60-ամյա Նուբար Աֆեյանի 5 մտքերը՝ Հայաստանի, ապագայի եւ ինքնության մասին - Mediamax.am

exclusive
3234 դիտում

60-ամյա Նուբար Աֆեյանի 5 մտքերը՝ Հայաստանի, ապագայի եւ ինքնության մասին


Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` FAST


Գործարար, գիտնական եւ բարերար Նուբար Աֆեյանը 2022 թվականի հուլիսի 25-ին տոնում է 60-ամյակը: Մեդիամաքսը շնորհավորում է հոբելյարին եւ ներկայացնում է վերջին տարիներին նրա արտահայտած մտքերից մի քանիսը:

 

«Նորովի դիտարկենք ինքնության հարցը»

 

(Օգոստոս 2015)

 

Պետք է հասկանանք, թե որտեղից ենք ոգեշնչում գտնելու մեր նորացված ինքնության համար, որը կկարողանա գոյություն ունենալ ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ թե Հայաստանում: Սա հետաքրքիր մարտահրավեր է: Գիտնականները, փիլիսոփաները, գրողները եւ շատ այլ մարդիկ պետք է արտահայտվեն այս հարցի շուրջ եւ իրենց գաղափարները հանձնեն հանրությանը, որպեսզի վերջիններս յուրացնեն, ընդունեն եւ սկսեն կրկնել, որպեսզի այդ ինքնությունն իսկապես ի հայտ գա:

 

Այդ ինքնությունը կամ նորացված ինքնությունը, որ դեռ պետք է հայտնվի, չի կարող լինել ինչ-որ մեկի սեփականությունը: Առաջիկա 5, 10, 15, 20 տարիների ընթացքում մենք պետք է նորովի դիտարկենք ինքնության հարցը՝ ինքնություն, որը, մի կողմից, համահունչ է մեր պատմության հետ, եւ մյուս կողմից, մեզ տալիս է ինքնակազմակերպման հնարավորություն, որն ուղղված է որոշակի նպատակների:

 

«Հավաքական առումով շատ քիչ բան ենք արել»

 

(Հունվար 2021)

 

Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո Սփյուռքը շատ լուրջ փոփոխության է ենթարկվել: Սփյուռքում հայկական փոխակերպված իրողության պահպանման ձեռքբերումն է, որ սնուցել է Սփյուռքը մինչ Հայաստանի անկախացումը: Դա, փաստորեն հայտնվեց սպառնալիքի առջեւ, որովհետեւ նոր, պետականություն ունեցող Հայաստան ձեւավորվեց, որը պետք է պաշտպանեինք: Մենք՝ որպես Սփյուռք, հավաքական առումով շատ քիչ բան ենք արել՝ մեր հնարավորությունների հետ համեմատած:

 

Ներկա միջավայրը եւ ճգնաժամը, որի առջեւ կանգնած է Հայաստանը, նաեւ հնարավորություն է: Պետք է փորձենք հասկանալ, թե ինչու է Սփյուռքը ցանկանում մնալ հայ լինելու «ակումբի» անդամ: Պետք է հասկանանք, թե Հայաստանի առջեւ ինչ պատասխանատվություններ ունենք կամ կարող ենք ունենալ: Սփյուռքն առօրյա որոշումներում մասնակցություն չունի, շատերը ասում են՝ պետք է ունենա, եւ միգուցե ճիշտ են, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ պետք է անի Սփյուռքը: Այս պահին Հայաստանում առկա ճգնաժամը ստիպում է ավելի բարդ քննարկում ունենալ մեր դերերի եւ պատասխանատվության վերաբերյալ:

 

«Ամենամեծ մարտահրավերը մեր մտածելակերպն է»

 

(Դեկտեմբեր 2021թ.)

 

Մեր ամենամեծ մարտահրավերը մեր մտածելակերպն է: Երբ մարդիկ տառապում են ներկայում, մարդկային բնույթից ելնելով՝ նրանք չեն մտածում ապագայի մասին: Անգամ երբ ներկայիս խնդիրների լուծումը հաճախ ի հայտ է գալու ապագայից: Եվ քանի դեռ ժամանակ չես հատկացնում, որ ապագան ինչ-որ կերպ միջամտի ներկային, այդպես էլ մնալու ես ներկայի մեջ: Վերջին շուրջ 20 տարիների ընթացքում Հայաստանում զարգացման ծրագրերի մեջ ներգրավվելով՝ ես եկել եմ այն մտքին, որ այս երկու մտածելակերպերը, ցավոք, հակասում են իրար: Բնական է, որ բնակվելով Սփյուռքում, հայերը, նախ, հասանելիություն ունեն շատ տարբեր մտածելակերպերի եւ, երկրորդը, չեն տառապում երկրի այդ օրվա խնդիրներով: Հետեւաբար, նրանք բնական կերպով արդեն հարցերին մոտենում են այդ տեսանկյունից:

 

 

Հարցը հետեւյալն է՝ արդյոք հնարավոր է մտավոր, սոցիալական տարածք նման մտածելակերպի համար, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց գոյությունը, որպեսզի բույսերը կարողանան արմատավորվել պարտեզում, թե՞ հողը նրանց մշտապես կմերժի՝ հասկանալի պատճառներից ելնելով:

 

«Պետք է գտնենք միմյանց վստահելու եւ աջակցելու ձեւը»

 

(Հուլիս 2022թ.)

 

Ես եղել եմ աշխարհի տարբեր ծայրերում, եւ չի եղել մի երկիր, որտեղ կասեին, թե ունեն բավարար ռեսուրս՝ կրթության ոլորտը զարգացնելու համար։ Կա երկու ճանապարհ՝ կա՛մ ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները, կա՛մ ռեսուրսներն աճեցնել։ Դրա համար պետք է զարգացնել տնտեսությունը կամ դրսից օգնություն ստանալ։ Եթե կրթության մեջ հաջողենք, կկարողանանք ավելի շատ ռեսուրս ներգրավել։ Իսկ եղածն արդյունավետ օգտագործելու կարողությունն էլ կախված է կառավարության որոշումներից, համալսարանների համագործակցությունից եւ այլն հանգամանքներից։ Պետք է բոլոր ուղղություններով աշխատենք ու հավատանք, որ կարող ենք հաջողության հասնել։

 

Կարծում եմ, որ Հայաստանի ապագան կախված է կառավարության եւ մասնավորի միջեւ համագործակցությունից։ Եթե այդ համագործակցությունը չլինի, վախենամ, թե մենք կնմանվենք բոլոր այն երկրներին, որոնք փոքր են ու բավականին ռեսուրս չունեն։ Պետք է գտնենք միմյանց վստահելու եւ աջակցելու ձեւը։ Դա իմ երազանքն է։

 

«Մտածեք 4 հիմնական ուղղություններով»

 

(Մայիս 2015)

 

Երբ գործ եք ունենում տեխնոլոգիական ձեռներեցության հետ, մտածեք հիմնական 4 ուղղություններով:

 

Առաջին, արդյո՞ք դա տեխնիկապես հնարավոր է: Սովորաբար դա պետք է լինի մի բան, որ նախկինում երբեք չի արվել եւ հարկավոր է գնահատել, հեշտ է արդյո՞ք դրանով զբաղվելը:

 

Երկրորդ, այն պետք է ցանկալի լինի լայն կամ աճող շուկայի համար:

 

Երրորդ, կարո՞ղ եք իրականում առաջարկել պրոդուկտ կամ ծառայություն, որը կհասցնեք սպառողներին եւ գումար կվաստակեք:

 

Մյուս ուղղությունը պաշտպանված լինելն է: Խոշոր ընկերությունները հեշտությամբ կարող են ապաբրենդավորել փոքր ընկերությանը, իջեցնեն գները եւ շուկայից դուրս մղեն ձեզ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին