Հայկական ատոմակայան է բերվել ռեակտորի թրծման կայանքը - Mediamax.am

2145 դիտում

Հայկական ատոմակայան է բերվել ռեակտորի թրծման կայանքը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծման (ջերմամշակման) կայանքը հասցվել է ատոմակայան:

ԱԷԿ-ը նախապատրաստվում է կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ավարտական փուլի աշխատանքներին, որոնք կանցկացվեն 2021 թվականին: Կիրականացվի ռեակտորի թրծումը, ինչը թույլ կտա 80-ից 85 տոկոսով վերադարձնել այն ելակետային վիճակին։

 

Տեխնոլոգիական այդ եզակի գործողությունը կանցկացվի հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի շրջանակում։

 

«Սա կարեւոր գիտատար աշխատանք է կայանի անվտանգությունը բարձրացնելու համար։ Թրծման շնորհիվ կվերականգնվեն ռեակտորի իրանի մետաղի հատկությունները, ինչը թույլ կտա շարունակել դրա անվտանգ շահագործումը», - ասել է կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

 

Թրծումը շահագործման ընթացքում մշտական ռադիացիոն ճառագայթման ազդեցությունից փոփոխվող ռեակտորի իրանի մետաղի ֆիզիկա-մեխանիկական հատկությունների վերականգնելու ամենաարդյունավետ միջոցն է։ Ռեակտորի իրանը էներգաբլոկի «սիրտն» է, եւ հենց դրա ռեսուրսով է պայմանավորված կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը։ 

 

Իրանի թրծումն իրականացվում է ջերմարտազատող հավաքվածքի լրիվ բեռնահանումից՝ պահման ավազանում։ Դա անհրաժեշտ է իրանը հետազոտելու եւ ռեակտորի ներսում թրծման կայանքը մոնտաժելու համար։ Թրծման կայանքի օգնությամբ ռեակտորի իրանը տաքացվում է մինչեւ 475 աստիճան ու պահվում այդ ջերմաստիճանով մի քանի օր, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը։ Մետաղի կառուցվածքը վերականգնում է իր հատկությունները, ինչն ավելացնում է դրա շահագործման ժամկետը։

 

Գործողությունը կիրականացնեն «Ռոսատոմի» մի քանի կազմակերպություններ։

 

Ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծման տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է 1987 թվականին, Նովովորոնեժյան ԱԷԿ-ում։ Այսօր այս գործողությունն իրականացվում է բոլոր այն կայաններում, որտեղ կատարվում է ժամկետների երկարաձգում։ Վերականգնողական թրծումներ են իրականացվել ВВЭР-440 տիպի մի շարք ռեակտորների վրա՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում եւ Ֆինլանդիայում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին