«Չենք լռելու». Չե Գեվարայի, Ռոբին Հուդի եւ Դոն Կիխոտի հավաքական կերպարներ են պակասում մեր երկրին - Mediamax.am

10976 դիտում

«Չենք լռելու». Չե Գեվարայի, Ռոբին Հուդի եւ Դոն Կիխոտի հավաքական կերպարներ են պակասում մեր երկրին

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր խմբի անդամ Աշոտ Պողոսյանը
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր խմբի անդամ Աշոտ Պողոսյանը

Լուսանկարը` Աշոտ Պողոսյանի անձնական արխիվից

Լուսանկարը`


«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր խմբի անդամ Աշոտ Պողոսյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին

- Ինչպե՞ս առաջացավ նման նախաձեռնություն ստեղծելու գաղափարը, եւ ովքե՞ր են նախաձեռնողները: Կարո՞ղ ենք իմանալ ձեր անունները, տարիքը, զբաղմունքը:

 

- Մտահղացումն իմն էր: Որոշեցի ստեղծել այնպիսի մի օղակ, որը երիտասարդությանը մտահոգող հարցերը Facebook-ի եւ լրատվամիջոցների միջոցով կհասցնի հասարակության լայն խավերին: Հավաքեցի ընկերներիս, եւ որոշեցինք սկսել: Հիմնադիր խմբում այժմ չորսով ենք: Բոլորս աշխատում ենք, սակայն չէի ցանկանա հիմնարկների անունները տալ. Նարե, 27տ., Թեհմինե, 23տ., Հովհաննես, 22տ. եւ ես` 22տ.:

 

- «Չենք լռելու»-ն բավական ակտիվ հայտնվեց ասպարեզում, սակայն առայսօր ձեր խումբը կարծես թե պատված է որոշակի խորհրդավորության շղարշով` աշխատում եք հիմնականում էլ-փոստով, մարդիկ չգիտեն ձեր մասին, չեն տեսել ձեր դեմքերը: Դա հատուկ մտածված մարտավարությո՞ւն է:

 

- Ցավոք, հարցադրումը փոքր-ինչ չի համապատասխանում իրականությանը: Մեր դեմքերը հայտնի են բոլորին, ով ցանկություն ունի մեզ հետ ծանոթանալու: Դրա համար բավական է միայն մտնել մեր ֆեյսբուքյան խումբ եւ այցելել դրա ադմինիստրատորների անձնական էջերը: Չնայած ֆինանսների բացակայության պատճառով չունենք գրասենյակ, սակայն ամեն օր հանդիպում եւ ծանոթանում ենք մեր համախոհների հետ, ամեն օր ստանում ենք տասնյակ էլեկտրոնային նամակներ եւ հեռախոսազանգեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրում բնակվող հայերից: Մարդիկ մեզ քաջալերում են եւ շնորհակալություն հայտնում:

 

Մեր գլխավոր գաղափարը պետականամետությունն է: Շատերը շփոթում են այս հասկացությունը իշխանամետության հետ, սակայն դրանք տարբեր են ըստ էության: Հաճախ պետականամետությունը ենթադրում է, որ պետք է քննադատես իշխանությանը` համակարգային փոփոխությունների հասնելու համար: Հենց սա ենք մենք փորձում անել:

 

Իսկ ինչ վերաբերում է մեր դեմքերը ողջ հանրության կողմից ճանաչելի դառնալուն, նշեմ, որ դա մեզ պետք չէ: Ինքնափիառը խորթ է չորսիս խառնվածքին էլ: Մենք գործի մարդիկ ենք եւ ժամանակ չենք ուզում ծախսել ասուլիսների, հարցազրույցների եւ ինքնափիառի այլ տեսակների վրա: Մեր ասելիքն ասում ենք տեսանյութերի, լուսանկարների եւ հաղորդագրությունների միջոցով, եւ դա բավականին արդյունավետ է: Արժե նշել նաեւ, որ հասարակության հետ շփման` մեր կողմից խուսափվող ֆորմատները չափազանց արժեզրկված են Հայաստանում: Կան հասարակական գործիչներ, ովքեր բառիս բուն իմաստով օրը մեջ մամուլի ասուլիս են տալիս: Սա ծիծաղելի է:

 

- Դուք պնդեցիք, որ այս հարցազրույցը տեղի ունենա գրավոր եւ ոչ թե կենդանի: Ո՞րն է պատճառը, որ չեք ցանկանում լրագրողի հետ խոսել երես առ երես:

 

- Այստեղ առանձնապես լուրջ պատճառներ պետք չէ որոնել: «Չենք լռելու»-ի ստեղծումից հետո ես մի հարցազրույց տվեցի կայքերից մեկին, եւ իմ խոսքերը ամբողջությամբ կտրվեցին համատեքստից: Այդ օրվանից ինքս ինձ համար որոշեցի տպագիր լրատվամիջոցներին բոլոր հարցազրույցները տալ բացառապես գրավոր:

Իսկ եթե Ձեզ ինձ հետ հանդիպելն է հետաքրքիր` խնդրեմ, կարող ենք հենց այսօր հանդիպել եւ գարեջուր ըմպել:

 

- «Չենք լռելու»-ն հաճախ հանդես է գալիս բավական համարձակ, իսկ երբեմն նաեւ վիճահարույց հայտարարություններով: Չեք կարծում, որ հասարակության հետ նման կերպով խոսելու իրավունքը, նախեւառաջ, պետք է վաստակել: Այլ կերպ ասած, երբեմն այսպիսի կարծիք կարելի է լսել ձեր մասին. «լավ, իսկ նրանք առհասարակ ի՞նչ են արել այս կյանքում, որ հիմա էլ իրավունք են վերապահում հանդես գալ նման քննադատությամբ»: Ի՞նչ կասեք նման կերպ արտահայտվողներին:

 

- Եթե մեր բարձրացրած հարցերը չլուծված մնային, ինքներս այդպես կհամարեինք: Բայց հանրահայտ են մեր կողմից բարձրացված հարցերի լուծման, կամ, առնվազն, դրական շարժի բազմաթիվ դեպքեր, որոնց մասին այս պահին անհամեստություն եմ համարում նշել հանգամանորեն: Մենք ունենք արդյունք, եւ այդ փաստի հետ անհնար է հաշվի չնստելը: Այդպես որ, մեր կարծիքով, կյանքում «ինչ-որ բան արել ենք»: Ահա թե ինչ կասեմ այդ կերպ արտահայտվողներին:

 

- Կարծում եմ, տարբեր քաղաքական ուժեր վաղ թե ուշ փորձելու են ներքաշել ձեզ իրենց ազդեցության ոլորտը: Ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել այդ փորձերին ու պահպանել անկախությունը:

 

- Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել եւ համագործակցել այլ ուժերի հետ` առողջ գաղափարների եւ առանձին ծրագրերի շրջանակներում: Ներքաշվել ազդեցության ոլորտներ` նման բան երբեք չի լինի:

 

- Որքան էլ չասեք, որ քաղաքական նպատակներ ու ամբիցիաներ չունեք, եթե շարունակեք գործել նույն ակտիվությամբ, կգա մի պահ, երբ այդ գայթակղությունից հրաժարվելը չափազանց դժվար կլինի: Դրա մասին մտածե՞լ եք:

 

- Ոչ, չենք մտածել:

 

- Խմբի նախաձեռնողներից մեկը վերջերս Facebook-ի ձեր էջում գրել էր. «ոչ մեկից չենք վախենում»: Ինչպե՞ս է պատահում, որ շատերը վախենում են, մեծ մասը զգուշանում է, իսկ դուք չեք վախենում: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ դուք ձեր գործունեությունը ընկալում եք որպես որոշակի մի խաղ ու էյֆորիայի զգացում ունեք այն արձագանքից, որը ստանում է ձեր գործունեությունը:

 

- Այդ էր մնում պակաս, որ վախենայինք սեփական երկրում: Ումի՞ց: Եթե մի օր հանդիպենք, ես կբացեմ մեր` chenqlrelu@gmail.com էլեկտրոնային փոստը եւ ցույց կտամ մարդկանց արձագանքը մեր նախաձեռնություններին: Օրինակ, խելագարության հասցված զինվորի մասին վերջին տեսանյութը հրապարակելուց հետո 200-ից ավելի նամակ ենք ստացել: Դրանք այնպիսի ուժ, եռանդ ու խիզախություն են տալիս մեզ, որ ցանկացած այլ զգացում թույլ է եւ ողորմելի:

- Անկեղծ ասեմ, երբեմն ձեր հայտարարությունները կարդալիս տպավորություն ունեմ, որ դրանք գրում են Չե Գեվարայի, Ռոբին Հուդի եւ Դոն Կիխոտի հավաքական կերպար հանդիսացող մարդիկ: Բայց չէ՞ որ իրական կյանքը այլ է:

 

- Շնորհակալ եմ նման դրական կերպարների հետ մեզ համեմատելու համար: Ես միշտ համոզված եմ եղել, որ այդ երեք հերոսների հավաքական կերպարներն են պակասում մեր երկրին:

 

Ինչ վերաբերում է իրական կյանքին, խնդրում եմ գումարեք այդ հավաքական կերպարին YouTube-ի եւ Facebook-ի հնարավորությունները, եւ պատկերը առավել քան իրական է դառնում: Ավելի ընդգրկուն Ձեր հարցին կուզեի պատասխանել տեսանյութի միջոցով`

 

 

- Դուք իսկապե՞ս հավատում եք, որ “Չենք լռելու”-ի նման քաղաքացիական նախաձեռնությունը կարող է մեր երկրում որոշ հարցերի լուծման հանգեցնել: Չէ՞ որ նախկինում գործող համանման նախաձեռնությունները որոշ ժամանակ գործելուց հետո իրենց սպառում էին:

 

- Մենք արդեն բազմաթիվ հարցեր ենք լուծել: Ճիշտ է` դա կաթիլ է ծովում, բայց եթե մենք չլինենք, այդ կաթիլն էլ չէր լինի: Ինչ վերաբերում է այլ նախաձեռնություններին, դրանց «սպառման» պատճառներն ինձ հայտնի չեն: Բայց եթե անգամ մի օր «Չենք լռելու»-ն իրեն սպառի էլ, այն խնդիրները, որոնք արդեն իսկ լուծված են, բավական կլինեն «մեր գործն անիմաստ չէր» ասելու համար:

- Մեծ է արդյո՞ք նախաձեռնությանը միանալ ցանկացողների հոսքը: Ու եթե մարդը միանում է ձեզ, որոնք են ակնկալիքները, նա ի՞նչ պետք է անի:

 

- Առաջին հերթին, կիսի մեր դավանած սկզբունքները եւ աշխատաոճը: Եթե դուք մեզ չեք հասկանում, մի միացեք մեզ եւ մի շեղեք մեր ուշադրությունը (ցավոք, նման պարապ մարդկանց թիվն այսօր բավականին մեծ է): Իսկ եթե մենք համախոհ ենք, միացե՛ք մեզ ֆեյսբուքում. https://www.facebook.com/groups/124525914302506/:

 

Աշոտ Պողոսյանի հետ անուղղակի կերպով զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին