայրը մեղմ ժպիտով։

Լուսանկարը` Սոֆի Աղախանյան
Արամը վերադարձավ իր հին արհեստին՝ անխոնջ աշխատելով, որ իրենց գլխավերեւում տանիք լինի։ Ամուսնանալուց եւ երկու երեխա ունենալուց հետո նա ապրում էր կյանքով, որը շատերը կանվանեին պարզ, նորմալ կյանք, որից նա այդքան երկար զրկված էր։ Այն ամենը, ինչ նա չուներ, փորձում էր տալ որդիներին՝ նրանց օգնությամբ կյանքի կոչելով իր չիրականացած երազանքները։
Թեեւ Արամը հեռացավ այս աշխարհից բազմաթիվ չիրականացված երազանքներով, վերջում նա խաղաղություն գտավ։ Մահվանից առաջ ստացավ երկար սպասված նամակը, որը հաստատում էր իր անմեղությունը։ Արամ Մարտիրոսյանը մահացավ 1982 թվականին Գորիսում։
Ժիրայրը նկարիչ է, Հայաստանի ու Արցախի նկարիչների միության, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի եւ Նկարիչների ընկերության անդամ։ Նաեւ Գորիսի պատկերասրահի տնօրենն է։ Ապրում է կնոջ հետ հոր հին տանը եւ շարունակում է հոր սերը նկարչության եւ գրելու հանդեպ։

Լուսանկարը` Սոֆի Աղախանյան
«Կուզեի գիրք գրել հորս մասին։ Նրա կյանքն ու հիշողությունը մեծ իմաստ ունեն ինձ համար, ես չեմ ուզում, որ այն կորչի։ Բայց զգում եմ, որ այս պատմությունը իմ գրելու հմտություններից վեր է, այդ պատճառով երբեք չեմ համարձակվել սկսել», - ասում է Ժիրայրը դողացող ձայնով, ասես այդ փխրուն թեմային դիպչելը ինչ-որ թանկարժեք բան կկոտրի։
Հոր պատմությունը նրա խորապես անձնական եւ խոցելի մասն է, մի բան, որը նա պահում է սրտին մոտ, պաշտպանում, բայց միեւնույն ժամանակ ցանկանում է, որ ուրիշներն էլ իմանան։
«Եթե գրեի այդ գիրքը, վերնագիրը կլիներ «Մոռացված ուղիների ճամփորդը»։ Ինձ թվում է՝ հայրս մեկից ավելի կյանք է ապրել, եւ բոլոր կյանքերում փնտրել է իսկական ուղին, բայց ընդմիշտ կորած է մնացել», - ասում է Ժիրայրը հուզված ձայնով։
«Հայրս գտավ Ալիկի մորը, - ավելացնում է Ժիրայրը ձայնի հանկարծակի փոփոխությամբ՝ կարծես վախից, որ գրեթե մոռացել էր հիշատակել՝ եղբորը տված խոստումը պահված էր։
Տեքստը եւ լուսանկարները՝ Սոֆի Աղախանյան
Հոդվածն ի սկզբանե գրվել է անգլերեն եւ հայերեն է թարգմանվել Մարիա Սադոյանի կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: