Թանգյանը դեռ Երեւան չի գալիս, խորհուրդներ է տվել ցուցարարներին - Mediamax.am

18775 դիտում

Թանգյանը դեռ Երեւան չի գալիս, խորհուրդներ է տվել ցուցարարներին


Լուսանկարը` https://gazettereview.com


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հղել Հայաստանի «խելացի կամքի տեր եւ անուշիկ երիտասարդներին»:

«Շատ կուզեի միանալ ձեզ, քանի որ սիրտս ու միտքս ամբողջովին ձեզ հետ են: Մինչեւ հիմա չեմ կարողացել դա անել՝ կարեւոր պատճառներով, բայց հուսամ, որ մոտ ապագայում կկարողանամ», - ասել է Սերժ Թանգյանը:

 

 

Նա շնորհավորել է երիտասարդներին՝ «Հայաստանի պատմության մեջ քաղաքացիական անհնազանդության ամենահաջողված գործողության համար»:

 

«Այս շարժումն է ամբողջությամբ ձերն է եւ պետք է մնա այդպիսին՝ չենթարկվելով միջամտության քաղաքական գործիչների կողմից: Ես կարող եմ սեր տեսնել ձեր սրտերում եւ աչքերում», - ասել է Թանգյանը:

 

Նա նկատել է, որ երիտասարդները փոխել են բողոքի մշակույթը եւ դա ինքնին հեղափոխություն է: «Այդ իսկ պատճառով դուք արդեն հաղթել եք», - ասել է երգիչը:

 

Նա նաեւ մի քանի խորհուրդ է տվել երիտասարդներին:

 

«Առաջինը՝ հեռու մնացեք «գունավոր հեղափոխությունների» տերմինաբանությունից, քանի որ այն սովորաբար կապվում է Արեւմուտքի եւ Արեւելքի դիմակայության հետ: Մեր պայքարը արդարության համար է, ոչ թե Արեւմուտքի կամ Արեւելքի:

 

Երկրորդը՝ հստակեցրեք ձեր պահանջները: Ես կարծում եմ, որ դուք պետք է պնդեք, որ Սերժ Սարգսյանը հեռանա ոչ միայն վարչապետի, այլեւ իր կուսակցության ղեկավարի պաշտոնից:

 

Երրորդ՝ շարունակեք խաղաղ ընդվզումը եւ մի տրվեք սադրանքներին: Շարունակեք ոստիկաններին վերաբերվել ինչպես ձեր եղբայրներին»:

 

Ապրիլի 18-ին երեկոյան ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց Հանրապետության հրապարակում ընթացող Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ուղիղ հեռարձակման հղումը: Նաեւ գրառում արեց այն մասին, որ «Հայաստանում վերջապես մի անհավատալի բան է տեղի ունենում»:

 

Սերժ Թանգյանը նաեւ դիմեց Սերժ Սարգսյանին. «Թող վիրավորական չհնչի, բայց դուք մեր հայրը չեք, մենք էլ ձեր երեխաները չենք: Դուք ծառայել եք Հայաստանի ժողովրդին եւ այլեւս հարգված եւ կենսունակ առաջնորդ չեք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին