Գեւորգ Ոսկանյան, Հայկ Հովհաննիսյան, Արմինե Բարխուդարյան. երեք հայ բժիշկներին «Ավրորա»-ի դափնեկիր Թոմ Քաթինան վստահեց իր առաքելությունը:
Նրանց՝ Սուդան մեկնելու եւ դժվարագույն պայմաններում աշխատելու պատրաստակամության շնորհիվ բժիշկ Թոմը կարողացավ մի քանի օր թողնել Նուբայի լեռները՝ վստահ լինելով, որ իր հիվանդներն ապահով ձեռքերում են:
Բժիշկների «գործուղումը» տեւել է մեկ ամիս, որից մի քանի օր ծախսել են միայն Նուբա հասնելու համար: Կիրակնօրյա պատարագին Թոմ Քաթինան հիվանդանոցի անձնակազմին ներկայացրել է հյուրերին, նրանց տեղավորել իր նախկին կացարանում, որտեղ ապրում էր նախքան ամուսնանալը: Հայ բժիշկների սնունդը սուդանցիների համար «ճոխ» էր՝ լոբի եւ բրինձ, աշխատանքային պայմանները՝ դժվարին, ցավոք՝ նաեւ կորուստներով: Իրենց արածը հերոսություն չեն համարում, ընդհակառակը՝ շնորհակալ են ընձեռված հնարավորություն, ստացած փորձառության ու ապրումների համար:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ամենադժվարը պահը հիվանդին կորցնել է
Հայկ Հովհաննիսյան - Ցանկացած բժշկի համար ամենադժվարը հիվանդ կորցնելն է: Բերկրանքը ես ապրում, երբ հիվանդն առողջանում է: Նույնը Նուբայում էր: Երբ հիվանդին արաբերեն հարցնում ես՝ քեֆդ ինչպե՞ս է, ասում են՝ թամամ, այսինքն՝ լավ եմ, քեզ լավ ես զգում, ոգեշնչվում ես: Ցավոք սրտի, կորուստ ունեցանք: Հրազենային ծանր վիրավորումով մի հիվանդի վիրահատել էինք, բայց քանի որ ինտենսիվ թերապիայի որեւէ հնարավորություն չկա, արեցինք՝ ինչ կարող էինք, բայց երրորդ օրը երիկամային անբավարարվածությունից մահացավ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գեւորգ Ոսկանյան- Պատրաստակամություն հայտնեցինք լինելու մի տեղում, որտեղ կան որոշակի նեղություններ, վտանգներ:
Աֆրիկան մեզ համար ամեն ինչով անսովոր էր, այդքան բարձր մրջնաբներ միայն ֆիլմերում ենք տեսել, մի քանի օր ուսումնասիրում էինք ինչպես էին մրջյունները մտնում-դուրս գալիս, երեխաները ծիծաղում էին մեզ վրա, ասում էին՝ այս կավաջիները, որ սպիտակ մարդ է նշանակում, ովքե՞ր են:
Ամենադժվարը տեսնելն է անապահով, սոված, մեզ համար գոնե անհասկանալի ապագայով (Աստված տա, աշխարհի հզորների համար հասկանալի ու պայծառ լինի), շատ լավ, ազնիվ, աղոթող, բարի ժողովուրդ: Թոմ Քաթինայի կյանքով պետք է մի նոր լույս սփռել, ինչպես հոգեւոր գրքում է ասվում՝ ճրագը չեն վառում եւ թախտի տակ դնում կամ պահում, պետք է այդ լույսը վառել ու տարածել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ես համոզված եմ, որ այդ լույսը շատ սրտեր կմտնի, եւ մարդկանց կյանքում ինչ-որ բան կփոխվի: Շատերս կհասկանանք, որ բարի գործեր անելու համար Նուբա հասնել պետք չէ: Մեր տանը, մեր բակում, մեր քաղաքում, մեր գյուղում շատ տեղեր կան ծառայելու: Ես դեռեւս Արցախում եմ առաջին անգամ զգացել, որ ինչ-որ մեկին պետք եմ, երբ պատերազմի ժամանակ վիրավոր ընկերոջս եմ օգնել: Կարծում եմ, որ մեզնից ոչ ոք ի վիճակի չէ ինքն իրենից որեւէ բան անել, պարզապես եթե լինենք այն միջոցը, որով Աստծուն կծառայենք, Աստծո լույսը կսփռվի, դա մեզ համար բարձրագույն կոչում կլինի:
«Երբ ստացա հրավերը, առանց մտածելու ասացի՝ այո»
Արմինե Բարխուդարյան – Ես միշտ մտածում էի Աֆրիկա գնալու մասին: Անցյալ տարի, երբ տեսա Թոմ Քաթինային, շատ տպավորվեցի, բայց ինձ համար այնքան անհասանելի ու անհնար էր թվում, որ ես էլ կարող եմ ապրել այն պայմաններում, անել այն գործը, ինչ՝ ինքն է անում: Բժիշկ լինելով՝ ինձ համար շատ դժվար էր պատկերացնել Թոմ Քաթինայի վիճակը, թե ինչպես է ապրում, ինչ հիվանդների է բուժում, իսկ ես Երեւանում ապրում եմ շատ լավ պայմաններում: Դա ինձ համար մի քիչ անընդունելի էր: Սկսեցի ակտիվ հետաքրքրվել, թե ինչպես կարող եմ գնալ Աֆրիկա՝ որպես կամավոր: Ծանոթներից մեկը, որն ապրում է Քենիայում, խորհուրդ տվեց դիմել այնտեղի հիվանդանոց: Նամակ գրեցի, դրական պատասխան ստացա ու մեկնեցի: Հետո, երբ «Ավրորա»-ից հրավերը ստացա, չեք պատկերացնում իմ ուրախությունը: Ես մեկ տարի առաջ մտածում էի այդ մասին, բայց անիրականանալի երազանք էր: Միանգամից, առանց մտածելու ասել եմ՝ այո: Բուժքույրերը մինչեւ հիմա ինձ նամակներ են գրում, նույնիսկ նեղացել են, որ գնացել եմ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ես մանկաբարձ եւ ու մոտ 20 ծնունդ եմ ընդունել: Այնտեղ բազմակնությունը տարածված է, եւ մի կինը կյանքի ընթացքում 10-20 երեխա է ունենում: Եթե հետագայում նույնիսկ Սուդան չգնամ, Քենիա հաստատ կրկին գնալու եմ:
Բարեկամություն փոքրիկ սուդանցիների հետ
Գեւորգ Ոսկանյան- Մեր բնակարանից հոսպիտալ կարճ ճանապարհին երեք երեխա կային, որոնք շորեր փռած գետնին, ապրում էին փողոցում: Հայկը սովորեցրել էր, որ պիտի գան, ձեռքով բարեւեն: Շփոթել էին ինձ Հայկի հետ: Գնում եմ, վազելով գալիս են հետեւիցս: Ես էլ չգիտեմ՝թե ինչ են ուզում:
Հայկ Հովհաննիսյան - Սովորեցնելը ժամանակ էր պահանջում, որովհետեւ երբ սկզբում տեսնում էին, վազում էին իրենց ծնողների մոտ, լացում էին, չէին մոտենում: Հետո կամաց-կամաց, երբ ձեռք ես մեկնում, կոնտակտը ստացվում է: Հետո արդեն՝ կավաջի՝ սպիտակ մարդ գոռալով գալիս են, իրար հետեւից խփում են ձեռքիդ ու նույնը հետ գնալուց: Պարտաճանաչ, ամեն անգամ:
Սուդանում կարիքները շատ են
Գեւորգ Ոսկանյան – Նուբայում առաջին ամենաանհրաժեշտ սարքը արհեստական շնչառության ապարատն է, որի բացակայության պատճառով ես հիվանդ եմ կորցրել: Վազում էի այս կողմ-այն կողմ, բոլոր աշխատողներին դիմում էի, բայց հետո հասկացա, որ ստիպված եմ պարզապես մի քանի շատ ցածր մակարդակի բժշկական քայլեր անել, որոնք տեխնիկապես հնարավոր են անել, եւ աղոթել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հայկ Հովհաննիսյան- Լինել միակ բժիշկը՝ շատ դժվար է, բայց Թոմ Քաթինան ստեղծել է համակարգ՝ բժիշկներից ցածր, բուժքույրերից բարձր մասնագետներ կան, որոնց միջոցով կարողանում է համակարգել աշխատանքը: Բավականին խելացի աշխատակազմ ունի:
Աստծո հետ ամեն մի հանդիպում նրանց կյանքում ամենամեծ տոնն է
Գեւորգ Ոսկանյան - Այնտեղ մարդիկ, որոնք ընդամենը 6-7 տարի առաջ ընդհանարապես մերկ են ման եկել, պատարագի են գնում մաքուր, արդուկված տաբատներով ու վերնաշապիկներով, կոշիկներով, որն իրենց ունեցած միակն էր: Մենք հասկացանք, որ ամեն մի պատարագ իրենց համար տոն է: Այնտեղ դու իսկապես զգում ես, որ մարդիկ հավատում են, որ Աստված կա: Ու Աստծո հետ ամեն մի հանդիպում նրանց կյանքում ամենամեծ տոնն է: Երանի մեր կյանքում էլ այդպես լիներ: Իրենք ամենաքիչ վստահությունն ունեն մարդկանց վրա, իրենց ամենամեծ օգնականն Աստված է: Ես դա զգացի, երբ օդանավ էինք նստում: Օդաչուն ոտքը դրեց օդանավ թե չէ ոչ միայն աղոթեց, այլ ասաց՝ եկեք աղոթենք: Իր համար շատ տարօրինակ էր, որ մենք զարմացանք, որովհետեւ իրենք իրենց կյանքի ամենակարեւոր պահերին հաստատ աղոթում են: Համոզված եմ, որ մեր բոլոր վախերը կպակասեն եւ ապագայի մեր տեսլականը ավելի պայծառ կլինի, երբ իրականում հույսն Աստծո վրա դնենք եւ ոչ՝ մեզ վրա:
Լուսինե Ղարիբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: