Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր ասել է, որ բացասաբար է վերաբերվում «Նաիրի» կինոթատրոնի փակմանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարն ասել է, որ «երբեք թույլ չէր տա, որպեսզի կինոթատրոնները սեփականաշնորհվեին»:
«Նաիրի» կինոթատրոնի խնդիրը նոր չէ, այս հարցը վաղուց է քննարկվել: Սակայն ես չունեմ լծակներ այդ խնդրի վրա ազդելու համար: Ցավոք, սեփականատերերն այդպես են որոշել», - ասել է նա:
Հասմիկ Պողոսյանը հույս է հայտնել, որ մինչ տնտեսական ճգնաժամը նոր կինոթատրոնների կառուցման մասին արտահայտված մտադրությունները կիրականացվեն:
«Հուսով եմ, որ մենք կունենանք գոնե մեկ սոցիական կինոթատրոն: Եթե մենք կարողանանք հասնել դրան` շատ հարցեր կլուծվեն», - ասել է նախարարը: