Անցումային արդարադատության կիրառելիությունը կքննարկվի Երեւանում - Mediamax.am

4408 դիտում

Անցումային արդարադատության կիրառելիությունը կքննարկվի Երեւանում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Կանադայի Զորյան ինստիտուտը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հետ համատեղ հոկտեմբերի 5-ին կանցկացնի անցումային արդարադատությանը նվիրված միջազգային սիմպոզիում:

Սիմպոզիումին ներկա կլինեն եւ բացման խոսքով հանդես կգան հատուկ հյուրերը` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

 

Անցումային արդարադատության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետներ հրավիրվել են Երեւան, որպեսզի քննարկեն, թե որքանով է այն կիրառելի Հայաստանի համար եւ ինչ արդյունքների կարող է հանգեցնել:

 

2018 թ.-ի օգոստոսի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցումային արդարադատություն հաստատելու անհրաժեշտության մասին՝ ասելով, որ հաշվի առնելով պետության ներկայիս դատական համակարգը, անհրաժեշտ է «մոտ ապագայում լուրջ քննարկումներ ունենալ եւ անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու մասին որոշում ընդունել, քանի որ մենք ունենք դրանց կարիքը ոչ միայն այն պատճառով, որ շատ կոռումպացված գործիչներ շարունակում են իրենց արատավոր գործունեությունը, այլ նաեւ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան շատ թերություններ»:

 

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ԱԱՄԿ) համաձայն՝ անցումային արդարադատությունը «վերաբերում է բոլոր այն ձեւերին, որոնց միջոցով հակամարտության եւ ճնշման արդյունքում ձեւավորված երկրները պայքարում են մարդու իրավունքների լայնածավալ եւ համակարգված խախտումների դեմ, եւ այդ դեպքերն այնքան շատ են ու ծանրակշիռ, որ արդարադատության կանոնավոր համակարգը ի վիճակի չի լինում համարժեք քայլեր ձեռնարկել: Անցումային արդարադատությունը համարվում է արդյունավետ գործիք՝ ճնշումների դեմ պայքարի եւ արդարադատության, հաշտեցման եւ խաղաղության հաստատման համար»:

 

Սիմպոզիումի բանախոսներն են.

 

Դր. Ուիլյամ Ա. Շաբաս՝ քրեական իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների փորձագետ: Լինելով Middlesex եւ Leiden համալսարանների պրոֆեսոր՝ գլխավորել է ՄԱԿ-ի Գազայի հակամարտության հարցով հանձնաժողովը եւ Սիերա Լեոնեյի արդարադատության եւ հաշտեցման հանձնաժողովը:

 

Մարիեկե Ուիերդա՝ ներկայում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության իրավունքի տեսության խորհրդատու է եւ ունի շուրջ քսան տարվա փորձ՝ անցումային արդարադատության ոլորտում, այդ թվում՝ նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանում, Անցումային արդարադատության միջազգային կենտրոնում եւ ՄԱԿ-ի՝ Լիբիայի աջակցման առաքելությունում:

 

Բարնի Աֆակո՝ հակամարտությունների միջնորդության ոլորտում փորձառություն ունեցող փաստաբան է, ով համատեղությամբ աշխատում է որպես տրիբունալ դատավոր Մեծ Բրիտանիայում: 2006-2008թթ. նա եղել է Հարավային Սուդանի միջնորդության առաքելության գլխավոր իրավախորհրդատուն Ջուբայի խաղաղության բանակցությունների ընթացքում Ուգանդայի կառավարության եւ Տիրոջ դիմադրության բանակի (LRA) միջեւ:

 

Նադիա Բերնազ՝ իրավագիտության եւ կառավարման ոլորտի պրոֆեսոր է Վագենինգենի համալսարանում: Նա ուսումնասիրում է բիզնեսը եւ մարդու իրավունքները՝ անդրադառնալով ընկերությունների եւ գործարարների հաշվետվողականությանը, մարդու իրավունքների ազդեցությանը միջազգային, ներքին եւ անդրազգային գործընթացների միջոցով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին