Փաստաբանները մեկօրյա գործադուլ են անում՝ պահանջելով լուծել համակարգի խնդիրները - Mediamax.am

3864 դիտում

Փաստաբանները մեկօրյա գործադուլ են անում՝ պահանջելով լուծել համակարգի խնդիրները


Լուսանկարը` http://en.wikipedia.org


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Փաստաբանների պալատի 500-ից ավելի փաստաբաններ այսօր հայտարարել են մեկօրյա գործադուլի օր՝ դատական իշխանության ուշադրությունը համակարգում առկա խնդիրների վրա հրավիրելու նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Փաստաբանների ակումբի նիստին մասնակցող փաստաբանները բարձրաձայնել են իրենց պահանջների մասին եւ ներկայացրել են «արդարադատության վիճակը բացահայտող» վիճակագրություն:

 

«Դատարաններն իրենց գործունեությամբ ավելի են խորացնում արդարության ճգնաժամը եւ անվստահությունը պետության եւ դատարանների նկատմամբ: Դրան են նպաստում նաեւ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վերադարձնելու կամ վարույթ ընդունելու շուրջ ստեղծված իրավիճակը, որոշակիության իսպառ բացակայությունը»,- ասել է Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը՝ ընթերցելով փաստաբանների դիմումը՝ ուղղված ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին:

 

Փաստաբանները, հենվելով վիճակագրության վրա, պնդում են, որ դատարանները հանդես չեն գալիս որպես արդարադատություն իրականացնող մարմին, հակառակ դեպքում 100 տոկոսով չէին բավարարվի Կառավարության որոշումները, դատախազության մեղադրանքները եւ միջնորդությունները:

 

Փաստաբանների ակումբը դիմումին կից կազմել է Առդիր՝ քաղաքացիական եւ վարչական գործերի վերաբերյալ տեղեկանք եւ քրեական գործերի վերաբերյալ տեղեկանք, որտեղ մանրամասն մատնանշել է համակարգում առկա խնդիրները:

 

Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լուսինե Սահակյանն իր խոսքում նշել է, որ այսօր «մեր դատարաններում չի պահպանվում արդար դատաքննության իրավունքը»:

 

«Մեր այսօրվա բողոքը ուղղված է ոչ միայն Վճռաբեկ դատարանի, այլեւ դատախազության, նախաքննական մարմինների, առաջին եւ երկրորդ ատյանի դատարանների դեմ: Այն հանգամանքը, որ դատական ակտերի 97 % -ը մնում են կայուն, վկայում է այն մասին, որ մեր երկրում վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները չեն գործում»,- ասել է Լուսինե Սահակյանը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2011 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի մոտ դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանն ասել էր.

 

«Բազմիցս նշել էինք, որ այս ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է բարձրացնեն մեր հանրության վստահությունը համակարգի նկատմամբ: Եվ ճանապարհն այն էր, որ մենք վեր հանեինք, վերացնեինք այն խնդիրները, որոնք խոչընդոտում են հանրության վստահության բարձրացմանը: Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, եւ մենք չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում: Ընդ որում, նման երեւույթների պատճառներն ավելի խորն են, քան միայն կոնկրետ խախտում թույլ տված պաշտոնատար անձի անբարեխղճությունը կամ անփութությունը: Առկա թերություններն ու խախտումներն ուղղակի վարկաբեկում են քրեական արդարադատության բուն էությունը: Կան երեւույթներ, որոնք խնդիրը դարձնում են համակարգային»,-ընդգծել էր Սերժ Սարգսյանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին