Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Պետքարտուղարության՝ աշխարհում մարդկանց թրաֆիքինգի մասին 2017թ. զեկույցի համաձայն՝ «Հայաստանի կառավարությունը լիովին համապատասխանում է թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին»:
«ՀՀ կառավարությունը շարունակել է լուրջ ու կայուն ջանքեր գործադրել հաշվետու ժամանակահատվածում: Այն գործադրել է լուրջ ու հետեւողական ջանքեր՝ հարկադրված աշխատանքի զոհերի հայտնաբերման, ազգային գործողությունների ծրագրի ընդունման եւ թրաֆիքինգի զոհերի համար փոխհատուցման հիմնադրամների ստեղծման ուղղությամբ: Թեեւ կառավարությունը համապատասխանում է նվազագույն ստանդարտներին, այդուհանդերձ, այն զոհերի հայրենադարձությունը Հայաստան կազմակերպելու նպատակով գործընթացներ չի սահմանել, կրճատել է ՀԿ-ների բացած կացարանների ֆինանսավորումը, ինչպես նաեւ շարունակում է բացակայել զոհերի վկաների պաշտպանության ծրագիրը»,- նշված է զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի կառավարությունն ավելացրել է թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ մշակել եւ ընդունել է 2016-2018 թթ. գործողությունների պլանը:
«Ինչպես զեկուցվել է վերջին 5 տարիներին, Հայաստանը սեռական եւ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված տղամարդկանց, կանանց եւ երեխաների «աղբյուր է», եւ առավել քիչ չափով՝ հանդես է գալիս որպես նրանց ընդունող երկիր: Հայաստանցիները հիմնականում թրաֆիքինգի են ենթարկվում Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) եւ Թուրքիայում, հայաստանցի կանայք ու երեխաները սեռական թրաֆիքինգի են ենթարկվում ԱՄԷ-ում եւ Թուրքիայում: Հայաստանցի կանայք եւ երեխաները, ենթարկվելով սեռական եւ աշխատանքային թրաֆիքինգի, հարկադրված են լինում մուրացկանությամբ զբաղվել: Թրաֆիքինգի նկատմամբ առավել խոցելի են գյուղական շրջաններում բնակվող տղամարդիկ, որոնք կրթական ցածր մակարդակ ունեն, ինչպես նաեւ խնամքի կենտրոններում բնակվող երեխաները: Հակամարտության գոտիներից Հայաստան տեղափոխված անձիք, ինչպես օրինակ սիրիահայերը, եւս շահագործման եւ հարկադիր աշխատանքի վտանգի տակ են»,- ասված է զեկույցում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: