Երեւան: Մեդիամաքս: Ծխելու դեմ պայքարի շարժումն այսուհետեւ կընթանա հանրության շրջանում հավանության արժանացած պատկերանշանով։
Փետրվարի 21-ին այն պաշտոնապես ներկայացրել է Առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
«Դոպինգ» ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Սիմոնյանի խոսքով` խորհրդանշանի ստեղծման գաղափարը ծնվել է 2017թ. մայիսի վերջին, երբ առողջապահության նախարարությունը Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ընթացքում շեշտեդրում էր պասիվ ծխողներին ծխից զերծ պահելու անհրաժեշտությունը։
«Ստեղծարար այս խումբն իսկապես նորարարական մոտեցում է ցուցաբերել եւ ներքին համոզվածությամբ ու հոգի դնելով է այս գործն արել»,-ասել է Ալեքսանդր Բազարչյանը։
Խորհրդանշանի ստեղծման գաղափարախոսությունը ներկայացվել է «Դոպինգ» կազմակերպության նկարահանած տեսահոլովակով։
Հայաստանում ծխում է բնակչության 27,9 տոկոսը, մնացած 72,1 տոկոսը հասարակական վայրերում եւ տներում դառնում են պասիվ ծխողներ։ Հաշվի առնելով ճանապարհային երթեւեկության նշանների նկատմամբ զգուշավորության բարձր մակարդակը` մուտքն արգելող նշանի վրա արտահայտվել է ծխողների եւ պասիվ ծխողների տոկոսային համակցությունը։ Արդյունքում ստեղծվել է հասարակական վայրերում ծխելն արգելող այս նշանը։
Պատկերանշանը 2017թ. նոյեմբերին կայացած Երեւանի արտաքին գովազդի փառատոնում արժանացել է մրցանակի։ Հեղինակները պատրաստվում են պատկերանշանը ներկայացնել նաեւ այլ գովազդային հեղինակավոր փառատոների։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: