«Ավրորան» Հայաստանի հիվանդանոցներին կտրամադրի 10 ԹԱՕ սարք - Mediamax.am

19907 դիտում

«Ավրորան» Հայաստանի հիվանդանոցներին կտրամադրի 10 ԹԱՕ սարք


Լուսանկարը` Aurora


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորան» նախաձեռնությունը #AraratChallenge շարժման հանգանակությամբ Հայաստանի հիվանդանոցներին կտրամադրի թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) տասը սարք:

Այդ մասին ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզի, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Ռուբեն Վարդանյանը:

 

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների եւ աջակիցների անունից ցանկանում ենք հաստատել, որ կորոնավիրուսային հիվանդության բռնկման ու տարածման ընթացքում ամբողջապես մտադիր ենք շարունակելու մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին:

 

«Ավրորայի» առաքելության առանցքային գաղափարը կյանք եւ հույս պարգեւելն է նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն աշխարհի որեւէ անկյունում: Այդ գաղափարն ավելի քան պատեհ է հատկապես 2020 թ. մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19-ը պանդեմիա համարելուց հետո: Եվ այսօր ավելի, քան երբեւէ մենք հաստատակամ ենք օգնության ձեռք մեկնելու նրանց, ովքեր այլապես կարող էին անտեսված լինել կամ ամբողջովին լքված:

 

Այս պանդեմիան փոխել է համաշխարհային օրակարգը: Մինչ աշխարհն ուժերը կենտրոնացրել է պատվաստանյութ արտադրելու եւ վնասը նվազագույնի հասցնելու վրա, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել եւ COVID-19 վիրուսի պատճառով բախվել լրացուցիչ այլ դժվարությունների: Մեզ համար կարեւոր է տեսադաշտից դուրս չթողնել նրանց խնդիրները: 

 

«Ավրորան» շարունակելու է երկրորդ հնարավորություն ընձեռել նրանց, ովքեր արդեն իսկ բավական փորձությունների միջով են անցել: Միեւնույն ժամանակ, «Ավրորան» իր նպաստը կբերի համաճարակի դեմ պայքարին Հայաստանում՝ #AraratChallenge շարժման հանգանակությամբ  հիվանդանոցներին տրամադրելով թոքերի արհեստական շնչառության տասը սարք:

 

Իբրեւ համաշխարհային շարժում՝ մարդկանց անվտանգությունն ու առողջությունը մեզ համար ծայրաստիճան լուրջ հարց է:  Այս դժվարին ու անորոշ ժամանակներում մեկ բան պարզ է. յուրաքանչյուր օր աշխարհում ավելի ու ավելի շատ մարդ է օգնության կարիք ունենալու, եւ այդ օգնության տրամադրումը մեր պարտականությունն ու պատասխանատվությունն է։

 

Մարտահրավերը նետված է ամբողջ մարդկությանը, եւ մենք բոլորիդ կոչ ենք անում միանալ «Ավրորայի»՝ այն հաղթահարելու ջանքերին», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին