Օրթոպեդների «Աստվածաշունչն» ու Հայաստանի մուտքը AOTrauma-ի համայնք - Mediamax.am

exclusive
5800 դիտում

Օրթոպեդների «Աստվածաշունչն» ու Հայաստանի մուտքը AOTrauma-ի համայնք


Կարեն Մարտիրոսյանը
Կարեն Մարտիրոսյանը
Կարեն Մարտիրոսյանը
Կարեն Մարտիրոսյանը
Կարեն Մարտիրոսյանը
Կարեն Մարտիրոսյանը

Հայաստանի վնասվածքաբաններն ու օրթոպեդներն առաջին անգամ հնարավորություն են ունեցել Երեւանում մասնակցել AOTrauma (ԱՕՏրավմա) միջազգային կազմակերպության՝ կարողությունների զարգացման դասընթացին եւ իրենց մասնագիտական մակարդակը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

 

Մայիսի 31-ից հունիսի 2-ը անցկացված դասընթացի ժամանակ մասնակիցները ծանոթացել են վիրահատության համար անհրաժեշտ տեսական եւ գործնական ժամանակակից գիտելիքներին ու մեթոդներին: ԱՆ Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը դասընթացի արդյունքում մասնակիցներին շնորհել է ՇՄԶ 12 տեսական եւ 9 գործնական կրեդիտ:  

 

Անցկացված դասընթացի, Հայաստանում AOTrauma միջազգային կազմակերպության անելիքների, վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ոլորտի խնդիրների շուրջ զրուցել ենք AOTrauma (ԱՕՏրավմա) միջազգային կազմակերպության hայաստանյան մասնաճյուղի ղեկավար, ՍԼԱՎՄԵԴ բժշկական կենտրոնի Oրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մարտիրոսյանի հետ:

 

Վնասվածքաբանների եւ օրթոպեդների միջազգային համայնքը

 

AOTrauma (ԱՕՏրավմա) միջազգային կազմակերպությունը վնասվածքաբանների եւ օրթոպեդների, հենաշարժական ապարատի խնդիրներն ուսումնասիրող մասնագետների եւ վիրահատարանների անձնակազմերի միջազգային համայնք է, որի նպատակն է մասնագիտական գիտելիքների ապահովումը, փորձի եւ հմտությունների փոխանցումը, հիվանդների խնամքի եւ հենաշարժական վնասվածքների ոլորտում՝ արդյունքների բարելավման նպատակով: Այն հստակ ուղենիշներ է տրամադրում եւ կազմակերպում է հետազոտական եւ կրթական ծրագրեր՝ խթանելով նորարարությունը:

 

Համայնքը ձեւավորվել է մոտ 60 տարի առաջ, երբ շվեյցարացի բժիշկների խումբը սկսեց հետաքրքրվել հարցով, թե ինչու է վնասվածքներով մարդուն երկար ժամանակ պահանջվում վերականգնվելու համար: Աշխարհում չկար բուժումների ստանդարտ եղանակ։ Նրանք սկսեցին խորը ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բուժումների ստանդարտացված մեխանիզմ, ընդհանուր մարտավարություն ստեղծվեց: Տարբեր իմպլանտներ ստեղծվեցին, որոնց միջոցով հնարավոր եղավ մարդկանց արագ ոտքի կանգնեցնել:

Կարեն Մարտիրոսյանը Կարեն Մարտիրոսյանը

 

Շվեյցարիայից հետո համակարգը տարածվեց Գերմանիայում, իսկ մոտ 20 տարվա ընթացքում՝ գրեթե ամբողջ աշխարհում, բացի Խորհրդային միության երկրներից: AOTrauma-ի դասընթացներին մասնակցությունը մի շարք եվրոպական երկրներում մասնագիտությամբ աշխատելու համար բժիշկներին ներկայացվող պարտադիր պայմաններից մեկը դարձավ:

 

AOTrauma-ի մուտքը Հայաստան եւ առաջին դասընթացը

 

AOTrauma-ի սեմինարների անցկացմամբ զբաղվող մասնագետներին 2016թ.-ին հրավիրեցի Հայաստան։ Երեւանում անցկացվեց վնասվածների բուժման ժամանակակից սկզբունքների վերաբերյալ մեկօրյա ներածական դասընթաց, որին մասնակցեց 24 հայ բժիշկ։

 

Այդ ժամանակ որոշեցինք ավելի ակտիվացնել համագործակցությունը: Արդյունքում՝ գտնվեցին հովանավորներ, ինչի շնորհիվ հայ մասնագետներին աննախադեպ հնարավորություն ընձեռվեց Եվրոպայում €800-1200 արժողությամբ դասընթացներին մասնակցել ընդամենը €50 վճարով: Սովորաբար դասընթացը ենթադրում է 24 հոգու մասնակցություն։ Հետաքրքրվածությունն այնքան մեծ էր, որ միջազգային օնլայն գրանցման մեկնարկից անմիջապես հետո բոլոր տեղերը զբաղեցվեցին: Մեր ջանքերի արդյունքում կարողացանք հասնել մասնակցության տեղերի՝ 50%-ով ավելացմանը: Արդյունքում՝ դասընթացին մասնակցեց 36 բժիշկ, որից 15-ը՝ արտերկրից:

 

Հաշվի առնելով, որ ոչ բոլոր ցանկացողները կարողացան մասնակցել, աշխատելու ենք կրկնել դասընթացները:

 

Մեզ համար կարեւոր է, որ այս դասընթացն անցած մասնագետները ոչ թե արտասահմանում աշխատեն, այլ մնան Հայաստանում եւ երկրին ծառայեցնեն իրենց մասնագիտական կարողությունները:

 

Դասընթացն աննախադեպ եւ մեր մասնագետների համար շատ մեծ նշանակություն ունեցող իրադարձություն էր։ AOTrauma-ի գիրքը մեր վնասվածքաբանների համար տարիներ շարունակ եղել է բոլորի սեղանին դրված «աստվածաշունչ», այժմ մենք այդ մեծ հոսքին ենք միացել, որի արդյունքում մեր մասնագետները այլ երկրների իրենց կոլեգաների հետ կարող են խոսել հավասարը հավասարի պես:

 

Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի խնդիրները Հայաստանում

 

Հայաստանի առողջապահական ոլորտը շատ խնդիրներ ունի, եւ դա լուրջ մարտահրավերներ է ստեղծում առողջապահության նախարարության նոր ղեկավարության համար: Մենք բավական հետ ենք բարձր տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից, դա էլ իր հերթին պայմանավորված է ֆինանսական միջոցների սղությամբ:

 

Մեր երկրում կան շատ բժիշկներ, որոնք հրաշալի մասնագետ են, պարբերաբար վերապատրաստվել են արտասահմանում, տեսել են ու ծանոթ են առաջատար մեթոդներին եւ պատրաստ են դրանք կիրառել Հայաստանում։

 

Վերջին տարիներին Հայաստանում ամբողջ ուժն ու եռանդն ուղղվում էր դեպի ապահովագրական բժշկություն, սակայն այն չի կարող ապահովել ազգի առողջապահությունը, քանի որ առաջին հերթին եկամուտ բերող միջոց է, իսկ առողջությունը չի կարող դրա վրա հիմնվել։ Չես կարող հիվանդին բուժել ու ստանալ եկամուտ, որովհետեւ բուժում պահանջող մարդիկ շատ հաճախ ֆինանսապես ապահովված չեն։

 

Մեծ խնդիր է բժշկական կենտրոնների հագեցվածությունը: Հիվանդանոցների ղեկավարները, որպես կանոն, նոր տեխնիկայով զինում են դրանք՝ շահույթ ստանալու նպատակով, բայց կան սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են մեր առողջապահական համակարգում, սակայն երկարաժամկետ ներդրումներ են պահանջում եւ շուտափույթ շահույթներ չեն ապահովում: Հայաստանում չկա մեկ կենտրոն, որը հագեցած լինի անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

 

Խնդիրների լուծման ուղիներ՝ AOTrauma-ի աջակցությամբ

 

AOTrauma-ի մուտքը Հայաստան մեզ հնարավորություն է տալու առաջարկել ու ինչ-որ ձեւով թելադրել մեր առողջապահությանը այս կամ այն բուժման եղանակները։

Կարեն Մարտիրոսյանը Կարեն Մարտիրոսյանը

 

Մեր երկրում գոյություն չունի վնասվածք ստացած մարդուն վերականգնելու ծրագիր։ Եթե մարդն ունի բուժվելու սեփական հնարավորություններ, ապա բուժվում է եւ շարունակում բնականոն կյանքը, եթե՝ ոչ, դառնում է հաշմանդամ, ու պետությունը նրան կորցնում է։ Մեր՝ մասնագետներիս եւ AOTrauma կազմակերպության դերն այն է, որ ծանոթացնենք առողջապահությանը խնդիրների հետ, առաջարկենք լուծումներն ու բացատրենք առողջապահության ոլորտում ներդրումների շահերը։

 

Մեր բնակչությունը ծերանում է, եւ այսօրվա տրավմաներով պայմանավորված խնդիրներին բախվելու ենք ապագայում: Մեզ ռազմավարություն է հարկավոր, որը պետք է ներկայացնենք առողջապահության պատասխանատուներին եւ համապատասխան արձագանքներ պահանջենք:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին