Յո-Յո Ման եւ Ուինթոն Մարսալիսը ելույթ կունենան «Ավրորա»-ի 5-ամյակին - Mediamax.am

2702 դիտում

Յո-Յո Ման եւ Ուինթոն Մարսալիսը ելույթ կունենան «Ավրորա»-ի 5-ամյակին


Յո-Յո Ման
Յո-Յո Ման

Լուսանկարը` https://www.thetimes.co.uk/


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այսօր տեղեկացրել է «Երախտագիտությունն՝ ի գործ» ճաշի եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք նվիրված կլինեն նախաձեռնության հնգամյակին:

Միջոցառումների շարքը կմեկնարկի հոկտեմբերի 19-ին Նյու Յորքի հանրային գրադարանից ուղիղ հեռարձակմամբ՝ տեղի ժամանակով 19:00-ին: Հենց Նյու Յորքում 2015 թվականին Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանն սկսեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

 

Միջոցառումը կվարեն ամերիկացի հայտնի լրագրողներ ու մեկնաբաններ Դէվիդ Իգնաթիուսը եւ Ջուդի Վուդրուֆը։

 

Կատարումներով հանդես կգան աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Ման եւ լեգենդար ջազային երաժիշտ ու շեփորահար Ուինթոն Մարսալիսը: Միջոցառման ընթացքում կմեծարվեն «Ավրորա» մրցանակի դափնեկիրները, կհայտարարվեն հատուկ մրցանակներ եւ դրամաշնորհներ:

 

Առաջնորդվելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համաշխարհային հասանելիությամբ՝ Նյու Յորք քաղաքում տեղի ունեցած միջոցառումը հաջորդ օրերին կհեռարձակվի նաեւ իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ գերմաներեն աշխարհի տարբեր հատվածներում: Հայերեն տարբերակը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ հոկտեմբերի 20-ին՝ Երեւանի ժամանակով 18:00-ին:

 

«Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» տոնակատարությունների շրջանակում լրացուցիչ միջոցառումներ են նախատեսվում Լոնդոնում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում, որոնց մասին կհայտարարվի առաջիկա ամիսներին: Միջոցառումների շարքը կեզրափակվի էկումենիկ արարողությամբ, որը տեղի կունենա Նյու Յորք քաղաքի մայր տաճարներից մեկում 2021 թ. մարտի 10-ին: Այն նվիրված կլինի կորոնավիրուսի զոհերի հիշատակին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց կարեւոր ներդրումն ունեն կարիքավորներին օգնելու գործում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին