Ընտանեկան բռնության մասին նախագիծը հաստատվել է - Mediamax.am

8773 դիտում

Ընտանեկան բռնության մասին նախագիծը հաստատվել է


Լուսանկարը` http://time.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքի նախագծին:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նախագծով նախատեսվում է բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմնական միջոց՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն եւ պաշտպանական որոշում:

 

Ընդ որում, անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշման դեպքում նախատեսում են բռնություն գործադրած անձի նկատմամբ մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ պահպանել որոշակի հեռավորություն տուժողից, չմտնել կոնտակտի մեջ, չկրել, չպահել զենք, անցնել բուժման կուրս ալկոհոլամոլությունից եւ այլն, իսկ դրանց չհետեւելու դեպքում նախատեսվում է վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցների կիրառում՝ կախված խախտման ծանրությունից:

 

Նախարարը շեշտել է, որ անհետաձգելի միջամտություն կիրառելու համար տուժողի կամքը պարտադիր չէ, քանի որ շատ հաճախ բողոքելու դեպքում նրանք կարող են կրկնակի բռնության ենթարկվել: Սա սահմանափակում է տուժողների քայլերը, այդ պատճառով ոստիկանության համապատասխան մասնագիտացած ծառայողն անհետաձգելի միջամտության մասին որոշումը կայացնում է ինքնուրույն: Մինչդեռ պաշտպանական որոշումները կայացվում են բացառապես տուժողի կամարտահայտման դեպքում:

 

«Գոյություն ունի թյուր կարծիք եւ հակընդդեմ շարժում, որով փորձ է կատարվում օրենքում գոյություն չունեցող կարգավորումները ներկայացնել որպես օրենքի կարեւորագույն թերություն: Պաշտոնապես հայտարարում եմ, որ օրենսդրական փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ այդ իրավունքների սահմանափակման նոր հիմք, եւ որեւէ կերպ չի կարող խարխլել ավանդական ընտանեկան արժեքները»,- հայտարարել է Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ  անչափահասին ծնողի կամքին հակառակ ապաստարաններում տեղավորելը բացառված է եւ այս հարցը կոշտ ամրագրված է օրենքով:

 

Օրենքի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է երկու ինստիտուտի առկայություն՝ սոցիալական աջակցության կենտրոններ, որոնք արդեն գոյություն ունեն, սակայն որոշակի փոփոխությունների պետք է ենթարկվեն եւ նոր լիազորություններ ստանան, եւ ապաստարաններ, որտեղ բռնության ենթարկված անձը մինչեւ 12 ամիս ժամկետով կարող է տեղավորվել եւ օգտվել վերականգնողական աջակցությունից:

 

Բռնության ենթարկվածներն անվճար իրավաբանական խորհրդատվության հնարավորություն կստանան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին