UWC Դիլիջան քոլեջը նոր տնօրեն կունենա - Mediamax.am

2706 դիտում

UWC Դիլիջան քոլեջը նոր տնօրեն կունենա


Ադամ Արմանսկին
Ադամ Արմանսկին

Լուսանկարը` UWC Դիլիջան


Երեւան: Մեդիամաքս։ 2023 թվականի օգոստոսի 1-ից UWC Դիլիջան քոլեջի տնօրենի պաշտոնը կստանձնի լեհ մասնագետ Ադամ Արմանսկին:

Նա կփոխարինի Գաբրիել Էրնեստո Աբադ Ֆերնանդեսին, ով կավարտի իր հնգամյա պաշտոնավարումը UWC Դիլիջանում:

 

«UWC Դիլիջանի համար Գաբրիելի առաջնորդության տարիները նպաստավոր էին: Դպրոցը ճանաչում է ձեռք բերել որպես բարձր մակարդակի ուսումնական հաստատություն՝ չնայած վերջին տարիների գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերներին: Չնայած մարտահրավերները դեռ առկա են, որպես համախմբված համայնք՝ մենք սովորել ենք խուսանավել դրանցից եւ ապացուցել ենք, որ դիմակայուն ենք»,- նշել է UWC Դիլիջանի համահիմնադիր եւ կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

 

Նրա խոսքով՝ իր գործունեության ութերորդ տարում UWC Դիլիջանը պատրաստ է թեւակոխել զարգացման նոր փուլ:

 

«Ադամի պաշտոնավարման սկիզբը համընկնելու է UWC Դիլիջանի համար նշանակալից տասնամյա գործունեության ամփոփման եւ նոր շրջափուլի մեկնարկին: Վստահ եմ, որ նա ունի անհրաժեշտ փորձ մեզ դեպի երկրորդ տասնամյակ առաջնորդելու համար»,- նշել է Վերոնիկա Զոնաբենդը:

 

Ադամ Արմանսկին Նորվեգիայի Գյովիկրեգիոնեն միջազգային դպրոցի հիմնադիր տնօրենն է, որտեղ պաշտոնավարել է ութ տարի՝ բացումից ի վեր: Մինչ այդ դասավանդել է մի շարք դպրոցներում՝ Չինաստանում, Ղազախստանում, Լեհաստանում, Շվեյցարիայում եւ Թուրքիայում: Ունի միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրի համակարգողի շուրջ քսանամյա փորձ եւ ակտիվ ներգրավված է եղել Միջազգային բակալավրիատի կազմակերպության աշխատանքներում:

 

Տիրապետում է չորս լեզվի՝ լեհերեն, անգլերեն, գերմաներեն եւ ռուսերեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին