Հովհաննես Թումանյանի 150-ամյակին ընդառաջ՝ գրողի երեւանյան թանգարանը նախաձեռնել է նրա երկերի լիակատար ժողովածուի վերահրատարակությունը:
1990-ականներին ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, նշանավոր գրականագետ Էդվարդ Ջրբաշյանի գլխավորությամբ, կազմակերպել էր Թումանյանի 10-հատորյակի հրատարակությունը: Չնայած ահռելի աշխատանքին՝ ժամանակի թելադրանքով որոշ նյութեր հրատարակվել էին խմբագրումներով, կային բացթողումներ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Վերջին տարիների ընթացքում ի հայտ էին եկել նոր նյութեր: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Հովհ. Թումանյանի թանգարանը, իր միջոցներով ու ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի թումանյանագիտության բաժնի հետ համագործակցությամբ, սկսել է վերահրատարակել ամենայն հայոց բանաստեղծի երկերը:
«Թանգարանում մեր աշխատանքի ընթացքում պարբերաբար փոքրիկ թերություններ էինք գտնում 10-հատորյակում: Գիրքը ժանրային բաժանումներով է, եւ առաջին կազմողներն իրենց աշխատանքի ընթացքում որոշակի ժանրի ստեղծագործություններ գտել են ավելի ուշ, օրինակ՝ բանաստեղծությունները, ու առաջին հատորի փոխարեն ստիպված են եղել հրատարակել չորրորդ հատորում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Շատ հաճախ ընթերցողները չեն էլ հիշում, որ այս բանաստեղծությունը կարող են փնտրել չորրորդ հատորում: Այսինքն՝ գործերը հատորյակների մեջ վերադասավորելու խնդիր կար»,- ասում է թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Թանգարանում վերահրատարակության աշխատանքները սկսել են անցյալ տարվանից: Առաջին հատորում Թումանյանի բանաստեղծություններն են՝ ժամանակագրական կարգով: Առանձին բաժնով սեւագիր եւ անավարտ գործերն են: Որոշ բանաստեղծություններ տպագրվել են առաջին անգամ: Հաջորդ հատորներում եւս կլինեն մինչ այս չհրատարակված նյութեր:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Գուցե մեկ կամ հինգ տարի անց այլ նյութեր հայտնվեն: Այն, ինչ կա այս պահին, առանց խմբագրումների լինելու է 10-հատորյակում, որովհետեւ հատկապես Թումանյանի հրապարակախոսական հոդվածները, Արեւմտյան Հայաստան 1914-1915 թթ. կատարած ճամփորդությունների օրագրային գրառումները, ցավոք սրտի, հասկանալի պատճառներով հրատարակվել են որոշակի խմբագրումներով»,-ասում Անի Եղիազարյանը:
Առաջին հատորը լույս է տեսել 900 օրինակով: Մինչեւ տարեվերջ նախատեսում են հրատարակել եւս երկու հատոր: Երկու կամ երեք հատոր էլ կտպագրվի հաջորդ տարի: «2 տարում վեց հատոր հրատարակելը ֆանտաստիկ է»,- ասում է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Հետո գրքի շնորահանդեսին ներկաների հետ կիսվում է՝ Թումանյանի եղբոր՝ Վահան Թումանյանի ընտանիքը պատրաստվում է աջակցել երկրորդ եւ երրորդ հատորների հրատարակությանը:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: