Արցախցիների իրավունքների պաշտպանությունը եւ ՄԻՊ արտահերթ զեկույցի ազդեցությունը - Mediamax.am

exclusive
7732 դիտում

Արցախցիների իրավունքների պաշտպանությունը եւ ՄԻՊ արտահերթ զեկույցի ազդեցությունը


Լուսանկարը` REUTERS

Անահիտ Մանասյանը
Անահիտ Մանասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մանասյանը
Անահիտ Մանասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մանասյանը
Անահիտ Մանասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մանասյանը
Անահիտ Մանասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մանասյանը
Անահիտ Մանասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մանասյանը
Անահիտ Մանասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Արցախից մարդկանց բռնի տեղահանումից շուրջ երկու շաբաթ անց՝ 2023թ.-ի հոկտեմբերի 10-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակեց արտահերթ նախնական զեկույց՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման վայրերում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

 

Զեկույցում տեղ են գտել ոչ միայն հայրենիքը ստիպված լքած արցախցիների հետ ՄԻՊ-ի զրույցների վերլուծությունը, այլ Պաշտպանի եւ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցանքների եւ դաժանությունների վերաբերյալ:

 

ՄԻՊ երկու գործառույթը

 

Արցախից էթնիկ հայերի բռնի տեղահանման առաջին օրերից Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը եւ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները եղել են Կոռնիձորի, Գորիսի, Վայքի հաշվառման կետերում։

 

Անահիտ Մանասյանն ասում է՝ այդ օրերին հիմնական երկու գործառույթ ունեին. «Առաջին հերթին անհրաժեշտ էր դիտարկել պետական մարմինների գործառույթների իրականացումը մարդու իրավունքների տեսանկյունից, վեր հանել առկա խնդիրները, փորձել դրանք կոմունիկացնել եւ պետական գերատեսչությունների հետ համատեղ լուծումներ գտնել: Այս համատեքստում մեզ համար չափազանց կարեւոր էր հանդես գալ ոչ թե պարզապես քննադատի դերում, այլեւ, անհրաժեշտության դեպքում, ներգրավված լինել խնդիրների հասցեագրման եւ հաղթահարման գործում։

Անահիտ Մանասյանը Անահիտ Մանասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պաշտպանի խոսքով՝ իրենց երկրորդ գործառույթն էր բացահայտել բռնի տեղահանվածների շրջանակներում խոցելի խմբերն ու նրանց ներկայացուցիչներին, արդյունքում՝ հանդես գալ պետության կողմից նրանց իրավունքների պաշտպանության ու խթանման առանձնահատուկ կառուցակարգերի մշակման եւ գործարկման առաջարկություններով:

 

«Ցավալի բան պետք է ասեմ՝ միայն հաշվառման կենտրոններում տեղահանված անձանց հետ անցկացրել ենք 350-ից ավելի հարցազրույց, եւ այդ հարցազրույցների արդյունքում ակնհայտ էր, որ գրեթե բոլորն են դարձել վատ վերաբերմունքի այս կամ այն տեսակի զոհ։ Առաջին հերթին այն պատճառով, որ Լաչինի միջանցքի արգելափակման ողջ ժամանակահատվածում նրանք չեն ունեցել պատշաճ սնունդ, բժշկական օգնության եւ սպասարկման հնարավորություն, առաջին անհրաժեշտության պարագաներ եւ այլն։

Լուսանկարը` REUTERS

Ավելին, հարցազրույցների ընթացքում մեզ է փոխանցվել տեղեկատվություն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով քաղաքացիական ենթակառուցվածքների եւ քաղաքացիական բնակչության թիրախավորման, զոհվելու, վիրավորվելու, բռնության բազմաթիվ դեպքերի մասին։ Խոշտանգումների դեպքերի առնչությամբ հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության արժանահավատությունը ստուգելու նպատակով դիմել եմ իրավասու պետական մարմիններին եւ ստացել, օրինակ՝ խոշտանգումների/անդամախեղումների, բռնության նշաններով՝ ԼՂ-ից Հայաստան տեղափոխված մարմինների առկայության վերաբերյալ տեղեկատվություն: Սա, բնականաբար, արտացոլում է այդ դեպքերի եւ քաղաքացիական բնակչության՝ վատ վերաբերմունքի զոհ դառնալու ընդհանուր պատկերը, իհարկե՝ ոչ ամբողջական»։

Անահիտ Մանասյանը Անահիտ Մանասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այդ օրերին ստեղծված իրավիճակը աշխատանքի տեսանկյունից շատ առանձնահատուկ էր, ծավալուն, քանի որ իրադարձությունները զարգանում էին չափազանց մեծ արագությամբ: Այդ էր պատճառը, որ ՄԻՊ աշխատանքների իրականացման փուլերն էլ բավականին արագ էին ընթանում․ «Եղել է իրավիճակ, երբ անչափահասը, հաշվառման կենտրոն ժամանելով, ուշագնաց է եղել: Ընդամենը մեկ օրինակ եմ բերում նմանատիպ բազմաթիվ դեպքերից, ինչը վկայում է այն մասին, թե միջանցքի արգելափակման ողջ ժամանակահատվածում պատշաճ սննդի եւ բուժօգնության բացակայությունը, մարդկանց հիմնական իրավունքների խախտումները, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ու բռնի տեղահանումը ինչպիսի իրավիճակի են հանգեցրել: Այդ ընթացքում անհրաժեշտ էր ե՛ւ մարդկանց շատ արագ աջակցել, ե՛ւ հնարավորինս շատ տեղեկատվություն ձեռք բերել, ե՛ւ արագ ամփոփել։ Այս փուլում անասելի շատ էին նաեւ ահազանգերը տարբեր հարցերով՝ անհայտ կորած անձանց, ընտանիքների վերամիավորման հետ կապված խնդիրներ, սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հետ կապված հարցեր եւ այլն։ Ընդ որում՝ եթե նույնիսկ առանձին հարցեր Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին վերաբերելի չէին, փորձել ենք հարցը ոչ միայն վերահասցեագրել այլ պետական մարմիններին, այլեւ հետեւողական լինել, որպեսզի խնդիրը լուծում ստանա»։

 

Միջազգային գործընկերների հետ աշխատանքը

 

Անահիտ Մանասյանն ասում է՝ հաշվառման կենտրոններում իրականացվող աշխատանքին զուգահեռ կարեւոր էր նաեւ միջազգային գործընկերների հետ աշխատանքը։

Անահիտ Մանասյանը Անահիտ Մանասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այդ օրերին միջազգային գործընկերների հետ մի քանի համատեղ այցեր եմ ունեցել Սյունիքում տեղակայված հաշվառման կենտրոններ, Երեւանում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել միջազգային գործընկերների հետ։ Փորձել ենք փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը շատ արագ ամփոփել, պետական մարմինններին ներկայացնել իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը վերաբերելի առաջարկություններ եւ միջազգային գործընկերներին փոխանցել նաեւ այն տեղեկատվությունը, որը վկայում է ադրբեջանական գործողությունների հետեւանքով ԼՂ-ում քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության թիրախավորումների, վատ վերաբերմունքի զոհ դառնալու, խոշտանգումների/անդամախեղումների, բռնությունների եւ համանման այլ դեպքերի մասին: Տեղեկատվությունն ամփոփելուց հետո անմիջապես հանդիպում ենք կազմակերպել օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել եմ ձեռք բերված ամբողջ տեղեկությունը՝ հստակ փաստերով եւ ապացույցներով»,- նշում է նա։

 

Նախնական արտահերթ զեկույցը

 

Փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված ողջ տեղեկատվությունը՝ դրանք հավաստող փաստերով եւ ապացույցներով տեղ է գտել ՄԻՊ հրապարակած նախնական արտահերթ զեկույցում։

Անահիտ Մանասյանը Անահիտ Մանասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ողջ տեղեկատվությունը ամփոփել ենք եւ ներկայացրել նախնական արտահերթ զեկույցում, որն ուներ պետական մարմիններին ուղղված հստակ առաջարկներ։ Զեկույցում նկարագրել ենք հարցազրույցների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, որոնք վկայում են իրավունքների տեսանկյունից խնդրահարույց իրավիճակների մասին եւ կարող են որպես խախտում դիտարկվել: Զեկույցը ունի նաեւ կոնֆիդենցիալ (խորհրդապահական) հատված, որտեղ ներկայացված են այն մարմինների լուսանկարները, որոնց վրա կան խոշտանգումների/անդամախեղման, բռնության նշաններ: Այս զեկույցը շատ արագ փոխանցել ենք նաեւ միջազգային գործընկերներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին եւ այլ պետական մարմիններին: Զեկույցը փոխանցվել է նաեւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ: Նշված զեկույցի՝ քաղաքացիական ենթակառուցվածքների եւ քաղաքացիական բնակչության թիրախավորման, խոշտանգումների/անդամախեղումների, բռնության դեպքերը ներկայացնող հատվածին հղում է կատարել նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ հիմնախնդրին առնչվող իր դիտարկումներում: Նշված փաստաթղթում ԵԽ հանձնակատարը հղում է կատարել նաեւ իմ այն զեկույցներին, որոնք վերաբերում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին»,- մանրամասնում է Անահիտ Մանասյանը։

 

Զեկույցի ազդեցությունը

 

Պաշտպանը նշում է, որ արտահերթ զեկույցում ներկայացված են միջազգային իրավունքի նորմերի խախտման (խոշտանգումներ/անդամախեղումներ եւ համանման այլ դեպքեր) վերաբերյալ փաստագրված տեղեկություններ եւ ապացույցներ․ «Երբ չեն ներկայացվում խախտումները փաստող ապացույցներ, բնական է, որ ո՛չ որեւէ երկրի պետական մարմին, ո՛չ էլ որեւէ միջազգային կազմակերպություն չի կարող արժանահավատ եզրահանգումներ անել խնդրի առնչությամբ:

Լուսանկարը` REUTERS

Ինձ համար, որպես ՄԻՊ, առաջնահերթ էր բացահայտել խոցելի խմբերին եւ նրանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից համարժեք առաջարկություններ ներկայացնել պետական մարմիններին։ Այդ ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը վկայեց նաեւ այն մասին, որ բռնի տեղահանման, ինչպես նաեւ դրան նախորդած ամբողջ իրավիճակը խնդրահարույց է եղել մարդու իրավունքների տեսանկյունից: Այս տեղեկատվոււթյան եւ ապացույցների ներկայացումը միջազգային գործընկերներին չափազանց կարեւոր էր: Կարծում եմ, որ նշված տեղեկատվությունը ներկայացնելուց հետո, այն մտայնությունը, որ նմանատիպ դեպքեր ընդհանրապես չեն եղել, փոխվեց»։

Անահիտ Մանասյանը Անահիտ Մանասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մանասյանը հայտնում է, որ առաջիկայում նախատեսում են ունենալ խնդրին առնչվող լրացուցիչ դիրքորոշումներ թե՛ զեկույցի տեսքով, թե՛ տարեկան հաղորդման շրջանակում՝ այն լրացուցիչ տեղեկատվության հիման վրա, որը ձեռք են բերում հընթացս:

 

Ներկայիս աշխատանքներն ու խնդիրները

 

«Ներկայում էլ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մեր ամենօրյա գործունեության զգալի մասն է կազմում: Այդ գործունեությունն իրականացնում ենք մի քանի ձեւաչափով: Ես եւ իմ հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար այցելում ենք բռնի տեղահանված անձանց, նրանց ժամանակավոր կացարաններ, փորձում ենք տեղում հասկանալ, թե ինչ խնդիրներ են ընդհանրապես առկա նրանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- նշում է Անահիտ Մանասյանը։

 

ՄԻՊ-ն այս պահին էլ ստանում է տարբեր դիմումներ բռնի տեղահանված անձանցից։

 

«Դիմումների հիմնական մասը վերաբերում է սոցիալական աջակցության խնդիրներին, այդ ծրագրերի հասանելիությանը, մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ այլ հարցերի: Եթե բարձրաձայնվող հարցերը օրենսդրական կարգավորումների հետ են կապված, փորձում ենք կոմունիկացնել պետական մարմինների հետ՝ ներկայացնելով նաեւ մարդու իրավունքներին վերաբերելի չափանիշները»,- ասում է պաշտպանը։

Անահիտ Մանասյանը Անահիտ Մանասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ վերաբերում է հատուկ հաստատություններում մարդկանց տեղավորմանը, նա նշում է․ «Բոլորիս էլ հայտնի է, որ ՀՀ-ում էլ կան ռեսուրսների, շենքային պայմանների հետ կապված հարցեր, որոնք պետք է լրացուցիչ կանոնակարգել: Իմ հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոգեկան առողջության կենտրոններ եւ այլ հաստատություններ այցեր են իրականացրել, որպեսզի կարողանանք տեղում դիտարկել իրավիճակը եւ լուծումներ առաջարկել»:

Լուսանկարը` REUTERS

Անահիտ Մանասյանը հավելում է՝ քաղաքացիության եւ կարգավիճակի ընտրության հարցով եւս իրենց պարբերաբար դիմում են։ Հարցերը հիմնականում վերաբերում են այն իրավական հետեւանքներին, որոնց կարող է հանգեցնել ընտրությունը․ «Այդ առումով պետական մարմիններին հատուկ կոմունիկացրել եմ, որ անհրաժեշտ է պատշաճ հանրային իրազեկման միջոցառումներ իրականացնել, որպեսզի անձինք ունենան համապատասխան տեղեկատվություն բոլոր հնարավոր իրավական հետեւանքների մասին: Հարցի հետ կապված նաեւ նախաձեռնել եմ պետական մարմինների հետ քննարկումներ եւ հույս ունեմ, որ այդ խնդիրներն իրենց արագ լուծումները կստանան»:

 

Արփի Ջիլավյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին