Նուբար Աֆեյան. Առաջընթացը նախ եւ առաջ հավատի թռիչքն է - Mediamax.am

1506 դիտում

Նուբար Աֆեյան. Առաջընթացը նախ եւ առաջ հավատի թռիչքն է


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովի» շրջանակում «Ապագայի զրույցներ» շարքում տեսակապի միջոցով քննարկում է ունեցել ամերիկյան Moderna ընկերության համահիմնադիր եւ նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ:

Ներկայացնում ենք հատվածներ Նուբար Աֆեյանի ելույթից:

 

Նորարարության մասին

 

Նորարարության հիմնական գործառույթն է՝ դառնալ որեւէ գործընթացի կամ առարկայի բարելավված տարբերակը, որն օգտակար կլինի այն մարդու համար, ով դա կիրառում է: Դա առաջընթացի շարժիչ ուժն է: Մարդկային վիճակի անբաժան մասն է նորարարությունների գնալը, բարելավվելը: Սակայն նորարարությունն ավելի ու ավելի շատ վերածվել է ապրանքի:

 

Կա նորարարությունների բազային մակարդակ, բայց մենք բեկումնային նորարարությունների իրական կարիք ունենք: Կարիք ունենք երեւույթների, որոնք որոշակի տարածքում իսկապես կփոխեն հնարավորությունների կորը: Եվ դրանք իրենց բնույթով թվում են անկանխատեսելի եւ պատահական։

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Եթե իսկապես փորձում ես մտածել բեկումնային նորարարությունների մասին, դու պետք է նայես ապագային, այլ ոչ թե առաջնորդվես ներկայով:

 

Համավարակի ազդեցությունը

 

Ինչ-որ առումով այն արագացուցիչ է, սակայն նաեւ որոշակիորեն դանդաղեցրել է որոշակի ոլորտների աշխատանքը, նույնիսկ դեղագործական արդյունաբերության: Իհարկե, համավարակի դեմ պայքարի համար պատվաստանյութերի պատրաստման, ախտորոշումների ոլորտում ահռելի արագացում եղավ, քանի որ ժամանակը սկսվեց տարբեր կերպ արժեւորվել՝ պայմանավորված մարդկային կյանքերի կորստով: Համավարակի պարագայում, երբ մեկ օրվա ընթացքում հազարավոր մարդիկ սկսեցին մահանալ, շատերը ասացին, որ պետք է արագացնել եւ զուգահեռաբար փորձարկումներ անել, 6 ամիս չսպասել յուրաքանչյուր քայլից առաջ: Դեղագործական ոլորտում վատն այն է, որ մնացած հիվանդությունների կլինիկական փորձարկումները դադարեցվել կամ դանդաղել են:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Նման համավարակները եւ՛ տալիս են, եւ՛ վերցնում են, եւ այս դեպքում, կարծում եմ, որ այն հավասարապես տվել եւ վերցրել է:

 

Ամենամեծ մարտահրավերը մեր մտածելակերպն է

 

Մեր ամենամեծ մարտահրավերը մեր մտածելակերպն է: Երբ մարդիկ տառապում են ներկայում, մարդկային բնույթից ելնելով՝ նրանք չեն մտածում ապագայի մասին: Անգամ երբ ներկայիս խնդիրների լուծումը հաճախ ի հայտ է գալու ապագայից: Եվ քանի դեռ ժամանակ չես հատկացնում, որ ապագան ինչ-որ կերպ միջամտի ներկային, այդպես էլ մնալու ես ներկայի մեջ: Վերջին շուրջ 20 տարիների ընթացքում Հայաստանում զարգացման ծրագրերի մեջ ներգրավվելով՝ ես եկել եմ այն մտքին, որ այս երկու մտածելակերպերը, ցավոք, հակասում են իրար: Բնական է, որ բնակվելով Սփյուռքում, հայերը, նախ, հասանելիություն ունեն շատ տարբեր մտածելակերպերի եւ, երկրորդը, չեն տառապում երկրի այդ օրվա խնդիրներով: Հետեւաբար, նրանք բնական կերպով արդեն հարցերին մոտենում են այդ տեսանկյունից:

 

Հարցը հետեւյալն է՝ արդյոք հնարավոր է մտավոր, սոցիալական տարածք նման մտածելակերպի համար, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց գոյությունը, որպեսզի բույսերը կարողանան արմատավորվել պարտեզում, թե՞ հողը նրանց մշտապես կմերժի՝ հասկանալի պատճառներից ելնելով:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Մենք՝ որպես հայեր, պետք է հետ գնանք հազարավոր տարիների պատմության մեջ եւ գտնենք ճանապարհ՝ նստելու սեղանի շուրջ ու հասկանալու, թե ինչպես կարող ենք տարբեր տեղերում բնակվող հայերին ստիպել հավատալու վերածնված Հայաստանի ու հայերի գաղափարին, եւ ինչպես միավորել հնարավորությունները, որոնք կարող են ի հայտ գալ ապագայում, հետահայաց մտածելակերպից: Միայն դրանից հետո, կարծում եմ, նորարարությունը կդառնա առաջընթացի գործիք, միայն դրանից հետո կարելի է ակնկալել համագործակցություն: Սա է այն մեծ մարտահրավերը, որի առջեւ բոլորս կանգնած ենք:

 

Առաջընթացը նախ եւ առաջ հավատի թռիչքն է

 

Ես մշտապես մարդկանց ասում եմ, որ մեծ առաջընթացը նախ եւ առաջ հավատի թռիչքն է: Իսկ հավատի թռիչքները նախ եւ առաջ հիմնված են այն համոզմունքի վրա, որ նման թռիչք կատարելով՝ կհայտնվես ավելի լավ վայրում: Այդ հավատը սնվում է մարդու կարողությամբ՝ պատկերացնելու եւ հավատալու նրան, ինչ պատկերացնում ես: Եթե չկարողանաս հավատալ նրան, ինչ պատկերացնում ես, ապա նախ՝ կլինես ընկճված վիճակում եւ, երկրորդը, չես կարող առաջընթաց ունենալ: Ուստի, պատմականորեն հավատի խորը արմատներ ունեցող երկրի համար բնազդներից մեկը պետք է լինի հավատալն ապագային: Մենք պետք է գտնենք դա մեր պատմության, մեր մշակույթի մեջ, որպեսզի կարողանանք կրկին հավատալ ավելի լավ ապագային:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին