Կյանքը մանկատնից դուրս. հաշմանդամություն ունեցող երեխաները սովորում են ինքնուրույն ապրել - Mediamax.am

exclusive
1944 դիտում

Կյանքը մանկատնից դուրս. հաշմանդամություն ունեցող երեխաները սովորում են ինքնուրույն ապրել


Մարինա Ադուլյանը
Մարինա Ադուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Բարի Մամա» ՀԿ

Լիլիթ Շիրինյանը
Լիլիթ Շիրինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում մանկատանը կամ այլ խնամքի հաստատություններում ապրող երեխաների մոտ 90 %-ն ունի գոնե մեկ ծնող: Երեխաներն այդտեղ են հայտնվել հաշմանդամության, աղքատության կամ այլ այնպիսի պատճառներով, որոնք ընտանիքների համար դժվարացրել են նրանց խնամքը:

 

Հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաները, հաճախ, ծնողների կողմից դիտարկվում են որպես բեռ եւ այդ պատճառով զրկվում ընտանեկան ջերմությունից: Այս խնդրին արձագանքելու համար Իզմիրլյան հիմնադրամը, «Բարի Մամա» հասարակական կազմակերպության ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացրել են «Աջակցություն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան շրջանավարտներին» ծրագիրը:

 

Ծրագրի նպատակն էր մանկատան հաշմանդամություն ունեցող սաներին տալ կյանքի ինքնուրույն հմտություններ, որպեսզի նրանք կարողանան լիարժեքորեն շարունակել իրենց կյանքը մանկատան դռներից դուրս:

 

Ծրագրի ընթացքի եւ արդյունքների մասին Մեդիամաքս զրուցել է «Բարի Մամա» հասարակական կազմակերպության հիմնադրի եւ աշխատակիցների հետ:

 

Ապրել ինքնուրույն

 

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաներին աջակցության ծրագիրը տեւել է շուրջ մեկ տարի՝ մեկնարկելով նախորդ տարվա մայիսից:

 

«Ծրագրի շահառուներ դարձան ոչ միայն մանկատունն արդեն իսկ ավարտած երեխաները, այլ նաեւ նրանք, որոնք դեռեւս բնակվում են մանկատանը, թեեւ իրենց չափահասության տարիքը լրացել է: Իզմիրլյան հիմնադրամի շնորհիվ կառուցեցինք «Բարի Տնակ»-ի երկրորդ հարկի երկու սենյակը եւ խոհանոցը, որպեսզի ծրագրի շահառուները փորձեն որոշակի ժամանակահատված մեր տված հմտություններով ինքնուրույն ապրել»,- մանրամասնում է «Բարի Մամա» ՀԿ-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը:

 

Ծրագրում ընդգրկված մանկատան սաները 16-26 տարեկան են, որոնց շարքում են մանկական ուղեղային կաթվածով, զարգացման հապաղմամբ, դաունի համախտանիշով եւ այլ հաշմանդամություն ունեցող երիտասարդներ:

 

Աշխատանք ծնողների հետ

 

«Ի սկզբանե, երբ այդ երեխաները եկան մեզ մոտ, ընտանիքները նրանց դիտարկում էին որպես բեռ, կարծես դա իրենց խաչն է ու պետք է կրեն մինչեւ կյանքի վերջ: Ծրագրից հետո նրանք բոլորովին այլ աչքերով են նայում երեխաներին, որովհետեւ հասկացան, որ նրանք ունակ են ինքնուրույն լինելու:

 

«Բարի Մամա» ՀԿ-ի հոգեբան Նինա Պետրոսյանի խոսքով՝ ծնողների հետ աշխատանքը բավականին բարդ էր, քանի որ գործ ունեին տարիներով ձեւավորված կարծրացած ու սխալ պատկերացումների հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Առաջին հերթին կարեւոր է, որ ծնողները գիտակցեն ու ընդունեն իրենց երեխայի առողջական խնդիրը:Եթե դա լինում է, հետագա աշխատանքը ավելի հեշտ է դառնում: Երեխաների հետ կապ ենք պահում եւ հենց իրենք են նշում, որ ծնողի հետ հարաբերություններում դրական տեղաշարժ կա: Սա մեզ համար լավագույն գնահատականն է»,- մանրամասնում է նա:

 

Շեշտադրելով ուժեղ կողմերը

 

Հոգեբանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքում ամենաբարդը կոմպլեքսների հաղթահարումն է: Այդ կոմպլեքսները ձեւավորվել են իրենց խնդրի գիտակցումից եւ սիրո ու ուշադրության պակասից:

 

«Խնդիրները սկսում են այն պահից, երբ ծնողները երեխային թողնում են մանկատանը: Եթե անգամ կապ են պահում նրա հետ, դա այն շփումը չէ, որ երեխան կստանար ընտանեկան միջավայրում: Այդ ընտանեկան ջերմության ու հոգատարության բացակայությունից էլ առաջանում են կոմպլեքսներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դրանց հաղթահարմանն համար մենք գտել են իրենց ուժեղ կողմերը եւ դրանք շեշտադրելուց հետո իրենք տեսել են, որ թեկուզ եւ տարբերվում են, սակայն կարող են օգտակար լինել առաջին հերթին իրենք իրենց, իսկ հետո նաեւ մյուսներին: Այդպիսով՝ նրանք ձեռք են բերել շրջապատում ինքնադրսեւորման ինքնավստահություն»,- հավելում է Նինա Պետրոսյանը:

 

Նոր հմտություններ եւ մասնագիտական կողմնորոշում

 

Ծրագրի մեկնարկին կատարվել է կարիքների գնահատում՝ սահմանելով յուրաքանչյուր երեխայի պահանջմունքները:

 

«Երեխաների գիտելիքներն ու հմտությունները շատ տարբեր մակարդակներում էին: Կային, որ տառաճանաչ չէին, նրանց հետ 0-ից ենք սկսել աշխատել, իսկ ովքեր գիտեին գրել եւ կարդալ, արդեն ավելի բարդ նյութեր էին յուրացնում՝ մաթեմատիկա, ֆիզիկա, աշխարհագրություն եւ այլն: Երեխաներին փորձել ենք օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում: Դրա համար նրանք երկու ամիս շարունակ տարբեր հմտություններ են սովորել՝ խոհարարություն, կարպետագործություն, գորգագործություն, կարուձեւ, հելունագործություն, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա գտնել իր համար հոգեհարազատ զբաղմունքն ու հմտանա դրանում: Բացի այդ գիտելիքներից, նրանց տվել ենք անհրաժեշտ կենցաղավարման հմտություններ, օրինակ՝ ինչպես տաքսի պատվիրել, խանութում գնումներ կատարել եւ այլն»,- մանրամասնում է «Բարի Մամա» ՀԿ-ի հատուկ մանկավարժ, սոցիալական աշխատող Լիլիթ Շիրինյանը:

Լուսանկարը` «Բարի Մամա» ՀԿ

Նա հավելում է, որ շահառուները ստացել են նաեւ հոգեբանական եւ սոցիալական աջակցություն, աշխատել լոգոպեդի եւ ֆիզիոթերապեւտի հետ, ստացել կենցաղում իրենց անհրաժեշտ պարագաները:

 

Ծրագրի շահառուներից Սաթենիկը, որն ունի մանկական ուղեղային կաթված, ուրախությամբ պատմում է իր ստացած նոր հմտությունների մասին.

Լիլիթ Շիրինյանը Լիլիթ Շիրինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բարի տնակում ապրելով բարի ու ջերմ մթնոլորտում՝ ես սովորեցի կարուձեւ, հելունագործություն, գորգագործություն, խոհարարություն: Սրանք հետագայում կարող են դառնալ ինձ համար գումար աշխատելու միջոց: Սովորեցի նաեւ ինքնուրույնություն, անկախ ապրելու հմտություններ, որոնք ես ներկայումս կիրառում եմ իմ առօրյայում: Շնորհակալ եմ «Բարի Տնակին» արդյունավետ ծրագրի համար»:

 

Սերն ուժ է տալիս

 

«Շահառուների հետ շփումներից հասկանում էինք, որ իրենք մինչ ծրագիրն իրենց ավելորդ էին զգում տանը: Յուրաքանչյուրն ուշադրության պակաս ուներ: Երբ խմբակային աշխատանք էինք կատարում, զգացվում էր խանդը մեկը մյուսի նկատմամբ: Երբ մեկին մի փոքր ավելի ես բացատրում, մյուսն ինչ-որ բան է հարցնում, որ իրեն էլ այդ պահին ուշադրություն դարձնեն: Սիրո ու քնքշանքի պակասը յուրաքանչյուրի մոտ շատ նկատելի էր: Այդուհանդերձ, յուրաքանչյուր ձեռքբերմամբ նրանք շատ ոգեւորվում էին, դա եւ նրանց ջերմ վերաբերմունքը մեզ եւս ուժ էր տալիս շարունակելու ջանքերը»,- պատմում է Լիլիթ Շիրինյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցավոք, այն երեխաները, որոնք մանկատնից էին, այդպես էլ վերադարձան մանկատուն: Նրանց՝ պետության կողմից կացարանի տրամադրումը դեռեւս ընթացքի մեջ է: Ընտանիքներում ապրող մանկատան շրջանավարտները, վերադառնալով իրենց տուն, արդեն իսկ աշխատում են:

 

«Երեխաների համար կարողացել ենք գտնել աշխատանք իրենց բնակավայրերում: Մի տղա աշխատում է շինարարության ոլորտում, մի աղջիկ հուշանվերների պատրաստման տեղում է, մյուսն էլ տանը բրոշներ է պատրաստում եւ մենք էլ փորձում ենք օգնել վաճառքի հարցում»,- մանրամասնում է Մարինա Ադուլյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ այս պիլոտային ծրագիրը շատ մեծ փորձ էր նաեւ իրենց համար: Մարինա Ադուլյանը հույս է հայտնում, որ այն կլինի շարունակական:

 

«Իզմիրլյան հիմնադրումը ոչ միայն ֆինանսապես է աջակցել ծրագրին, այլեւ մեր կողքին է եղել բոլոր փուլերում, անդադար կապի մեջ ենք եղել եւ ցանկացած խնդիր լուծել համատեղ ջանքերով: Ծրագրի ընթացքում երբեմն ինքներս էինք ապշում, թե ինչքան հասուն են այս երեխաները, ինչպիսի մտածողություն եւ պոտենցիալ ունեն: Մենք էլ իրենցից էինք շատ բաներ սովորում: Վստահ եմ, որ այս փորձը հաշվի առնելով հետագայում կկարողանանք այլ երեխաների կյանքեր եւս փոխել,- ամփոփել է «Բարի Մամա» ՀԿ-ի հիմնադիրը:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին