2019թ. փետրվարի 18-ին «Լիդիան Արմենիան» հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ կառավարությունն է պատասխանատվություն կրում Ամուլսարի տարածքում ձնհալի հետեւանքով հնարավոր բնապահպանական խնդիրների համար, քանի որ 2018թ. ամառվանից ի վեր Ամուլսարի շրջափակման արդյունքում ընկերությունը չի կարողացել ավարտել բնապահպանական համակարգերի շինարարությունը եւ կառավարությունը չի վերացրել ապօրինությունը:
Ի պատասխան որոշ ակտիվիստներ հանդես են եկել հեգնական գրառումներով, մասնավորապես, այն մասին, որ ընկերությունը պետք է հանքի վրա «անձրեւանոց» կառուցեր: Դրանք մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանին:
- Ցավում եմ, որ «ակտիվիստները» պատկերացում չունեն, թե ինչ բան է բնապահպանական կառավարումը ու ժամանակակից հանքի կառուցումը:
Կանադայից մինչեւ Նորվեգիա, որտեղ մի քանի անգամ ավելի ձնառատ վայրերում հանքեր են գործում, կառուցվում են ձնհալի ջրերի կառավարման համակարգեր: Դրանք ենթադրում են ջրահեռացման խողովակներ եւ համակարգեր, ջրերի կուտակման ավազաններ: Ամուլսարում կառուցումը սկսել էինք, բայց ավարտին չէինք հասցրել՝ հունիսից ի վեր իրականացվող ապօրինության ու կառավարության անգործության հետեւանքով: Հետեւաբար, այն հնարավոր բնապահպանական հետեւանքները, որոնք կարող են առաջանալ ձնհալի հետեւանքով, կառավարության պատասխանատվությունն է:
«Անձրեւանոցն», իհարկե, հետաքրքիր գաղափար է, եւ մեր ակտիվիստները կարող են այդ «նոու-հաուն» առաջարկել, օրինակ, կանադացի հանքարդյունաբերողներին:
- Ակտիվիստները նաեւ հարցնում են, թե ինչո՞ւ նախորդ տարի չեք կառուցել այդ համակարգերը, երբ ճանապարհները դեռ բաց էին:
- 2017-ին շինարարությունը նոր էր սկսվել, խախտված հողի նման ծավալ չկար: Ջրահեռացման համակարգերը, ինչպես եւ ծրագրվում էր, սկսել էինք կառուցել 2018թ. ի գարնանը, որպեսզի ավարտեինք ձյան սեզոնից առաջ, եւ պատրաստ լինեինք ձնհալին: Բայց, ինչպես գիտեք, հունիսից ակտիվիստները ստեղծել են մի իրավիճակ, որի հետեւանքով մի քանի հարյուր հեկտար խախտված հողերը՝ ահռելի շինհրապարակը, դարձել է լքված, անկառավարելի տարածք, կիսատ մնացած ջրահեռացման համակարգերով՝ դրանից բխող հնարավոր հետեւանքներով:
Նույնիսկ շինարարությունից պատկերացում չունեցող մարդը կարող է հասկանալ, թե ինչ է նշանակում հունիսից լքված մի քանի հարյուր հեկտար շինարարական հրապարակ՝ ձյան տակ:
- Արդյո՞ք կառավարությանը տեղյակ պահել եք այս վտանգների մասին:
-Այո, կառավարությունը ընկերության կողմից մի քանի անգամ ծանուցվել է, որ ապօրինության հետեւանքով մենք չենք կարողացել իրականացնել այն, ինչը կարող էր լինել Հայաստանի համար աննախադեպ որակի բնապահպանական կառավարում՝ նույնիսկ շինարարության փուլում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: