Հայ երեխաները Մալթայի փառատոնի հայտնությունն են - Mediamax.am

9584 դիտում

Հայ երեխաները Մալթայի փառատոնի հայտնությունն են



Մալթայի Միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող Հայ մշակույթի օրերն էլ ավելի պայծառ են դարձել մեր տաղանդավոր երեխաների շնորհիվ: Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հրավերով Մալթայում փայլուն կատարումներով հանդես են գալիս «The Culture and Art» հիմնադրամի կրթաթոշակին արժանացած քանոնահարուհի Մերի Մուսինյանը, դուդուկահար Գեւորգ Ստեփանյանը, դաշնակահարուհի Էլեն Հարությունյանը եւ վոկալիստ Վահրամ Հովհաննիսյանը:

 

Պատանի երաժիշտների ամենօրյա համերգները մեծ հաջողությամբ են անցնում եւ անկեղծ հետաքրքրություն են առաջացնում դուդուկի եւ քանոնի նկատմամբ:  

 

Ժամանելու առաջին օրը երեխաները ելույթ ունեցան Մալթայի խորհրդարանում: Համերգին ներկա էր Ներկայացուցիչների պալատի նախագահ Անջլու Ֆարուջան, ով ջերմորեն ողջունեց երեխաներին:

 

Բազմաթիվ մրցույթների դափնեկիր, տասնմեկամյա Մերի Մուսինյանը մեկ անգամ արդեն եղել էր Մալթայում: Այստեղ նա ժամանել էր Կոնստանտին Իշխանովի հրավերքով՝ «Նոր Անուններ» ծրագրի շրջանակներում:

 

Չնայած նրան, որ Մերին արդեն հասցրել է նվագել աշխարհի լավագույն դահլիճներում, Մեդիամաքսի հետ զրույցում նա խոստովանեց, որ ամենից շատ սիրում է հանդես գալ Երեւանի Կամերային երաժշտության տանը: Հիշելով Ռուսաստանի Առաջին ալիքի «Բոլորից լավը» նախագծում իր մասնակցելու մասին, Մերին պատմեց, որ այնտեղ շատ ընկերներ է ձեռք բերել, ում հետ շփվում է մինչ օրս:

 

Խոսելով իր նվագացանկի մասին, Մերին ասաց, որ քանոնի վրա ամեն ինչ հնարավոր է նվագել, նույնիսկ՝ ջազ: Մերիի «թալիսմանն» իր ուսուցչուհու՝ Ծովինար Հովհաննիսյանի «Էքսպրոմտ» ստեղծագործությունն է, որը նա միշտ կատարում է համերգների ժամանակ:

 

«Երազում եմ, որ դուդուկն ու քանոնը հնչեն հոլիվուդյան ֆիլմերում եւ ցանկանում եմ նվագել աշխարհի բոլոր նվագախմբերի հետ: Պարապելուց հետո մեկ-մեկ շատ եմ հոգնում, բայց այս կյանքն ինձ շատ է դուր գալիս», - անկեղծացավ Մերին:

 

Տասնամյա դուդուկահար Գեւորգ Ստեփանյանը նույնպես մեծ բեմում հանդես գալու փորձ ունի: 2017 թվականին նա Ջիվան Գասպարյանի հետ Կրեմլի դահլիճում ներկայացրել է Հայաստանը Երիտասարդ արտիստների «Happiness» միջազգային փառատոնի ընթացքում, որտեղ արժանացել է առաջին կարգի դիպլոմի:

 

«Կրեմլի համերգը շատ լավն էր, մարդիկ ավելի լավ իմացան դուդուկը եւ ինձ շատ հաճելի էր, երբ երկար ծափահարում էին եւ չէին ուզում բեմից բաց թողել», - հիշել է Գեւորգը:

 

Վահրամ Հովհաննիսյանի համար սրանք առաջին հյուրախաղերն են: Նա ասում է, որ իր տոհմում բոլորը երգել են եւ բեմում գտնվելիս  հպարտություն է զգում՝ «ընտանեկան գործը» շարունակելու համար:

 

Խմբի ամենաավագ անդամը 17-ամյա դաշնակահարուհի Էլեն Հարությունյանն է: Նա 2012 թվականից հանդիսանում  է Վլադիմիր Սպիվակովի Միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, նվագում է Չայկովսկու անվան դպրոցի ջազ-նվագախմբում՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:

 

Էլենն ասում է, որ «ճիշտ է, շատ եմ սիրում ջազ նվագել, բայց ապագայում ինձ տեսնում եմ որպես դասական երաժիշտ»:

 

Հագեցած համերգային ծրագրի ընթացքում հնչել են Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ծ. Հովհաննիսյանի, Լ. Մալխասյանի, ինչպես նաեւ՝ Ս. Ռախմանինովի, Գերշվինի, Ա. Շորի ստեղծագործությունները:

 

Համերգին մասնակցում էին նաեւ Մալթայի շնորհալի երեխաները՝ դաշնակահարուհիներ Դաֆնե Դելիկատան (Daphne Delicata) եւ Լիզի Աննե Ֆաուրեն (Lizzie Anne Faure) եւ սոպրանո Ռայսա Մարի Միկալեֆը (Raisa Marie Mikallef):

 

Սուրբ Ավգուստին եկեղեցում կայացած համերգին պատանի երաժիշտներին միացավ նաեւ 13-ամյա Դմիտրի Իշխանովը, ով արդեն հասցրել է դառնալ բազմաթիվ մրցույթների դափնեկիր: 2016 թվականի «Դասական Եվրատեսիլին» նա ներկայացրել է Մալթան եւ դարձել ամենաերիտասարդ մասնակիցը մրցույթի պատմության ընթացքում:

 

Աննա Բուբուշյան (Մալթա)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին