«Ոսկե ծիրանի» հատուկ մրցանակը հետմահու կշնորհվի Անջեյ Վայդային - Mediamax.am

8181 դիտում

«Ոսկե ծիրանի» հատուկ մրցանակը հետմահու կշնորհվի Անջեյ Վայդային


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը շարունակում է համագործակցել Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների հետ:

Երկրորդ «Ոսկե ծիրան»-ից սկսած փառատոնի կողքին մշտապես կանգնած են աշխարհի խոշոր կինոարտադրողները՝ Գերմանիան, Ֆրանսիան եւ Լեհաստանը: 14-րդ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում եւս տարբեր ծրագրերից բացի առանձին օրեր կհատկացվեն այս երկրների կինոյի ցուցադրությանը:

 

2014 թվականից Գերմանիան երեւանյան կինոփառատոնին ներկայացրել է ավելի քան 120 ֆիլմ: Նշանավոր ռեժիսորների ժապավեններն այս տարի եւս ընդգրկված են տարբեր ծրագրերում:

 

«Կարողացել ենք բերել Ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմը, որի գլխավոր դերակատար Դայան Կրուգերը Կաննի 70-րդ կինոփառատոնին արժանացել է  «Լավագույն դերասանուհի»  մրցանակին: Փառատոնին ներկայացնում ենք նաեւ Վալեսկա Գրիզեբախի «Վեսթերն» եւ Ֆրեդ Քելեմանի «Սարայեվոյի սգերգեր» ֆիլմերը»,- ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

 

«Ֆրանսիական կինոյի օր»-ը կբացվի ֆրանսիացի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի՝ Ժան-Պիեռ Մելվիլի «Կարմիր շրջան» ֆիլմով: Նրա ծննդյան 100-ամյակը փառատոնի շրջանակում կնշանավորվի հետահայաց ֆիլմերի ցուցադրությամբ:

 

«Ֆրանսիան այս տարի ներկայանում է 5 երկարամետրաժ վավերագրական ֆիլմերով, որոնցից 3-ը՝ մրցութային ծրագրում: Արտամրցութային ծրագրում ցուցադրվելու է Կաննի փառատոնին ներկայացված 2 ֆիլմ»,- նշել է Հայաստանում Ֆրանսիայի  դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլանը:

 

«Լեհական կինոյի օրը» նվիրվելու է լեհական կինոյի մեծ վարպետ Անջեյ Վայդայի հիշատակին: Ցուցադրվելու է նրա վերջին՝ «Հետպատկերներ» ֆիլմը: Աշխարհահռչակ ռեժիսորի 90-ամյակի առիթով անցյալ տարի «Ոսկե ծիրան»-ը նրան շնորհել էր «Փարաջանովյան Թալեր» մրցանակը, որը ռեժիսորը պետք է ստանար այս տարի՝ փառատոնի ընթացքում:  Մրցանակը հետմահու հանձնվելու է Հայաստանում Լեհաստանի դեսպանին:

 

«Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշել է, որ փառատոնը շարունակում է ակտիվ համագործակցել նաեւ Ռուսաստանի դեսպանության հետ:

 

Այս տարի վերականգնվել է համագործակցությունը նաեւ Բրազիլիայի դեսպանության հետ: Փառատոնին Բրազիլիան ներկայացնելու է երկու ֆիլմ՝ «Հավանայի կատուն» եւ «Արաբիա»-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին