Մալթայում շարունակվում է Միջազգային երաժշտական փառատոնը, որն օր օրի էլ ավելի հագեցած եւ տպավորիչ է դառնում:
Ապրիլի 22-ին Վալետայի Միջերկրածովյան կենտրոնի լեփ լեցուն Republic Hall-ում կայացավ ժամանակակից ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի՝ Ալեքսեյ Շորի «Մեծ Պաշարում» սիմֆոնիկ շարքի համաշխարհային պրեմիերան, որից հետո հնչեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի անմահական երաժշտությունը: Բեմում միավորվել էին Հայաստանի Պետական սիմֆոնիկ եւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Այս հիշարժան համերգին կարելի էր հետեւել նաեւ ուղիղ եթերում՝ աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքի՝ Medici TV-ի հեռարձակմամբ, որն ունի 700 000 հոգուց բաղկացած ակտիվ լսարան։

Համերգից առաջ կայացաց ասուլիսի ժամանակ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Զիգմունդ Միսֆուդը նշեց, որ իրենց համագործակցությունը Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ սկսվել է 2018-ի հունվարին եւ այժմ նոր զարգացումներ է ապրում: Նա ասաց, որ բեմում միաժամանակ երկու նվագախումբ ունենալու փորձ մինչ այդ չէին ունեցել եւ այդ ձեւաչափը շատ հետաքիքիր է լինելու թե երաժիշտների եւ թե հանդիսատեսի համար:
Սերգեյ Սմբատյանն իր հերթին նշեց, որ նվագախմբերից յուրաքանչյուրն ունի իր ուրույն գեղարվեստական ոճը եւ նրանց միավորումը թույլ է տալիս հետեւել իրար լրացնող տեմբրերի համադրությանը, որն արդյունքում հզոր հնչեղություն է ստեղծում:
Համերգից հետո (որն ավարտվեց երկար ոտնկայս ծափահարություններով) Սերգեյ Սմբատյանը Մեդիամաքսի հետ կիսվեց իր տպավորություններով:

«Այս համերգը շատ կարեւոր էր մեր նվագախմբի համար, որն այս տարի հանդես է գալիս որպես Մալթայի Միջազգային երաժշտական փառատոնի ռեզիդենտ: Եվրոպական երաժշտական «անցուդարձի» մեջ Մալթայի փառատոնը վայելում է բարձր հեղինակություն, առաջին հերթին՝ համաշխարհային ճանաչում վայելուղ երաժիշտների ներգրավվածությամբ: Մեծ պատիվ է Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում եւ 2018 թվականի Եվրոպայի մայրաքաղաք հռչակված Վալետայում Խաչատրյան կատարել եւ ներկայացնել համաշխարհային պրեմիերա:

Նման նախագծերը լավագույն տարբերակն են՝ միջազգային մակարդակով մեր արվեստը ցուցադրելու համար: Հանրությանը ներկայացվում է Հայաստանի հարուստ մշակույթը եւ պրոֆեսիոնալ կատարողական դպրոցը: Այս առաքելության մեջ ոչ պակաս կարեւոր տեղ են զբաղեցնում համատեղ կատարումները՝ այլազգի երաժիշտների հետ», - պատմել է Սերգեյ Սմբատյանը։
Աննա Բուբուշյան (Մալթա)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: