Երեւան: Մեդիամաքս: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր ասել է, որ վերջին տարիներին հայաստանյան ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահումը շարունակում է մնալ լրջագույն խնդիր։
Այս մասին Վարուժան Հոկտանյանն ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ ներկայացնելով 2017թ. խորհրդարանական ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման եւ այլ ընտրախախտումների մոնիտորինգի արդյունքները:
Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ «ընտրակաշառքը հիմնական դեր է խաղացել 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքների ձեւավորման վրա»։
«Մոնիտորինգի արդյունքներով՝ ամենատարածվածը եղել են ընտրակաշառք բաժանելու դեպքերը՝ 90, որից 37-ը արձանագրվել է լրատվամիջոցների, իսկ 53-ը՝ տեղական դիտորդների կողմից»,- ասել է Վարուժան Հոկտանյանը: Հա հավելել է, որ ընտրակաշառք հիմնականում բաժանվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ «Ծառուկյան» դաշինքի կողմից։
Նրա խոսքով՝ նախընտրական շտաբերում աշխատանքային ժամերին պետական եւ համայնքներին ծառայողների մասնակցության դեպքերը եւս բավական տարածված են եղել։ Արձանագրվել է 59 կոնկրետ դեպք։
«Կրթական, բուժսպասարկման ոլորտի աշխատակիցների վրա եղած ներազդումների եւ ճնշումների 53 դեպք է գրանցվել։ 36 դեպք կա, երբ վերադասը ստիպել է մասնակցել շտաբերի աշխատանքներին կամ քվեարկել այս կամ այն անձի օգտին»,-նշել է Վարուժան Հոկտանյանը:
Մոնիտորինգի իրականցման համար օգտագործվել է երկու հիմնական գործիք՝ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների վերլուծություն եւ ակտիվիստների կողմից տվյալների հավաքագրում։
Ծրագիրն իրականացվել է մարտի 5-ից ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: