«Ավրորա»-ի դափնեկիրը ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունն է - Mediamax.am

6821 դիտում

«Ավրորա»-ի դափնեկիրը ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունն է


Չո Լա Աունը
Չո Լա Աունը

Լուսանկարը` Ավրորա


Այսօր լուսաբացին ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ իրավունքների համար։

Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է արեւածագին Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում: Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածությունների ցանկից։

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը Չո Լա Աունի մասին դրվատանքի իր խոսքում ասել է. «Հիշելով, թե Ցեղասպանության ընթացքում բռնի տեղահանության ճանապարհներին հայերը եւ հատկապես կանայք ու երեխաներն ինչպիսի սարսափների ու վայրագությունների են ենթարկվել, մենք մեծագույն պատասխանատվությամբ այժմ ոտքի ենք կանգնել՝ աջակցելու Չո Լա Աունի մարդապաշտպան գործին։ Սեփական կյանքի համար մեծագույն սպառնալիքի պայմաններում Չո Լա Աունն անում է վիթխարի աշխատանք՝ օրինակ դառնալով այն հեռահար ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անհատը՝ սկիզբ դնելով մեծ շարժման եւ օգնելով մարդկանց վերափոխելու իրենց կյանքը»։

 

Որպես «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունն ստանալու է 100 000 ԱՄՆ դոլարի պարգեւ, ինչպես նաեւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ մրցանակի 1 000 000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելով երեք միջազգային կազմակերպություններին, որոնք Մյանմայում բժշկական օգնություն եւ օժանդակություն են տրամադրում փախստականներին։

 

«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր հռչակվելու վերաբերյալ Չո Լա Աունն ասել է. «Իմ ժողովուրդը ենթարկվում է դաժան սահմանափակումների, եւ արդեն կորցրել է իր խիզախությունն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը, դարձել անգրագետ, ուստիեւ՝ ընչազուրկ։ «Ավրորա» մրցանակի աջակցությունը կարեւոր ճանաչում է բերում մարդու իրավունքների խախտումների ենթարկված բոլոր մուսուլմաններին, եւ ռոհինջա ժողովրդի թշվառ կացությունն օրեցօր ավելի նկատելի է դառնում միջազգային հանրությանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին