Վարձակալած ամանորյա եղեւնին եւ երկրորդ կյանքի գաղափարը - Mediamax.am

exclusive
180 դիտում

Վարձակալած ամանորյա եղեւնին եւ երկրորդ կյանքի գաղափարը


Անի Մելքոնյանը
Անի Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Մելքոնյանը
Անի Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Մելքոնյանը
Անի Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Մելքոնյանը
Անի Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Մելքոնյանը
Անի Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի (Էյ Թի Փի) խանութում եղեւնին յուրահատուկ զարդարանք ունի՝ մրգեր, կոներ, ընկույզ, ալոճ ու դարչին։ Այն արտացոլում է կազմակերպության՝ շրջակա միջավայրը պահպանելու առաքելությունը։ Այս եղեւնին պատրաստվում է ժամանակավոր զարդարել որեւէ բնակարան կամ գրասենյակային տարածք։ «Էյ Թի Փի»-ն հնարավորություն է տալիս Ամանորի նախօրեին վարձակալել իրենց տնկարաններում աճեցված եղեւնիները։ Նախաձեռնությունը նոր չէ, բայց այս տարի որոշել են իրազեկման ավելի մեծ արշավ անել։

 

«Ամանորին ընդառաջ հաճախ վաճառքում կտեսնեք արհեստական կամ, որ ավելի վատ է, կտրված եղեւնիներ: Նշանակություն չունի, թե աշխարհի որ կետում են դրանք հատվել, միեւնույն է, վնաս է հասցվում բնությանը եւ հետեւաբար մեզ: Փոխարենը, առաջարկում ենք վարձել մեր տնկարաններում աճեցված 90-135 սմ բարձրությամբ արծաթափայլ եղեւնիների լայն տեսականուց»,- ասում է «Արմենիա Թրի Փրոջեքթի» աշխատակից Անի Մելքոնյանը:

Անի Մելքոնյանը Անի Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծառերն առանձնակի խնամքի կարիք չունեն, միայն 1-2 անգամ պետք է ջրել եւ զարդարելիս խուսափել ճյուղերը վնասելուց: Բացի այդ, կախված պահպանման վայրից, յուրաքանչյուր հաճախորդի տրվելու է ծառի խնամքի մասին անհատական խորհրդատվություն:

 

«Մեր նպատակն է նաեւ տարածել վերաօգտագործելու, երկրորդ կյանք տալու գաղափարները եւ այդ կերպ նվազեցնել նոր թափոնների ստեղծումը, ուստի մեր տոնածառի ողջ զարդարանքները բնական են եւ ձեռքով պատրաստված: Վստահ եմ, որ ամանորյա տոնական օրերը ավելի գունեղ ու հետաքրքիր են անցնում, երբ դու ես ստեղծում կամ նոր իմաստ տալիս արդեն եղած իրերին»,- ասել է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծառերի վարձակալության համար հստակ օրերի քանակ չի սահմանվել, «Էյ Թի Փի»-ում ասում են, որ պետք է վերադարձնել տոներից հետո։ Վարձակալության արժեքը 30 հազար դրամ է:

 

«Վարձելով բնական եղեւնի՝ մարդիկ միաժամանակ մի քանի օգտակար գործ են անում` նվազեցնում են կտրվող ծառերի պահանջարկը, խուսափում են պլաստմասե տոնածառից, որը, ի վերջո, վերածվում է թափոնի եւ աջակցում են Հայաստանի բնության պահպանմանը, քանի որ վաճառքի ողջ հասույթը ուղղվում է «Էյ Թի Փի»-ի կանաչ առաքելությանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս առաջարկը գրավիչ է նաեւ կազմակերպությունների համար, քանի որ այդ կերպ եւ սոցիալական կորպորատիվ պատասխանատվություն են դրսեւորում, եւ բարի օրինակ ծառայում աշխատակիցների համար»,- հավելել է Անի Մելքոնյանը։

 

Եղեւնի վարձակալելու համար պարտադիր չէ հասնել «Էյ Թի Փի»-ի տնկարաններ: Կազմակերպությունն իրականացնում է անվճար առաքում Երեւանում: Ցանկացողները կարող են նաեւ տոնածառերը նախապես պատվիրել ու վերցնել «Էյ Թի Փի»-ի նորաբաց խանութ-սրահից, որը գտնվում Արշակունյաց 57/5 հասցեում։ Խանութում կատալոգի միջոցով հնարավոր է ծանոթանալ նաեւ տնկարանների ծառաթփատեսակներին եւ պատվիրել դրանք:

Անի Մելքոնյանը Անի Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Խանութը մեր գրասենյակի տարածքում է, բաց է աշխատանքային օրերին 9:30-ից 17:00-ը։ Բարեգործական է, ամբողջ հասույթն ուղղվում է կազմակերպության ծրագրերին: Մեր տնկարաններում, բացի միլիոնավոր ծառերից ու թփերից, նաեւ աճեցնում ենք սենյակային բույսեր, որոնք ներկայացված են նորաբաց խանութում։ Այստեղ նաեւ կգտնեք մեր շահառուների պատրաստած ձեռագործ իրերից՝ բույսի աքսեսուարներ, ծաղկամաններ, կախիչներ եւ պլաստիկին փոխարինող իրեր, որոնք թափոն չեն դառնա, կհեշտացնեն կյանքն ու կխնայեն ռեսուրսները։ Նշեմ պլաստիկին փոխարինող կտորե տոպրակները, որոնք բազմակի օգտագործման համար են եւ շատ քիչ տեղ են զբաղեցնում, կարելի է այն մշտապես պահել գրպանում: Արդյունքում մեկ տոպրակի պահանջարկ պակաս է լինում: Մարդկանց թվում է՝ մեկ տոպրակը էական տարբերություն չի տա, բայց 1+1+1-ը միջավայրը հասցրել է այն վիճակին, ինչպիսին այսօր կա»,- ասել է Անի Մելքոնյանը։

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին